Դու — լուսե, անցար ու չկաս։
Դու — թեթե, անմարմին, անծիր։
Դու ուրի՛շ խնդության երազ։
Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
Կրակներ անմար ու թաքուն։
Փռեցիր լուսավոր գանձեր։
Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
Քո կանթեղը խավար մեր հոգում —
Քո կանթեղը — հեռո՜ւ կարոտի։
***
Դու արդեն հեռացել ես, աշխարհում էլ չկաս դու,
Ու լռել է երգը քո արդեն հիմա,
Բայց զգում է սիրտս, որ նորի՜ց կգաս դու,
Երբ իջնի գիշերը ու անձրևը լա։
Երբ իջնի գիշերը ու անցած հուշերը,
Անցածի փշերը դառնորեն խոցեն—
Ո՜րբ, մենակ կգաս դու և կերգես քո սերը,
Որ վերջի՜ն մեր սերն է աշխարհում գուցե։
Որբ, մենակ կգաս դու և նորից քո երգը
Կվառե սրտում մեր կարոտանք ու սեր.
Անարև սրտում մեր կվառե քո երգը
Երազներ անմար ու ցնորքներ լուսե։
Եվ նորից կզգանք, որ մեր սրտին դու մո՜տ ես,
Մորմոքող հրի՛ պես մեր հիվանդ արյան,
Որ լուսե երգին քո մեր հոգին կարոտ է,
Օ, հեռու ընկեր իմ, օ, Վահան Տերյան…
Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…
Հանդիպել է քեզ պատմության շեմին, ուղեկցել ամբողջ երիտասարդությունդ և այնուհետև դարձել մշտական բարեկամդ: Նրան ծանոթանալուց է սկսվել գիտակցական կյանքդ, որի թարգմանիչն է դարձել, երբ ինքդ տակավին եղել ես «անլեզու»։ Սերդ ես խոստովանել` նրա լեզվով, կարոտդ թեթևացրել՝ նրա բառերով, թախծել ես` նա՛ քեզ հետ, երջանկությունդ ու բերկրանքդ է խոսել՝ նրա բերանով: Նրա մտքերն ու խոհերը, ապրումներն ու հույզերը գիտես անգիր:
Նա մի նոր գույնով, մի նոր ձայնով երգեց և սերը, և հայրենիքը, և բնությունը: Նա թարմացրեց հայ պոեզիայի և նյութը, և լեզուն …. Նրա բանաստեղծություններից անվիճելի մի քանակ կմնան որպես հավերժական արժեքներ բոլոր ժամանակների համար, որպես մարդկային բյուրեղացած զգացմունքներ ու անխառն գեղեցկություններ։
Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթ մեր մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին։
Չարենցն ու Գուրգեն Մահարին՝ Տերյանի կիսանդրու մոտ
Մի զարմանալի քնքուշ և խնդագին զգացմունք եմ ունենում յուրաքանչյուր անգամ, երբ հիշում եմ, որ այնտեղ՝ սեղանիս դարակում, պահված են Տերյանի, հասկանու՞մ եք, իսկական ձեռագրերը… նրա ձեռքով գրված այդ թերթիկները… Երբ անչափ տխուր եմ լինում, հանում եմ, նայում… կարծես՝ արեգակն է պահված իմ գրասեղանի դարակում… Այդ մետաքսյա թերթիկները՝ ծածկված չինական սև մելանով, գրված չքնաղ, ազնվական գրերով… Զարմանալի մաքուր և գեղեցիկ ձեռագիր է ունեցել այդ մարդը։ Ձեռագիրն անգամ նուրբ է, ինչպես նրա ողջ ստեղծագործությունը՝ նուրբ ու մաքուր։ Իմ կյանքի ամենամեծ խնդությունն է դա. հանել մեկ-մեկ այդ ձեռագրերը և նայել…
-Օ՜, հեռու ընկե՛ր իմ… Վահա՛ն Տերյան…
Այո՛, այսօր էլ մեր հոգին կարոտ է Վ. Տերյանի լուսեղեն երգին։ Այն անհրաժեշտ է մեր բարդ ու տագնապալի դարաշրջանի մարդուն։ Եվ այժմ էլ նա մշտապես այցելում է մեզ՝ շռայլորեն պարգևելով կարոտանք ու սեր, անմար երազներ ու ցնորքներ։ Սա է բանաստեղծի իսկական անմահությունը։
Ով մի անգամ խմել է Վ. Տերյանի բանաստեղծական բաժակից, նա երբեք ու երբեք չի մոռանա նրա երգերի մեղմությունը, նրա հուզիչ աշխարհի ջերմությունը, նրա բանաստեղծությունների հմայիչ նվագակցությունը:
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: