Սխալ ասմունքի պատճառով Տերյանը հաճախ տխրադալուկ, լալկան բանաստեղծ է ընկալվում։ Խորհուրդ է տրվում Տերյան կարդալիս հետևել տաղաչափական շեշտադրմանը։ Տերյանը տաղաչափության մեծ վարպետ է և զանազան ձևեր է կիրառել։ Դիտարկենք դրանցից մեկը։ «Կարուսել» բանաստեղծության յուրաքանչուր տողը բաղկացած է 9 վանկից, որոնք էլ իրենց հերթին երեքական շեշտվող վանկի են բաժանվում 3+3+3։ Փորձենք միասին նկատել շեշտվող վանկերը․
․․․Պարում են/ խելագար /խնջույքում,/
— Ով կուզե՝/ թող գաղտնիքն/ իմանա,—
Ոչ վե՛րջ կա,/ ոչ ըսկի՛զբ/ այս երգում,—
Երեկ՝ ես,/ այսօր՝ դու,/ վաղը՝ նա…
Բանաստեղծական շարքեր
Տերյանի ստեղծագործությունների մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ բաժանված են շարքերի, որոնք իմաստային կապ ունեն իրար հետ։ Ուշադրություն դարձնենք բառերին «Մթնշաղի անուրջ», «Գիշեր և հուշեր», «Ոսկի հեքիաթ»։ Առաջին շարքում կարևոր է անուրջը, երազը, երկրորդում՝ գիշերը (մթնշաղից՝ երեկոյից հետո գալիս է գիշերը, այնպես չէ՞), բայց հուշեր բառից կռահում ենք, որ այստեղ կյանքի փորձի արդյունքում ապրված զգացումներ են ու ոչ անուրջներ, ինչպես առաջին շարքում։
Անուրջն ու հուշը հանգեցնում են «Ոսկե հեքիաթին»։ Հեքիաթը ամենակարևոր խորհրդանիշներից է Տերյանի պոեզիայում։ Այս շարքի շատ բանաստեղծություններում հեքիաթին բնորոշ տարրեր կան, որոնց Տերյանը նաև նոր իմաստ է հաղորդում։ «Ոսկե» մակդիրն էլ պատահական չէ․այն հեքիաթներում ամենահաճախ հանդիպող գույնն է։
«Ոսկե շղթա» (1913-17թթ գրված բանաստեղծություններն են) շարքում շատ են Տերյանի նորարարություններն ու փորձարկումները։
Այս շարքում են ընդգրկված Տերյանի տրիոլետները։ Տրիոլետը 8 տողանոց բանաստեղծություն է, որի որոշ տողեր կրկնվում են։
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն,
Այնքան գանձ ու խնդում
Չունի և պարսից արքան։
Հարուստ է պոետն այնքան
Երկրի, մթին բանտում...
Չունի և պարսից արքան
Որքան պոետն անտուն...
«Կատվի դրախտ» շարքում Տերյանը մեր գրականության մեջ առաջին անգամ կնոջը դիմում է Դուք - ով՝ ընդգծված հարգանքով, երբեմն հեգնանքով։
Ո՞վ կարող է չսիրել Ձեզ,
Չստրկանալ Ձեր կամքին,
Ո՞վ կարող է հլու և հեզ
Չաղոթել Ձեզ, օ, տիկին:
Դուք այնպիսի խոսքեր գիտեք
Եվ այնպիսի նուրբ նազեր-
Դահճին անգամ Դուք կդյութեք,
Կստրկացնեք և կայսեր:
Դուք այնպես մեղմ գիտեք շոյել
Հիվանդ ու խենթ իմ հոգին.
Ո՞վ կարող է Ձեզ չգովել,
Ու չերգել Ձեզ, օ, տիկին...
Զգացի՞ր տերյանական նուրբ հեգնանքը։ Այս դիմելաձևը հետո մենք կտեսնենք Չարենցի «Էմալե պրոֆիլը Ձեր» շարքում։
«Երկիր Նաիրի» շարքը - Տերյանի համար հայրենիքը էության մի մաս է, հարազատ, մտերիմ հոգևոր ամբողջություն։ Սա է պատճառը, որ Տերյանի՝ հայրենիքին նվիրված բանաստեղծությունները երբեք բարձրագոչ չեն ու շատ անկեղծ են։
«Երկիր Նաիրի» շարքի մասին շարունակիր կարդալ այստեղ