Կենսագրություն

Վահան Տերյանը (Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Գանձա գյուղում ( այժմ գտնվում է Վրաստանի տարածքում):

Տերյանի նախնիներին կոչել են նալբանդենք, որովհետև ընտանիքի անդամները եղել են ձիու պայտ խփողներ և անասնաբույժներ։

Տերյանի պապը հյուրասեր անձնավորություն էր, գյուղի տանուտերը։

Հայրը՝ Սուքիասը, կրթվելու մեծ ձգտում ուներ։ Չբավարարվելով ստացած կրթությամբ և հոր կամքին հակառակ գնալով՝ նա փորձում է ոտքով Փարիզ հասնել՝ կրթություն ստանալու համար, բայց չի հաջողվում։

Վերադառնում է գյուղ, դառնում գյուղի քահանան։ Շարունակում է ինքնակրթությամբ զբաղվել ողջ կյանքում։ Բնագրով կարդում էր Տոլստոյի ստեղծագործությունները, իսկ 60-ն անց տարիքում փորձում էր ֆրանսերեն սովորել։

Տերյանի հայրը

Տերյանի մայրը

Մայրը՝ Յուղաբերը, քնքուշ, զգայուն կին էր, ուներ հումորի սուր զգացում։

Նրան է նվիրված Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն․․․» բանաստեղծությունը, որտեղ հուշի կախարդանքով բանաստեղծը վերապրում է մանուկ օրերի անհոգության, ապահովության զգացողությունը․

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին.

Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներդ մաշված ու բարակ
։

Վահանը ընտանիքի 12-րդ զավակն էր։ Նրանցից 4-ին ծնողները կորցրել էին։ Ողջ մնացածները 4 տղա էին և 4 աղջիկ։

Վահանին հայրը երբեմն Գայլ Վահան էր ասում ու պատմում էր Գայլ Վահանի պատմությունը։ Նա փորձում է որդուն տիրացու դարձնել, բայց Վահանը կարևոր պահերին ծիծաղում էր ու ոչինչ չէր ստացվում։

Տերյանը նախնական կրթություն է ստանում Գանձայում, Ախալքալաքում, Թիֆլիսում։

14 տարեկանից Վահանը Մոսկվայի Լազարյան ճեմարանի աշակերտ էր։ Սկզբում ամաչկոտ էր, մարդախույս, հետո ավելի շփվող ու նախաձեռնող է դառնում։ 17 տարեկանում մի քանի ընկերների հետ սկսում է թերթ հրատարակել՝ դառնալով խմբագիրը։ Սկզբում հանդես էր գալիս Շվին կեղծանունով։

 Այդ շրջանից Տերյանը նետվում է նաև հանրային կյանքի հորձանուտը։ 1905-ին ապստամբություն է կազմակերպում հունարենի ու մաթեմատիկայի ուսուցիչների դեմ, որոնք ծաղրում էին ուսանողներին։ Մեկ տարի անց ձերբակալվում է՝ Ալեքսանդր Մյասնիկյանին (Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավարը) ապաստան տալու համար։ 13 օրից ազատ է արձակվում։

Արա Բեքարյան «Վահան Տերյան»

Այս շրջանում Թիֆլիսում հանդիպում է Ավ Իսահակյանի հետ։ Ընկերոջ խորհրդով Տերյանը ցույց է տալիս «Նյուրա» խորագրի ներքո գրված իր մի քանի բանաստեղծությունները։ Իսահակյանը չի հավանում «Վահանն իրեն դեռ չէր գտել հրաշքը տեղի չէր ունեցել․․․»։

Երկու տարի անց՝ 1908-ին, լույս է տեսնում Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն։ Հովհ․ Թումանյանը կարդում է Տերյանի բանաստեղծություններն ու ասում «Ես ուրախությամբ ողջունում եմ Ձեր մուտքը գրական ասպարեզ։ Բարով եկաք։ Դուք ավելի լավ եք սկսում, քան մենք»։ 

Ոգևորող էր նաև Իսահակյանի արձագանքը «Կեցցես, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ»։

«Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվեց,- գրում է Իսահակյանը, - Վահանը գտավ իրեն ու արվեստի գաղտնիքը։ Վահանի հայտնությամբ մեր քնարերգության նոր էջ բացվեց»։

 

 «Մթնշաղի անուրջների» լույս տեսնելուց հետո Տերյանը միանգամից հայտնի բանաստեղծ է դառնում։ Ստեփան Զորյանը պատմում է․ «Սկսվել էր պարզապես տերյանական շրջան, Տերյանի էպոխա։ Օդը լիքն էր Տերյանով․ երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»»։

Վահան Տերյանը ուսումը շարունակում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, հետո՝ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում, դառնում է անվանի գիտնական Նիկողայոս Մառի ուսանողը։ Սովորում է արաբերեն, պարսկերեն, վրացերեն (ռուսերենին տիրապետում էր մայրենիի պես)։

Ակտիվ մասնակցում է գրական կյանքին։ Ընկերների հետ գրական ժողովածու է հրատարակում, հրատարակչական ընկերություն հիմնում, մասնակցում  է Վալերի Բրյուսովի կազմած «Հայ պոեզիան» անթոլոգիայի (տարբեր հեղինակների լավագույն ստեղծագործությունների ժողովածու) և Մաքսիմ Գորկու խմբագրած «Հայ գրականության ժողովածուի» պատրաստմանը։Հայերենից ռուսերեն է թարգմանում Գ․ Սունդուկյանի «Պեպոն», Րաֆֆու «Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգին»։

Գրում է «Հայ գրականության գալիք օրը», «Հոգևոր Հայաստան» և այլ հոդվածներ, որոնցով գրականության, հայրենիքի ընկալման նոր չափանիշներ է սահմանում։ 

 Բանաստեղծը ակտիվ էր նաև քաղաքական դաշտում, համոզված էր, որ մտավորականը պետք է կողքից չնայի հանրային կարևոր իրադարձություններին, այլ դրանք կերտողը լինի։

Արժե իմանալ

1917 թ․ Ռուսաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, իշխանության եկան բոլշևիկները, որոնք աստիճանաբար իրենց ազդեցության դաշտը ընդլայնեցին և ստեղծեցին Խորհրդային մեծ պետությունը։

 Զուգահեռ շարունակվում էր Առաջին համաշխարհային պատերազմը երկու մեծ խմբավորումների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի ու նրանց դաշնակից պետությունների (Անտանտ) և Գերմանիայի, Թուրքիայի ու մյուս դաշնակիցների միջև։ Ռուսական հեղափոխությունից հետո ռազմաճակատում կտրուկ փոխվեց իրավիճակը։ Բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում պարտվողական պայմանագիր կնքեցին՝ հրաժարվելով գրավված տարածքներից։ Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերը դուրս բերվեցին՝ պատերազմին ակտիվ մասնակցած հայ ժողովրդին թողնելով մենակ թուրքական վտանգի դեմ։

Այս իրադարձությունների ժամանակ Վահան Տերյանը բոլշևիկյան կառավարության անդամ էր։ Նա նախարարական բարձր պաշտոն էր զբաղեցնում և մեծ ջանքեր էր թափում, որ դեպքերը այլ հունով ընթանան։ Պետրոգրադում նրա և Լենինի աշխատասենյակները կողք կողքի էին։

Էդուարդ Աբաջյան «Վահան Տերյան»

Տերյանը փորձում է լուծել Արևմտյան Հայաստանի խնդիրը, պնդում է, որ ռուսական զորքը Արևմտյան Հայաստանից դուրս չբերեն, բայց հերթական անգամ խաբվում է։

Խիզախ գործիչը այդ սարսափի մթնոլորտում համարձակվում է գնդակահարումից փրկել հայ մտավորականների, 6 միլիոն ռուբլի է տրամադրում Աստրախանի հայ գաղթականներին այն դեպքում, երբ այդ գումարը նախատեսված էր Հյուսիսային Կովկասում բոլշևիզմ կառուցելու համար։

Այս քայլերի համար նա կյանքով կարող էր հատուցել։

1919 թ․ Տերյանը թողնում է պաշտոնը։ Նրա նկատմամբ հալածանքներ են սկսվում։ Ուշագրավ է այն փաստը, որ արդեն թոքախտով ծանր հիվանդ բանաստեղծին ռազմաճակատ ուղարկելու հրաման են ստորագրում։

 

Վահան Տերյանը երկու անգամ է ամուսնացել։ Նրա առաջին կինը Սուսաննան էր, որը, ինչպես պարզվում է, հիվանդ էր թոքախտով և վարակում է նաև ամուսնուն (Տերյանի անձնական կյանքի մասին ավելի մանրամասն կարդա «Հետաքրքիր պատմություններ» բաժնում)։ Նրանք երկու երեխա են ունենում, երկուսն էլ, ցավոք, մահանում են։

 Տերյանը ունի բանաստեղծությունների հուզիչ շարք՝ «Իմ բալիկին» խորագրով․

․․․Երեսդ մաքո՜ւր, բարա՜կ, լուսաշո՜ղ-

Ես արդեն երբեք չեմ մոռանալու...

Արժե իմանալ

Տերյանի ապրած ժամանակաշրջանում թոքախտը (տուբերկուլոզ) անբուժելի հիվանդություն էր։ 1928-ին՝ Տերյանի մահից 8 տարի հետո, հայտնաբերեցին պինիցիլինը՝ առաջին հակաբիոտիկը, որը հնարավորություն տվեց բուժելու այդ և բազմաթիվ այլ վարակիչ հիվանդություններ։

Թոքախտից են մահացել նաև Պետրոս Դուրյանը, Միսաք Մեծարենցը։

Տերյանն ու Սուսաննան

Անահիտ Տերյանը

Տերյանի երկրորդ կինը Անահիտն էր։ 18-ամյա այս աղջիկը ամուսնանում է իրենից 14 տարով մեծ ու թոքախտով հիվանդ Տերյանի հետ՝ նրան օգնելու, փրկելու հաստատակամությամբ։

1919 թ․ Անահիտը հղի վիճակում ուղեկցում է Տերյանին դեպի Օրենբուրգ տանող մահվան ճանապարհով։ Թե ինչու էր բանաստեղծը առողջական ծանր վիճակում գնում այդ ճանապարհով, որտեղ երկաթուղին չէր աշխատում, ճանապարհ չկար, բազմաթիվ ենթադրությունների տեղիք է տալիս։ Երկար տարիներ ընդունված կարծիք էր նրա կարևոր հանձնարարություն ունենալը, սակայն վերջին տարիների բացահայտումները խոսում են ավելի շատ այն մասին, որ Տերյանը, այդ ճամփորդությունը նախաձեռնելով, փորձում էր դուրս պրծնել թշնամական միջավայրից։

1920 թ․ հունվարի 7-ին Օրենբուրգում Տերյանը մահանում է։ Նրա և Անահիտի դուստրը՝ Նվարդ Տերյանը, ծնվում է հոր մահից հետո։

Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ․․․

 

«Վահան Տերյան» հաղորդումը կարող ես դիտել այստեղ

«Հայադարանի» թողարկումը՝ նվիրված Վահան Տերյանին, կարող ես դիտել այստեղ