Պոեզիան այդ անմեղ մանկան անմեղ ժպիտն է, նրա ջինջ հայացքը, նրա զրնգուն ծիծաղն ու աշխույժ ուրախությունը։ Պոեզիան այդ ամաչկոտ վարդագույնն է չքնաղ կույսի աչքերին, հեզ, մեղմ փայլն է նրա խոր, ինչպես ծով, ինչպես երկինքը, կապույտը աչքերի․․․
Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք արտաքին հրաշքների վրա․ չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի։ Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք հոգևոր Հայաստանի համար։ Հակառակ դեպքում մենք կնմանվենք մեր տգետ հայ բուրժուային, որն առատ ձեռքով նվիրում է իր ոսկին դպրոցական շենքեր կառուցելու՝ առանց երբևէ մտածելու, թե ինչպիսի, ինչ դպրոց է լինելու այդ շենքի մեջ և վերջապես դպրո՞ց է լինելու դա։
Բացի արտաքին հնարավորություններից, պետք է լինի և ներքին զորություն, մի հոգևոր մղում, որ մարդկանց համախմբումը ազգ է դարձնում։
Մի Րաֆֆի, մի Արծրունի, մի Նալբանդյան, մի Դուրյան նույնպես ասպետներ են, գուցե ավելի մեծ հերոսներ են, քան նրանք, ովքեր կռվի դաշտում են զոհաբերում իրենց կյանքը։ /Մեջբերումը Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածից է/
Անթիվ են հայ մտավորականության մեղքերը հայ ժողովրդի առաջ, անհամար են նրա սխալները, սակայն չմոռանանք, որ այսօրվա սխալը անուղղելի կլինի, այսօրվա մեղքը՝ մահացու։
(Կյանքս) ոչ թե անցնում է, այլ այրվում՝ մի ներքին դառն կրակով. և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական։ Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին իմաստը։ Չէ՞ որ այդպես, իմ հոգու նման, այրվում է իմ երկիրը՝ «իմ Նաիրին» - գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ «նաիրյան չքնաղ հոգին» է այրվում: Ես ևս սկսում եմ ինձ զգալ կոչված մեկը նրանցից, որոնց վիճակվել է «նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրենց հոգու մեջ։ (Հատված Նվարդ Թումանյանին ուղղված նամակից)
Լեզուն ազգի հոգին է։
Ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդը անդադար պիտի ստեղծի այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են։ (Հատված «Հոգևոր Հայաստան» հոդվածից)