«Վահան Տերյան․․․ Այն բանաստեղծը, որ հայ լեզուն հասցրել է զարմանալի նրբության ու կատարելության՝ տալով նրան արտահայտելու մոգական կարողություն, նա, որի երգերն իրենց անկեղծ, լուսեղեն զգացումներով ու հմայիչ երաժշտականությամբ դյութում են ամեն մի կիրթ մարդու․․․»։
Ստեփան Զորյան
Տերյանը հայ գրականության ամենանուրբ, խոր ու եթերային բանաստեղծն է։ Նա մեր բանաստեղծությունը բարձրացրեց մի նոր մակարդակի։ Ավ․ Իսահակյանին ու Հովհ․ Թումանյանին նկատի ունենալով՝ Տերյանը մի անգամ ասել էր․ «Ձեզանից հետո կամ պետք է նոր խոսք ասել կամ պետք է լռել»։
Նա եկել էր ասելու այդ նոր խոսքը։
Տերյանը փոխեց հայերենի մասին մեր պատկերացումները։ Նա հայերենի զարգացման նոր ուղիներ բացեց, վանկաշեշտական բանաստեղծությունների նոր ձևեր բերեց, որոնք ենթադրվում էր, թե մեր լեզվին բնորոշ չեն։
«Մթնշաղի անուրջներ» ժողովածուով տերյանական դարաշրջան բացվեց։ Մարդիկ սիրում, բացատրվում, ուրախանում ու տխրում էին Տերյանով։ Դա շարունակվում է մինչ օրս։
Տերյանի ստեղծագործությունները օժտված են զարմանալի երաժշտականությամբ։ Դա է նաև պատճառը, որ նրա բանաստեղծություններով շատ երգեր են գրվել։ Հին երգերի կողքին նորերն են ծնվում, Տերյանը երբեք չի հնանում, ինչպես չեն հնանում սերը, լույսը․․․
Տերյանը ոչ միայն հանճարեղ բանաստեղծ էր, այլև խիզախ հանրային գործիչ, որի բոլոր ջանքերն ուղղված էին հայրենիքին օգնելուն։ Տերյանի գործունեության այս կողմը խորհրդային ժամանակներում խնամքով թաքցվել է։
Նա փոխնախարարի բարձր պաշտոն է զբաղեցրել (1917-19 թթ․) բոլշևիկյան կառավարությունում՝ ուղիղ շփում ունենալով Ստալինի, Լենինի, Տրոցկու հետ։ Այս ընթացքում հանուն հայրենիքի նա կատարել է քայլեր, որոնց համար կարող էր կյանքով հատուցել։
Լավագույն ստեղծագործություններից են՝
«Մթնշաղի անուրջներ» շարքից «Տխրություն», «Fatum» (Ճակատագիր), «Էստոնական երգ», «Հրաժեշտի խոսքերից», «Ես չգիտեմ՝ ուր են տանում հեռավոր», «Գարնանամուտ» և այլն։
«Ոսկի հեքիաթ» շարքից «Երկու ուրվական», «Հայտնություն», «Առավոտ», «Կարուսել», «Դու կգաս ու կրկին հեքիաթով կդյութես․․․» և այլն։
«Երկիր Նաիրի» շարքից «Իջնում է գիշերն անգութ ու մթին», «Մշուշի միջից – տեսիլ դյութական․․․», «Չեմ դավաճանի իմ Նվարդին», «Միթե վերջին պոետն եմ ես» և այլն։
Տերյանի գրական թանկ ժառանգության մասն են կազմում նրա հոդվածները՝ «Հոգևոր Հայաստան», «Հայ գրականության գալիք օրը», «Մեր պարտքը» և այլն։
«Երաժշտությունն իմ հոգին է, որ ինչ-որ հրաշքով ես լսում եմ»։
Վահան Տերյան
Վահան Տերյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան