Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները «աչքի նման պարզ են և աչքի նման բարդ»: Նրան անվանում են ամենայն հայոց բանաստեղծ:
Ինչո՞ւ է նա այդպիսի պատվի արժանացել։
Թումանյանն արտացոլեց հայի ազգային ոգին, դարձավ իր «ժողովրդի սրտի թարգմանը», «ժողովրդի հառաչանքը Աստծուն հասցնողը» (իր խոսքերն են)։
Հայ բանահյուսության նմուշներին մեծ հմայք ու արժեք հաղորդեց՝ ընդգծելով դրանցում եղած հավերժական ճշմարտությունները։
Հովհ․ Թումանյանը ծանր պահերին հայ ազգի համար իսկական հայր եղավ, կազմակերպեց գրական կյանքը․․․
Թումանյանի մեծությունը հրաշալի է ներկայացրել Պարույր Սևակը.
«Եվ ամեն ազգ ունենում է այսպիսի միայն մեկ բանաստեղծ…. ում հետ լինում է ամբողջ կյանքում` դեռ գրաճանաչ չդարձած և մինչև մահվան մահիճ….»։
Թումանյանի լավագույն ստեղծագործություններն են՝
Պոեմները՝ «Անուշը, «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Թմկաբերդի առումը», «Սասունցի Դավիթը», «Հառաչանք» և այլն։
Քառյակներ․ Թումանյանի ստեղծագործությունների բարձրակետն են համարվում նրա քառյակները: Դրանք խոհափիլիսոփայական բովանդակությամբ 4-տողանի բանաստեղծություններ են, նրա «հոգու անկրկնելի շտրիխները», որոնք տարածված են եղել արևելքում (օրինակ՝ Օմար Խայամի քառյակները):
Բալլադները՝ «Ախթամարը», «Փարվանան», «Մի կաթիլ մեղրը», «Չարի վերջը» և այլն:
Հեքիաթները՝ «Անխելք մարդը», «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոսը», «Քաջ Նազարը» և այլն։
Բանաստեղծությունները՝ «Բարձրից», «Հոգեհանգիստ», «Հայրենիքիս հետ», «Հայոց լեռներում», «Սիրիուսի հրաժեշտը», «Պատրանք» և այլն։
Մահվանից երկու ամիս առաջ Թումանյանը գրել է.
«Ես գիտեմ, մի օր իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու։ Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան։ Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»։
Նույնը կարելի է ասել նաև այսօր։ Միասին շրջենք Մեծ Լոռեցու տիեզերքում՝ ամեն անգամ մի նոր գաղտնիք բացահայտնելու հույսով։
Թումանյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան