Հովհաննես Թումանյանն ուներ հավատարիմ աջակից՝ իշխանուհի Մարիամ Թումանյանը։
Նա զարգացած, հմայիչ, մեծահոգի կին էր, հանրային գործիչ։
Երիտասարդ տարիներին մի պահ է գալիս, որ Հովհաննես Թումանյանը ֆինանասական խնդիրները լուծելու համար որոշում է քահանա դառնալ, բայց Մարիամ Թումանյանն ամեն ինչ անում է, որ հանճարեղ բանաստեղծը նման ճարահատ որոշումներ չկայացնի։
Մարիամը ամուսնացած էր վրացահայ մի իշխանի հետ, ունեին 6 երեխա, Թումանյանը ևս հրաշալի ընտանիք ուներ։ Մարիամի հետ նրան կապում էր վեհ բարեկամությունը, հոգևոր մտերմությունը, որը տարիների ընթացքում վերաճում է սիրո, բայց նրանք երկուսն էլ հաղթահարում, անտեսում են իրենց զգացմունքները և շարունակում են մնալ ուղղակի բարեկամներ։
Մենք չէինք կարող միանալ,– գրում է իշխանուհի Մարիամ Թումանյանը,– որովհետև երկու ընտանիք պիտի քանդվեր, իսկ ուրիշի դժբախտության վրա հիմնված բախտավորությունը երբեք ուրախություն չի տալիս մարդուն։
Բանաստեղծը շատ բանաստեղծություններ է նվիրել Մարիամ Թումանյանին, բայց հետո ոչնչացրել է։ Հայտնի է, որ «Հրաժեշտ» բանաստեղծությունը նրան է նվիրված․
․․․Ա՛խ, առանց քեզ տխուր կյանքիս
Օրը տարի կդառնա,
Բայց, ուր լինիս, դարձյալ հոգիս
Շուրջդ պիտի թրթռա․․․
Իսկ իշխանուհին նամակներից մեկում գրում էր. «Իմ փափագս է, որ ձեզ այնպես պաշտպանեմ, որ ոչ մի մարդ չդիպչի ձեր զգայուն սրտին, որ ձեր հոգին հանգիստ լինի, որ ձեր առողջությունը վերականգնվի: Հավատացե՛ք, որ այս տողերը գրելիս ես լալիս եմ, որ իմ բոլոր ճիգերն իզուր են, եւ ես չեմ կարող տալ ձեզ հանգստություն, չեմ կարող պաշտպանել ձեր սիրտը կոպիտ ձեռքերից: Ես կուզենայի ձեզ խնամել, ինչպես մի քնքուշ ծաղիկ, պահպանել թե՛ արեգակի այրող ճառագայթներից, թե՛ ձմեռվա ցրտից: Ձեր ամեն մի վիշտը արձագանք է գտնում սրտիս մեջ»:
Աղբյուրը՝ Սուսաննա Հովհաննիսյան «Հովհ․ Թումանյանն ու իշխանուհի Մարիամ Թումանյանը»
Իշխանուհի Մարիամ Թումանյանը