Նվարդ անունը թանկ էր Տերյանի համար ևս մի պատճառով։ Նա մի շրջան անտարբեր չէր Հովհաննես Թումանյանի դուստր Նվարդի նկատմամբ։ Նրանց ջերմ հարաբերությունները կարճ են տևում, բայց մահից առաջ Տերյանը խնդրել էր կնոջը՝ Անահիտին, որ այդ թանկ անունով կոչել իրենց դստերը։
Պահպանվել են Տերյանի նամակներից՝ ուղղված Նվարդին․ «․․․Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքույշ ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ:Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից: Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա․ մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա....
Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտե՞ք որքան լավ կլիներ - ես պիտի ասեի նրան. «Սիրուն աղջիկ, տեսնո՞ւմ ես - ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնում ես՝ որքան ծաղիկ կա այնտեղ-ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը․․․․»:
Տերյանը Նվարդին նվիրված տրիոլետներ ունի․
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են նորից վարդեր:
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրդ կախարդ.
Հիմա բացվում են այստեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ:
Հետագայում Նվարդ Թումանյանը Տերյանի մասին պիտի գրի․ «Նա սիրտ էր համակ ու զգացմունք, միշտ տարվող ու գերող, վառվող ու այրվող, թերևս դրա համար էլ նրա սիրտը միշտ ցավով էր ու ցավակիր»։
Նվարդը հետագայում չամուսնացավ, իսկ Տերյանը շարունակեց ապրել իր կարճատև ու փոթորկալից կյանքը։
Նվարդին ուղղված նամակներից կարդա այստեղ, ձայնային տարբերակով՝ այստեղ
Նվարդ Թումանյանը