Կենսագրություն

Բանաստեղծի ընտանիքը

Հովհ․ Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռու Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։

Շատ էր հարգում հորը՝ Թադևոսին: Իր «Ինքնակենսագրության» մեջ գրել է. «Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ իմ կյանքում, եղել է իմ հայրը»: Կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետև Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում, հետո՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով թողնում է դպրոցը և սկսում աշխատել:

Թումանյանը սկսում է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է գրել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի համար։ Առաջին ստեղծագործությունը, որ նրան համբավ է բերում, «Շունն ու կատուն» էր, թեև հրատարակիչը (Ավետիք Արասխանյան) այն «վայրենի լեզվով» գրված ստեղծագործություն էր որակել:

Այնուհետև լույս են տեսնում բանաստեղծությունների ժողովածուները, որտեղ երևում է բանաստեղծի ուրույն ոճը, լեզուն, ասելիքը:

Թումանյանին անվանել են «հայկական Պուշկին» և այդ համեմատությունն արել է հենց ինքը՝ Թումանյանը իր տափակամիտ քննադատին պատասխանող հոդվածում:

1899 թ․ բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը։ Հանդիպումների ժամանակ քննարկում վերլուծում էին համաշխարհային արժեք ունեցող ստեղծագործություններ, միմյանց գրվածքները և այլն։ Ինչո՞ւ խմբակին այդ անվանումը տվեցին, որովհետև գտնվում էր շենքի վերջին՝ 5-րդ հարկում։

 

 

Արժե իմանալ

«Վերնատուն» գրական խմբակը գործել է շուրջ 10-ը տարի (1899-1908 թթ)։ Խմբակի կին հյուրերին անվանում էին վերնանուշներ, իսկ տղամարդկանց՝ վերնականներ։ Հիմնականում հանդիպում էին հինգշաբթի և շաբաթ օրերը։ Քննարկում էին իրենց և համաշխարհային գրականության մեծերի գործերը։ Նշանաբանն էր «Վեր, միշտ դեպի վեր»։ Անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Ղազարոս Աղայանը, Լևոն Շանթը, Դերենիկ Դեմիրճյանը և ուրիշներ։ Վերնատան գործունեությունը դադարում է Թումանյանի և Իսահակյանի «դաշնակցության գործով» բանտարկվելուց հետո։

Դմիտրի Նալբանդյան «Վերնատուն»

1905 թ․ սկսվում են հայ-թաթարական բախումներ: Հովհաննես Թումանյանը, սպիտակ դրոշը ձեռքին, իր կյանքը վտանգելով, շրջում է հայկական ու թաթարական գյուղերում և բնակչությանը հորդորում վերջ տալ անիմաստ արյունահեղությանը: Ցարական կառավարությունը Թումանյանին երկու անգամ ձերբակալում է (1908 և 1911) ու բանտարկում:

1915թ. Մեծ եղեռնից հետո Թումանյանը, մոլեգնող համաճարակների պայմաններում, դստեր՝ Նվարդի հետ հոգ է տանում Էջմիածնում ծովացած հայ գաղթականների մասին։ Հենց այս ժամանակ է տեղի ունենում հայտնի երկխոսությունը կաթողիկոսի հետ, երբ Թումանյանն իրեն «ամենայն հայոց բանաստեղծ» է անվանում ( մանրամասները կարդա   հետաքրքիր պատմություններ)  բաժնում։

Արժե իմանալ

Այդ օրերին Թումանյանի կողքին էր նաև երիտասարդ նկարիչ Մարտիրոս Սարյանը։ Անքուն գիշերների ու իր տեսած սարսափների ծանր տպավորության տակ Սարյանը հոգեկան ցնցում է ապրում ու Թումանյանի հանձնարարությամբ տեղափոխվում Թիֆլիս՝ հիվանդանոց։ 

Այնտեղ կազդուրվելուց հետո Սարյանը ծանոթանում է Ղազարոս Աղայանի դստեր՝ Լուսիկի հետ, որը հետագայում նրա կինը պիտի դառնար։

Հովհաննես Թումանյանն ամուսնացած էր Օլգա Մաճկալյանի հետ, ունեին 10 զավակ։ Այս հրաշալի կինը հոգ էր տանում իրենց զավակների  և բանաստեղծ ամուսնու մասին, սիրով հյուրընկալում էր մշակութային  գործիչներին, որոնք իրենց մշտական հյուրերն էին։

Եղեռնի ժամանակ Օլգան և Թումանյանը որդեգրում են ևս 13 երեխայի (այդ մասին ավելի մանրամասն կարդա Հետաքրքիր պամություններ) բաժնում։ Եվ այս ողջ հոգսը Օլգան տանում էր ամենայն հայոց բանաստեղծի կնոջը վայել վեհությամբ։

 

 

Բանաստեղծի կինը՝ Օլգան

 

 

Արտավազդ Թումանյանը 

«․․․Ես իմ բոլոր ստեղծագործությունները կրակին կնվիրեի,

միայն թե վերադարձնեին իմ կորած որդուն․․․»

Հովհ․ Թումանյան

 

 

Հովհաննես Թումանյանի որդիներից Արտավազդը բանաստեղծի ամենաշնորհաշատ որդին էր. դրամաներ էր գրում, նկարիչ էր: Արտաքինով էլ նա էր ամենաշատը նման իր հորը: 1918 թ. Արտավազդը ռազմաճակատում զոհվում է: Այդ ծանր կորստին Թումանյանն այդպես էլ չի կարողանում համակերպվել։

Թումանյանը երազում էր արտասահմանում կրթություն ստանալու մասին, որի հնարավորությունը այդպես էլ չունեցավ: Մոսկվայում էլ լինում է ոչ թե կրթվելու նպատակով, ինչը երազում էր, այլև ծանր հիվանդության՝ չարորակ ուռուցքի բուժման նպատակով:  Վախճանվում է Մոսկվայում 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում։

Քննարկում

Ի՞նչ ես կարծում, կրթությունը կիսատ թողած, արտասահմանում չճամփորդած Թումանյանին ինչպե՞ս է հաջողվել բարձրարժեք գործեր ստեղծել։

Նկարիչ՝ Արմեն Լոռենց Հարությունյան

Էդուարդ Իսաբեկյան «Հովհաննես Թումանյան»

Մեծ բանաստեղծի վերջին պատգամն էր․

«Ղոչաղ կացեք․․․»

Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը։

Բայց Թումանյանի որդին՝ Արեգը, բժիշկներին խնդրում է իրեն տալ հայրիկի սիրտը։ Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր.

«Ես մի քայլ արեցի... ես հայրիկի սիրտը գողացա։ Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ։ Գողացա։ Գուցե մեղադրում ես։ Ոչինչ։ Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը։ Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի...»։

Այժմ բանաստեղծի սիրտը հուղարկավորված է Դսեղի իր տան բակում։ 

 

Օգտակար հղումներ

Հովհաննես Թումանյանի մասին պատմող անիմացիոն ֆիլմը դիտեք այստեղ

«Մի սիրո պատմություն» դիտեք այստեղ

«Հայադարան»-ի Հովհ․ Թումանյանին նվիրված թողարկումը դիտեք այստեղ

Փաստագրական ֆիլմ․ Հովհաննես Թումանյան «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» դիտեք այստեղ

Հ1-ի «Թումանյան. Ե՛վ սիրտ, և՛ կամք, և՛ միտք» փաստագրական ֆիլմը դիտեք այստեղ