Ստեղծագործություններ
ԱՆՈՒՇ
ՓԱՐՎԱՆԱ
ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ
ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ
ՍԻՐԻՈԻՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ
ԲԱՐՁՐԻՑ
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
ՔԱՌՅԱԿՆԵՐ
ԱՐՁԱԿ
ԱՆՈՒՇ
ՓԱՐՎԱՆԱ
ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ
ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ
ՍԻՐԻՈԻՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ
ԲԱՐՁՐԻՑ
ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ
ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ
ՔԱՌՅԱԿՆԵՐ
ԱՐՁԱԿ
ԱՆՈՒՇ

(Լիրոէպիկական՝ քնարապատմողական պոեմ է։ Այդպիսի պոեմներն ունեն պատմվող սյուժե,  նաև հերոսների հոգեկան ապրումներն են խորությամբ նկարագրվում)։

Սոս Սարգսյանի ընթերցմամբ լսիր այստեղ

«Անուշը» հայ գրականության ամենահայտնի ու սիրված պոեմներից է։ Այն անմիջականորեն ու ճշմարիտ է արտացոլում սերը, հարազատ ժողովրդի հոգեբանությունը, հայրենի բնության ու մարդկանց կապը։

«Անուշը» սիրո պատմություն է, բայց այդ թեմային զուգահեռ բանաստեղծն անդրադառնում է նաև ժողովրդի նիստուկացին, սովորույթներին, պատվի ըմբռնումներին։ Այդ կրկին ստեղծված է կինոֆիլմի սկզբունքով, թեև այդ ժամանակ ֆիլմեր չկային։ Նախ հայտնվում են բնության ոգիները, նախապատրաստում կատարվելիք իրադարձություններին (պատկերացնելով կարդա այդ հատվածը, մտովի տես քամու թևին թռչող, լուսնի շողերին բազմած փերիներին․ այդ հատվածը կարծես հրաշապատում հեքիաթի սկիզբ լինի), ապա լսում ենք հովիվ Սարոյի կարոտած երգը, տեսնում վրանում գլուխը կորցրած Անուշին, որը առիթ է փնտրում սարերը փախչելու ու հանդիպելու սիրելիի հետ․․․

 

Ալեքսանդր Գրիգորյան «Անուշն ու Սարոն»

 

«Անուշ» պոեմը սկսվում է բնության ոգիների տխուր երգով վաղամեռ սիրահարների մասին։

Որպեսզի հասկանանք, թե ինչու են նրանք «օխտ» (յոթ) աղբյուրի ու սիրո ծաղկեփնջի մասին պատմում, պետք է վերհիշենք հայկական շատ գեղեցիկ տոներից մեկը՝ Համբարձումը, ոը ցավոք այլևս նախկին ձևով չի նշվում։

Միայն Թումանյանի «Անուշը» բավարար է տոնի մասին ամբողջական գաղափար կազմելու համար։

Արժե իմանալ

Համբարձման տոնը բնապաշտական ակունքներ ունի։ Այն կոչվել է նաև Կաթնապրի տոն։ Այդ օրը կենդանու արյուն չի թափվել, ընդհակառակը, կենդանիներին ևս զարդարել են ծաղկեպսակներով և ամենազոր բնությանը խնդրել են իրենց ցանած բերքը հասունացնել, փթթուն դարձնել։ Տոնը սիրահարներին վերաբերող ծես ունի։ Աղջիկները յոթ աղբյուրից ջուր էին հավաքում, ծաղիկներ փնջում և «աստղունք դնում»՝ դնում աստղերի տակ, որովհետև Համբարձման գիշերը հրաշալիքների ու կախարդանքների գիշեր էր համարվում և այդ ջրին ևս հրաշագործ հատկություններ էին վերագրվում:

Առավոտյան կատարում էին վիճակահանության ծեսը։ Մի կավե ամանի՝ փարչի մեջ լցնում էին ջուրը և մասնակիցների իրերը։ Հերթով կարդում էին գուշակություն, մաղթանք պարունակող որևէ քառատող, ապա կավե ամանի միջից որևէ իր էին հանում։ Ում որ պատկանում էր իրը, նրան էլ վերաբերում էր գուշակությունը։

Հենց այդ ծեսն է նկարագրում Հ․ Թումանյանը պոեմի երկրորդ հատվածում, որտեղ  Անուշին չարագուշակ երկտող է բաժին ընկնում՝

Ջիգյարին գյուլլա դիպչի,

Քեզ սիրի ով որ, աղջիկ․․․

 

Միքայել Հովհաննիսյան «Համբարձման առավոտ»

Արժե իմանալ

Համբարձման տոնը բնապաշտական ակունքներ ունի։ Այն կոչվել է նաև Կաթնապրի տոն։ Այդ օրը կենդանու արյուն չի թափվել, ընդհակառակը, կենդանիներին ևս զարդարել են ծաղկեպսակներով և ամենազոր բնությանը խնդրել են իրենց ցանած բերքը հասունացնել, փթթուն դարձնել։ Տոնը սիրահարներին վերաբերող ծես ունի։ Աղջիկները յոթ աղբյուրից ջուր էին հավաքում, ծաղիկներ փնջում և «աստղունք դնում»՝ դնում աստղերի տակ, որովհետև Համբարձման գիշերը հրաշալիքների ու կախարդանքների գիշեր էր համարվում և այդ ջրին ևս հրաշագործ հատկություններ էին վերագրվում:

Առավոտյան կատարում էին վիճակահանության ծեսը։ Մի կավե ամանի՝ փարչի մեջ լցնում էին ջուրը և մասնակիցների իրերը։ Հերթով կարդում էին գուշակություն, մաղթանք պարունակող որևէ քառատող, ապա կավե ամանի միջից որևէ իր էին հանում։ Ում որ պատկանում էր իրը, նրան էլ վերաբերում էր գուշակությունը։

Հենց այդ ծեսն է նկարագրում Հ․ Թումանյանը պոեմի երկրորդ հատվածում, որտեղ  Անուշին չարագուշակ երկտող է բաժին ընկնում՝

Ջիգյարին գյուլլա դիպչի,

Քեզ սիրի ով որ, աղջիկ․․․

 

Անուշի ու Սարոյի ողբերգությունը սկսվում է մի պատահական դեպքից։ Գյուղական հարսանիքներից մեկի ժամանակ Սարոն և Մոսին՝ Անուշի եղբայրը, ընկերական ըմբշամարտի (կոխ) են բռնվում։ Հանկարծ Սարոն տեսնում է Անուշին, ոգևորվում և մի պահ մոռանում է, որ ադաթ կա նման մրցությունների ժամանակ ընկերոջը չգետնելու․․․

Վերջ։ Ճակատագրական սխալը գործված է․․․

Ադաթ կա սակայն էն մութ ձորերում

Ու միշտ հնազանդ հնոց ադաթին՝

Ընկերի առաջ ընկերն իր օրում

Գետին չի զարկիլ ընկեր իգիթին։

Մոսին վիրավորված է, բոլորը նրան ծաղրում են։ Դրան գումարվում է մյուս վիրավորանքը․ Անուշն ու Սարոն, հասկանալով, որ սկիզբ առած թշնամության պատճառով իրենք էլ երբեք իրար չեն հասնի, միասին փախչում են սարերը։

Մոսին իր անարգված պատիվը փրկելու համար պետք է Սարոյից վրեժ լուծի․․․․

Քննարկում

Մեր օրերում բարոյական ի՞նչ չափանիշներ կան, որոնք չի կարելի ոտնահարել։

Վարդգես Գուլիկյանի կտավներից

Վերլուծենք

Գրական երկերում, ֆիլմերում հաճախ են հերոսներին ներկայացնում իբրև ի բնե չարերի ու բարիների։ Որքան շատ է գրական ստեղծագործությունը բացահայտում մարդու հոգու շարժումն ու զարգացումը, որքան համոզիչ է դա արվում, այնքան այդ ստեղծագործությունը հաջողված է։ «Անուշ» պոեմում դրական և բացասական հերոսներ չկան, այստեղ լեռնային գյուղում ապրող մարդիկ են՝ իրենց սովորույթներով, նախապաշարմունքներով, պատվի մասին յուրատեսակ ըմբռնումներով։ Յուրաքանչյուրն էլ ինչ-որ առումով իրավիճակի զոհ է, յուրաքանչյուրն էլ իր ըմբռնումներով ճիշտ է։

Բայց եթե ամեն ինչում մեղադրենք սովորույթին կամ իրավիճակին, ո՞ւր կմնա մարդու դերը։

Քննարկում

Փորձիր փրկել իրավիճակը, հաշտեցրու հերոսներին, որ պոեմը ողբերգական ավարտ չունենա։ Բայց դա պետք է լինի հոգեբանորեն ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ։

Գրիգոր Խանջյան «Անուշ»

 Եթե ուշադիր կարդաս պոեմը, կնկատես, որ Անուշը մինչև ողբերգական դեպքերն էլ հակված է դժբախտության, ինչ-որ կանխազգացումներ ունի․   

— Ա՜խ, սիրտս, նանի՛, չգիտեմ ընչի,

Մին լաց է լինում սևակնա՜ծ, տխո՜ւր,

Մին թև է առնում, ուզում է թռչի,

Չգիտեմ՝ թե ո՜ւր, չգիտեմ՝ թե ուր․․․․

Կամ․

-Ախ, չէ, ես գիտեմ, որ ես բախտ չունեմ․

Ես երբեք, երբեք բախտ չեմ ունեցել․․․

 

Քննարկում

Կա  տեսակետ, որ դժբախության հակված մարդը հենց դա էլ ստանում է կյանքից, որովհետև անգիտակցաբար անում է քայլեր, որ հաստատի իր համոզմունքը։

Դու այդ մասին ի՞նչ կարծիք ունես։

Գրիգոր Խանջյան «Անուշ»

Պոեմը ողբերգական ավարտ է ունենում։ Անուշը նետվում է Դեբեդ գետը՝ ասես բնության միջոցով միավորվելու իր սիրելիին։ Սիրող սրտերի՝ տիեզերքում միավորվելու թեման Թումանյանն ավելի է խորացնում պոեմի վերջնամասում։ Աստղերի վերածված սիրահարները ամեն տարի Համբարձման կախարդական գիշերը հանդիպում են ու համբուրվում։ Դրանով տիեզերական Թումանյանն ուզում է ասել․ սերը հավերժ է, այն փոխակերպվում է, բայց չի մեռնում։

Արժե իմանալ

«Անուշը» կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը վերածել է օպերայի։ Այն մեր ամենասիրված  օպերաներից է, շատ հատվածներ ժողովրդի շրջանում կատարվում են որպես առանձին երգեր։

  • Անուշ օպերան առաջին անգամ բեմադրվել է 1912թ․ Գյումրիում, շատ համեստ պայմաններում՝ մի խումբ երիտասարդների ջանքերով։ Այն միանգամից սիրվում է հանդիսատեսի կողմից։ Ներկայացումից հետո ժողովուրդը ջահերով երթ է կազմակերպում՝ երգելով օպերայից հատվածներ։ Սկսվում է օպերայի հաղթարշավը։

  • Անուշի դերը երկար տարիներ հոյակապ կատարել է հայ երգի սոխակ Գոհար Գասպարյանը, որը ուներ բացառիկ ձայնային տվյալներ և հայտնի էր ամբողջ աշխարհում։

Գրիգոր Խանջյան «Անուշ»

Արժե իմանալ

«Անուշը» կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը վերածել է օպերայի։ Այն մեր ամենասիրված  օպերաներից է, շատ հատվածներ ժողովրդի շրջանում կատարվում են որպես առանձին երգեր։

  • Անուշ օպերան առաջին անգամ բեմադրվել է 1912թ․ Գյումրիում, շատ համեստ պայմաններում՝ մի խումբ երիտասարդների ջանքերով։ Այն միանգամից սիրվում է հանդիսատեսի կողմից։ Ներկայացումից հետո ժողովուրդը ջահերով երթ է կազմակերպում՝ երգելով օպերայից հատվածներ։ Սկսվում է օպերայի հաղթարշավը։

  • Անուշի դերը երկար տարիներ հոյակապ կատարել է հայ երգի սոխակ Գոհար Գասպարյանը, որը ուներ բացառիկ ձայնային տվյալներ և հայտնի էր ամբողջ աշխարհում։

ՓԱՐՎԱՆԱ

լսել այստեղ

Բալլադը (իտալերենից թարգմանաբար նշ․ է «պարերգ») չափածո ստեղծագործություն է, որի հիմքում որևէ ավանդազրույց է։ Որոշ բալլադներ հեքիաթների նման ֆանտաստիկ սյուժեներ ունեն։ 

Թումանյանը բավական շատ բալլադներ ունի։ Հայտնի են նաև «Ախթամարը», «Աղավնու վանքը», «Շունն ու կատուն», «Թագավորն ու չարչին» և այլն։

«Փարվանա» պարսկերենից թարգմանաբար նշ․ է  «կրակի թիթեռ»։ «Փարվանայի» նախահիմքում ավանդազրույց է մի թագավորի մասին, որը հայտարարում է, թե ով որ կրակ բերի, նրան կտա իր աղջկան։ Ով գնում է՝ կրակը տանի, ընկնում է մեջը, այրվում։

 Ահա այս զրույցից Թումանյանը կերտել է հավերժական սիրո երազանքի, կատարյալին հավերժ ձգտելու մասին մի մի չքնաղ ստեղծագործություն։  

Փարվանան Վրաստանի ամենամեծ լիճն է։ Այն զբաղեցնում է շուրջ 2600 քառ. կմ մակերես և գտնվում է ծովի մակերևույթից 1700 մ միջին բարձրության վրա:

Գործողությունները, ինչպես «Թմկաբերդի առումը» պոեմում, տեղի են ունենում Ջավախքում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն)։ Աբուլն ու Մթին սարերը Ջավախքի լեռներն են, իսկ Փարվանան Ջավախքի բարձրադիր լճերից է։ Թումանյանը եղել է այնտեղ, ապա գրել իր անմահ ստեղծագործությունը։

Ուշադրություն դարձնենք, թե ինչպես է ներկայացվում Փարվանա արքայադստեր գեղեցկությունը․

Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում

Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`

Իր որսն անելիս Մթին սարերում:

Բալլադը կինոֆիլմի նման է զարգանում։ Մեր առջև դեռ վարագույր է, մենք չենք «տեսել» արքայադստերը, սակայն Կովկասի կտրիճների հավաքվելը և նրանց  լարված սպասումը մեզ նախապատրաստում են նմանը չունեցող, վերերկրային գեղեցկություն տեսնելու։ 

Սպասում է ողջ աշխարհքը՝

Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կտրիճն արդյոք պիտի

Էն սիրունին տիրանա:

Հակոբ Կոջոյանի «Փարվանա» բալլադի նկարազարդումներից

 

Եվ ահա հայտնվում են Փարվանա արքայադուստրն ու իր ալեհեր հայրը։ Բանաստեղծը հոր և դստեր հակադրության միջոցով, ինչպես նաև կտրիճների հոգեվիճակի պատկերմամբ արքայադստեր գեղեցկության նկարագիրն ավարտին է հասցնում։

Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:

Հայրը ինչպես մռայլ մի ամպ,

Աղջիկն անուշ մի լուսին,

Ամպ ու լուսին իրար փարված՝

Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.

Կտրիճները, քարացած,

Երազների մեջ են ընկնում՝

Էս աշխարհքից վերացած:

Ընդգծված հատվածը հրաշալի օրինակ է, թե ինչպես  կարելի է առանց ածականների կիրառման, միայն մարդկանց հոգեվիճակը պատկերելով՝  գեղեցկության գերադրական աստիճան ստանալ  (նա ամենասիրունն էր, ամենաչքնաղը, ամենանուրբը ասելու փոխարեն)։

Հիմա ուշադրություն դարձնենք «հառաչել» բառին։ Ե՞րբ է մարդը հառաչում․․․

Երբ որ հոգս է ունենում, ցավ է զգում, չէ՞։ 

Հիմա զգացի՞ր, թե Թումանյանն ինչպես է հառաչել բառն այս կոնտեքստում օգտագործելով՝ հիացմունքի, հուզմունքի, զարմանքի գերխտացում պատկերել․․․ Միայն այս օրինակով  էլ կարող ենք հասկանալ, թե ինչու էր նա  ասում․ «Մի բառը մի աշխարհ է»։

 

Կտրիճները պատրաստ են մրցելու, պայքարելու՝ արքայադստեր ընտրությանն արժանանալու համար, բայց նա դեմ է գնում դարերով ամրագրված սովորույթին։ Նա չի ուզում ամենաուժեղին ընտրել, նա այլ արժեքներ է կարևորում․

— Գուցե, հայրի՛կ, տկար լավին

Հաղթի մի վես տմարդի,

Բայց չի կարող լինել երբեք

Նա սիրելին իմ սրտի…․

Կտրիճները իրար են խառնվում․ այդ դեպքում ի՞նչ է ուզում արքայադուստրը ոսկի՞, արծա՞թ երկնքից աստղե՞ր, աղջիկը պատասխանում է․

— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ

Եվ կամ աստղը երկնքի,

Ոչ էլ գոհար եմ պահանջում

Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նրանից հուր եմ ուզում,

Անշեջ հուրը սրբազան,

Ով կբերի անշեջ հուրը,

Նա է ընտրած իմ փեսան…

Կտրիճները նետվում են փնտրելու աղջկա ուզածը, բայց շտապելու պատճառով թիթեռներ են դառնում, որոնք կրակ տեսնելիս նետվում են նրա մեջ։

Տարիներ շարունակ իր ընտրյալին ապարդյուն սպասող ու հուսահատվող աղջկան հայրը գրեթե ասում է ճշմարտությունը․

— Կգա, դստրի՛կ, իմ թանկագին,

Հեշտ չի բերվում հուրն անշեջ.

Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նրա մեջ…

Արքայադուստրը չի հասնում իր երազանքին։ Նա այնքան է լաց լինում, որ նրա արցունքներից գոյանում է Փարվանա լիճը։ 

Աղջկա ողբերգությունը իրականության և երազանքի հակադրությունն է։ 

Կամ գուցե չհասկացված լինե՞լը։ Չէ՞ որ անշեջ հուրը պետք չէր հեռուներում փնտրել, այն կտրիճներից մեկը պիտի գտներ իր սրտում, բայց այդպես էլ չգտավ․․․

Տխուր պատմություն է, այնպես չէ՞։ Բայց բալլադի եզրափակիչ տողերում գաղտնագիր կա։ Արի միասին փորձենք վերծանել։ 

Շտապելուց թև են առել,

Դարձել թեթև թիթեռներ,

Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.

Ջանք է անում ամեն մինը,

Շուտով տանի, տիրանա…

Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ

Կտրիճները Փարվանա:

Ուշադրություն դարձրու «անվերջ» բառին․ ո՛չ,  սա դժոխային տանջանքների նկարագրություն չէ։ смайлик

Հավերժորեն ապրում են կրակի թիթեռները, նույնիսկ անխուսափելի մահվան վախը չի կանգնեցնում նրանց, նրանք նետվում են դեպի լույսը, դեպի իդեալը, դեպի երազանքն ու կատարելությունը՝ առանց երկմտելու․․․․

Թումանյանն իր հանճարեղ բալլադով հաստատում է․ մարդուն մարդ է պահում կատարելության անվերջ, անհասանելի ձգտումը։ 

Քննարկում

Դիտե՞լ ես «Փարվանա»  մուլտֆիլմը, 

Ըստ քեզ՝ մուլտֆիլմը ստեղծողները կարողացե՞լ են հաղորդել բալլադի հիմնական ասելիքը։

Հակոբ Կոջոյանի նկարազարդումներից

Հավերժական սիրո մասին է նաև Ավ․ Իսահակյանի «Հավերժական սերը» բալլադը։ Այնտեղ հերոսը՝ Էլ Սամանը, մարտահրավեր է նետում ամենազոր ժամանակին և ցույց  է տալիս, որ մահն էլ չի կարող բաժանել իրեն իր սիրելիից։ Բալլադը գրավում է շքեղ  և գեղեցիկ պատկերներով։

Կարդա  և համեմատիր։

ԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ

(Պոեմը չափածո մեծածավալ ստեղծագործություն է: «Թմկաբերդի առումը» էպիկական՝ պատմողական պոեմ  է)

լսել այստեղ

Պոեմի հիմքը 

Թումանյանը «Թմկաբերդի առումը» պոեմը ստեղծել է ավանդազրույցի հիման վրա։ Նա եղել է Ջավախքում՝ Թմկաբերդում, և  հետո գրել իր անմահ ստեղծագործությունը։

Թումանյանը ճամփորդությունից հետո գրում է․ «Թմկաբերդում պատմեցին ինձ, թե մի ժամանակ Թմկաբերդում իշխում էր մի հայ իշխան։ Պարսից թագավորը եկել, երկար պաշարել է այս բերդը, սակայն չի կարողացել գրավել։ Իշխանի կինը սիրահարվել է պարսից շահին և ծածուկ առել նրա հաճությունը իր հետ ամուսնանալու, թե ինքը սպանե իր ամուսնուն և բերդը հանձնե շահին։ Շահն այսպիսով տիրել է բերդին և հարցրել է մատնիչ իշխանուհուն․ «Ես եմ գեղեցի՞կ, թե՞ ամուսինդ»։ Եվ երբ սա պատասխանել է, թե՝ ամուսինս գեղեցիկ էր, շահը հրամայել է կապել նրան ձիու պոչից և քաշ տալ մինչև մեռնելը՝ ասելով․ «Եթե ամուսինդ շահից գեղեցիկ էր, ինչու՞ սպանեցիր»։

Թումանյանն այս ավանդազրույցին պատմական զգեստներ է հագցրել՝ պարսից թագավորի կերպարում մարմնավորելով Նադիր շահին։

Արժե իմանալ

Նադիր շահ (18-րդ դար) - հաղթել էր  մի շարք նվաճողական պատերազմներում։ Հայոց պատմության մեջ  նույնպես նրա անունը հիշատակվում է․ նա Արցախն անջատել է Գանձայի խանությունից  և  առանձին միավոր հայտարարելով՝ ձևավորել Խամսայի մելիքությունները։ 

Թաթուլ - Թումանյանի հորինած հերոսն է։ Նրա մեջ կարելի է տեսնել մեր քաջ հերոսների հավաքական կերպարը։

Թումանյանը նայում է Թմուկ բերդի ավերակներին։

Արժե իմանալ

Նադիր շահ (18-րդ դար) - հաղթել էր  մի շարք նվաճողական պատերազմներում։ Հայոց պատմության մեջ  նույնպես նրա անունը հիշատակվում է․ նա Արցախն անջատել է Գանձայի խանությունից  և  առանձին միավոր հայտարարելով՝ ձևավորել Խամսայի մելիքությունները։ 

Թաթուլ - Թումանյանի հորինած հերոսն է։ Նրա մեջ կարելի է տեսնել մեր քաջ հերոսների հավաքական կերպարը։

Գործողությունները տեղի են ունենում Ջավախքում (այժմ՝ Վրաստանի Հանրապետություն) 

«Թմկաբերդի առումը» էպիկական՝ պատմողական պոեմ է համարվում, որովհետև  ունի մի քանի հերոսներ, հարուստ է իրադարձություններով և այլն։

Պոեմի գլխավոր ասելիքը մարդու լավ գործի փառաբանումն է։ Պոեմը պատմվում է թափառական աշուղի շուրթերով, սկսվում և եզրափակվում է կյանքի կարճ լինելու և լավ արարքներով մարդու հավերժ ապրելու մասին տողերով․

 Անց են կենում սեր ու խնդում,

Գեղեցկություն, գանձ ու գահ,

Մահը մերն է, մենք՝ մահինը,

Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

Որ խոսվում է դարեդար,

Երնե՜կ նրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար։

 

Թմկաբերդ

Թևավոր խոսքի է  վերածվել Ով կհաղթի կյանքում հերոսին/ Թե չլինին կինն ու գինին արտահայտությունը, որն ասում է աշուղը՝ որպես Ֆիրդուսուց մեջբերում։ Հետաքրքիր է այն փաստը, որ «Թմկաբերդի առումը» պոեմի պարսիկ թարգմանիչները վկայել են, որ նման տողեր իրենք Ֆիրդուսու բնագրերում չեն գտել։

Կերպարները - Պոեմն ունի հիշողության մեջ դաջվող կերպարներ։ Ահա Թաթուլի քաջ, առնական կերպարը։ Նա նման է մեր պատմության պայծառ ու ուժեղ հերոսներին, որոնք գիտեն ինքնամոռաց կռվել՝ պատշպանելով իրենց պատիվն ու հայրենիքը և նաև անսահման սիրել։ Նրա պես քաջին ուժով ոչ ոք չի կարող հաղթել, և շահը գտնում է խաբեությամբ նրան հաղթելու հնարը։

— Էն Թմկա ձորում սև ա՞մպն է գոռում,

Էն շա՞նթն է ճայթում էնպես ահարկու։

— Էն Թմկա ձորում Թաթուլն է կըռվում,

Էն թուրն է շաչում էնպես ահարկու։

Ի՜նչ սարի արծիվ կհասնի քաջին,

Ի՜նչ շահ կկանգնի նրա առաջին։

Քննարկում

Հայոց պատմությունից հիշու՞մ ես դեպքեր, երբ մեզ ուժով չեն հաղթել, բայց  դիմելով խորամանկության՝ հաղթել են։

Թմկա տիրուհի  - Նա շատ գեղեցիկ է։ Թումանյանը ներկայացնում է նրա գեղեցկությունից հմայված աշուղների խոսքերը, և ընթերցողն արդեն պատկերացնում է ծով աչքերով, ճերմակամաշկ, չքնաղ կնոջը, որի սիրով հմայված Թաթուլն էլ ավելի անպարտելի էր դառնում։

Էն տեսակ կին,

Ես իմ հոգին,

Թե աշուղն էլ ունենար,

Առանց զենքի,

Առանց զորքի

Շահերի դեմ կգնար։

Սիրո հնոց,

Կրակ ու բոց՝

Էնպես աչքեր թե ժպտան,

Մարդու համար

Օրվա պես վառ

Գիշերները լույս կտան․․․․

․․․․Ծով են աչքերը Ջավախքի դստեր,

Ու կորչում է մարդ նրա հայացքում,

Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ,

Որ բարձր Աբուլի* գագաթն է ծածկում։

 

 *Աբուլը Ջավախքի լեռնագագաթներից է։

Թումանյանը կարողանում է համոզիչ կերպով պատկերել  հերոսների ներաշխարհի զարգացումը։ Պոեմի սկզբում Թմկա տիրուհին նույն հարթության վրա է, ինչ Թաթուլ իշխանը, սակայն աշուղի գայթակղիչ խոսքերը շահի հզորության և նրան սպասող շքեղ կյանքի մասին փառասիրական ձգտումներ են արթնացնում, և այդ պահից սկսվում է Թմկա տիրուհու ներքին անկումը։

Նա չի գնահատում Թաթուլի սերն ու հավատարմությունը («Փարվանա» պոեմի բառերով ասած՝ անշեջ հուրը) և դավաճանում է ամուսնուն՝  կործանման մատնելով Թմուկ բերդի պահապաններին։ Նա հարբեցնում է բոլորին ու բացում դարպասները։

Քննարկում

Թմկա տիրուհին մարդու տիպ է։ Հանդիպե՞լ ես քո շրջապատում անսկզբունքային, փառամոլ կանանց, իսկ տղամարդկա՞նց։

Էդուարդ Իսաբեկյան «Թմկաբերդի առումը»

Քննարկում

Լսե՞լ ես «հերոստրատյան փառք» արտահայտությունը։ Կարո՞ղ ես ասել, թե այդ արտահայտությունն ի՞նչ կապ ունի Թմկա տիրուհու հետ։

նկ․՝ Էդ․ Իսաբեկյան։ Թմկա տիրուհին՝ Շահ Աբասի առջև

 

Շահը գրավում է  Թմուկ բերդը։  Այլևս չկա անհաղթելի Թաթուլը, չկան մյուս քաջերը, երանելի գեղեցկուհին էլ իր ոտքերի տակ է։ Սակայն գոհունակության փոխարեն մի ուրիշ ծանր միտք է ծնվում շահի գլխում․ անցողիկ է ամեն բան, ակնթարթ է կյանքը, իր հետ էլ կարող են այդպես վարվել․․․  Եվ նա Թմկա տիրուհուն մի հարց է տալիս․ սա պոեմի ամենալարված հատվածն է։  

-Պատասխա՛ն տուր ինձ, մատնի՛չ սևաչյա,

Մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․

Ինչի՞ պակաս ուներ Թմկա տիրուհին, ինչո՞ւ այդպես վարվեց․․․Ինչո՞ւ մարդիկ չեն գնահատում իրենց իսկապես թանկ արժեքները։ 

Շահի թունոտ հարցը խոցում է Թմկա տիրուհուն, որն արդեն գիտակցել էր իր արարքի հրեշավորությունը։ Նա փորձում է տալ արժանապատիվ պատասխան, որի մեջ ուշացած զղջում կա․

- Քաջ էր ու սիրուն քեզնից առավել ․

Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․

Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,

Չէր եղել կյանքում երբեք խաբեբա․․․

Շահը զայրույթից մռնչում է ու հրամայում Թմկա տիրուհուն ժայռից ցած նետել։

Գել ու աղվես եկան հանդից

Ագահ սիրտը լափեցին,

Ցին ու ագռավ իջան ամպից,

Սև աչքերը հանեցին։

Հիշու՞մ եք «Ծով էին աչքերը Ջավախքի դստեր․․․» տողը։  Այդ նույն աչքերն են, միայն թե այս անգամ Թումանյանի գրիչը անգութ է դավաճան կնոջ հանդեպ։ 

Հեռանում են աշխարհից  բոլորը․ թե՛ անպարտելի Թաթուլը, թե՛ դավաճան գեղեցկուհին, թե՛ ահեղ շահը, բայց ի՞նչ  հետք, հիշողություն են թողնում նրանք, ի՞նչ հետք կթողնենք մենք։  Թումանյանն ուզում է, որ  այս հարցերի շուրջ մտածի իր պոեմը կարդացողը։ Եվ թափառական աշուղի շուրթերով ասում է․ 

Ամենքս էսպես հյուր ենք կյանքում

Մեր ծննդյան փուչ օրից,

Հերթով գալիս անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից։

 

Անց ենք կենում… միայն անմահ

Գործն է խոսվում լավ ու վատ.

Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կգա

Ու մարդ կերթա անարատ։

Երանի նրան, ով անարատ մարդ է մնում, ով «արևի նման է նայում աշխարհին» (հիշո՞ւմ եք Թումանյանի ասույթները), ով հավատարիմ է մնում մարդ կոչմանը ․․․․

Արժե իմանալ

«Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա Ալեքսանդր Սպենդիարյանը ստեղծել է «Ալմաստ» օպերան, որի պրեմիերայով էլ բացվեց Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքը։ Օպերայում Օլմաստ է Թմկա տիրուհու անունը։ Թումանյանը նրան անվանել է Գոհար, սակայն երաժշտական առումով անհամապատասխանության կար, այդ պատճառով Սպենդիարյանն ընտրել է Ալմաստ անունը։

Արժե իմանալ

«Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա Ալեքսանդր Սպենդիարյանը ստեղծել է «Ալմաստ» օպերան, որի պրեմիերայով էլ բացվեց Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի շենքը։ Օպերայում Օլմաստ է Թմկա տիրուհու անունը։ Թումանյանը նրան անվանել է Գոհար, սակայն երաժշտական առումով անհամապատասխանության կար, այդ պատճառով Սպենդիարյանն ընտրել է Ալմաստ անունը։

Քննարկում

Պոեմի ո՞ր հատվածը կամ հատվածները քեզ դուր եկան, ինչո՞ւ

ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼ

«Կյանքս էլ «Հազարան բլբուլ» է դառնալու․․․ չի գրվելու, չի լինելու․․․ »

                      Հովհ․  Թումանյան

 

«Հազարան բլբուլը»  Հովհ․ Թումանյանի գլուխգործոցը պիտի լիներ։ «Թող մի լավանամ, պարապեմ,  «Հազարան բլբուլս» ավարտեմ։ Ինչ «Անուշ», ինչ բան, էնպիսի մի գործ եմ տալու․․․»,- գրում էր արդեն հիվանդ Թումանյանը։ Նա 30 տարի աշխատել էր այդ գործի վրա, բայց չհասցրեց ավարտել։ 

Ալամ թագավորի երկիրը մի կնոջ անեծքով ավերվում է։ Այգին չորանում է, մարդիկ էլ գազան են դառնում։ Թագավորը հավաքում է գիտնականներին, խորհուրդ հարցնում, բայց նրանք չեն գտնում ելքը։ 

Թագավորին տեսիլք է երևում․ մի ծերունի նրան հայտնում է, թե միայն  հազարան բլբուլը կարող է փրկել նրա երկիրը։ Թագավորի երեք որդիները գնում են հազարան բլբուլը բերելու։ 

Փոքր որդու՝ Արեգի անցած ճանապարհով Թումանյանը գաղտնագրված պետք է տար այն խորհուրդները, որոնք հասկանալու  և կատարելու դեպքում երկիրը դուրս կգար ծանր վիճակից, այգին կկանաչեր, մարդիկ նորից մարդկային կերպարանք կստանային։

Թագավորի փոքր որդին պոետ է՝ արվեստի մարդ, որը ճանապարհին սրտագետ է դառնում։ Նա մերժում է բոլոր գայթակղիչ առաջարկները, որովհետև նպատակ ունի․․․

Թումանյանը այս ստեղծագործությամբ պիտի ցույց տար, որ  բարձրարվեստ երաժշտության, գրականության, մի խոսքով՝ մշակույթի միջոցով պիտի գազանացած  մարդը կրկին մարդանա, ու ավերակված երկիրն էլ ծաղկի։ 

«Պատահեց, որ մի ժամանակ քնքուշ ու բանական մարդը գազան դարձավ։ Ինչ արին, չարին, հնարք չեղավ գազանը նորից մարդ դարձնելու։ Բայց ի վերջո հնարը հայտնվեց։ Դա երգն էր, երաժշտությունը։ Թող բացվի վարագույրը, հնչի երգի աստվածային ձայնը,  և գազանը մարդ դառնա․․․»,- ասել է մի անգամ Թումանյանը։

 Շատ խոր իմաստ ունեն Թումանյանի այս խոսքերը, ու մեր օրերում էլ մեզ շատ կօգնեն, միայն թե հասկանանք, թե ինչ մտքեր, զգացումներ, ձգտումներ առաջացնող երաժշտություն, գրականություն, մի խոսքով՝ մշակույթ է մեզ պետք․․․

Քննարկում

Ի՞նչ երաժշտություն, երգեր ես լսում։ Ուշադրություն դարձրե՞լ ես՝ ո՞ր երգը ինչպե՞ս է ազգում քո տրամադրության ու ձգտումների վրա։

Հազարան բլբուլ

ՍԻՐԻՈԻՍԻ ՀՐԱԺԵՇՏԸ

Այս բանաստեղծությունը հասկանալու համար մի քիչ աստղագիտական գիտելիքներ են պետք։ Սիրիուս հունարենից թարգմանաբար նշանակում է «պայծառ»։ Սիրիուսը Մեծ Շան համակարգի ամենամեծ ու պայծառ աստղն է։ Այն պայծառ է երևում, որովհետև մոտ է մեզ։ Հինավուրց մշակույթներում Սիրիուսը կարևոր նշանակություն է ունեցել։ Այդպես էր Հին Եգիպտոսում, որտեղ այն երկրպագում էին, այդպես էր Շումերում, Չինաստանում, այդպես էր Հին Հայաստանում։ Հազարամյակներ առաջ  Քարահունջի աստղադիտարանում ուսումնասիրել են Օրիոն համաստեղությունն ու Սիրիուս աստղը։ Աստղերի դիտման համար հատուկ դիրքերով քարեր են տեղադրվել, որոնց մեջ բացված անցքից էլ դիտել են։

Այս բանաստեղծությունը Թումանյանը գրել է մահվանից մեկ տարի առաջ՝ 1922 թ․։  

Տիեզերքի հավերժությունն ու մարդկային կյանքը համեմատվում են նաև ավելի վաղ գրված «Աստղերի հետ» բանաստեղծության մեջ։ 

Ազդակը 14-ամյա Վիկտոր Համբարձումյանի այցն էր բանաստեղծին։ Զրույցի ժամանակ ապագա մեծ գիտնականը տեղեկություններ է հաղորդում Սիրիուսի մասին։ Բանաստեղծությունն առաջին անգամ հրատարակելիս Թումանյանը գիտական տվյալներ էր կցել բանաստեղծությանը՝ գրելով, որ Սիրիուսն անընդհատ մեզանից հեռանում է, արևից մեծ է 144 անգամ և պայծառ՝ 88 անգամ։   

Սիրիո՛ւս, երկնից ահեղ անցվոր,

Ուրկի՞ց եկել,

Ո՞ւր ես թեքել,

Ո՞ւր ես ճեպում էդքան հզոր,

Անճառ թափով,

Անծեր ճամփով,

Դարե՜ր, դարե՜ր հազարավոր։

Թումանյանի՝ աստղերի ծննդի մասին այս հարցի պատասխանը հետագայում գտավ հենց Վ․ Համբարձումյանը՝ ապացուցելով, որ աստղերը ծնվել են անցյալում և այժմ էլ շարունակում են ծնվել ու համապատասխանաբար մի օր էլ կարող են մեռնել, բայց դա տևում է միլիոնավոր, միլիարդավոր տարիներ։

Թումանյանը համեմատում է մարդու կյանքի ակնթարթն ու աստղային հավերժությունը։ Նա արդեն զգում էր մահվան շունչը և «Սիրիուսի հրաժեշտը» նաև Թումանյան հանճարի հրաժեշտն է։ 

Միջնորդ  ընտրելով երկնային ամենապայծառ  ճամփորդին՝ Սիրիուսին,  Թումանյանը հարց է ուղղում հզոր մահին․ 

Բարի ճամփա՛, հյո՛ւրդ մեր հին.

Եվ թե տեսնես՝

Մեզնից էսպես

Մի հարցում տուր հզոր մահին.

— Մարդու քանի՞

Սերունդ կանի

Մի հրաժեշտն աստեղային։

 

 

 

 


 

Երիտասարդ Վիկտոր Համբարձումյանը

Ըստ դստեր՝ Նվարդի հուշերի՝  կյանքի վերջին օրերին էլ  Թումանյանը հաճախ էր նայում  Սիրիուսին։ Մի անգամ ասում է․ «Երանի քեզ, Սիրիո՛ւս, որ մեզ պես ցավեր չունես»։

 

 «Սիրիուսի հրաժեշտը» բանաստեղծությունից մեկ ամիս հետո Թումանյանը գրում է հետևյալ քառյակը․

Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,

Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին…

 

Այո, բարձր արժեքներ ունեցող մարդու հոգին ևս կարող է հավերժական ճամփորդ լինել, ինչպես Սիրիուսը․․․ 

ԲԱՐՁՐԻՑ

Հովհաննես Թումանյանի խոհափիլիսոփայական  բանաստեղծութուններից է։ Գրվել է ողբերգական 1915 թվականին։ 

Ինչո՞ւ «Բարձրից»։

Բարձրում երկինքն է՝ ներդաշնակությունը,  խաղաղությունը, աստվածային իմաստնությունը, որին ձգտում էր Թումանյանի էությունը, իսկ ներքևում մարդիկ են, որոնք «անվերջ գեղեցիկ աշխարհում» ներդաշնակ ապրելու փոխարեն, իրենց չարությամբ, ագահությամբ,  վայ-օրենքներով կյանքը դարձնում են «տանջանք, ցավ համատարած»։ 

Հեռախոսով լուսանկարելիս երևի նկատել ես, որ բարձրից՝ վերևից, պատկերը ամբողջական է երևում, իսկ այլ դիրքերից նման պատկեր ստանալ հնարավոր չէ։ Թումանյանի դիտակետում է ամբողջ աշխարհը, որտեղ չնչին տարբերություններով ամեն ինչ նույնն է։ 

Տեսավ աշխարհքը՝ գեղեցի՜կ, անվե՜րջ,

Եվ հայրենիքներն անձուկ* նրա մեջ,

Եվ աստվածները նրանց զանազան,

Եվ սուրբերը խիստ, խտրող ու դաժան։

 

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.

Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,

Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված,

Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած։

Բանաստեղծի հոգին հայացքը կրկին ուղղում է դեպի իր մեծ սիրտը և կրկին ամփոփվում իր անվերջ սիրով լի արարչական խոհերի մեջ․

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու—

Խոր, արարչական հանգիստն անխռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շնչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով...

*Անձուկ – նեղ, նեղվածք

Քննարկում

Ի՞նչ նկատի ունի Թումանյանը՝ «Սուրբերը խիստ, խտրող ու դաժան» տողով։

Քննարկում

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.

Ամեն հայրենիք՝ իրեն զավակին

Դու ինչպե՞ս ես հասկանում այս տողերը։

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ

«Հոգեհանգիստ» բանաստեղծությունից հետո է գրվել «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը, կրկին 1915 թ․ :

Այն հայ ժողովրդի պատմության բոլոր վերելքներն ու վայրէջքները, ցավերն ու  հավերժության հավատն ամփոփող մարգարեական երկ է։ 

Այժմ էլ թվում է, թե մեր օրերի մասին է գրվել: 

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում

Եվ իմ սիրտը իմ մտքի հետ անհուններն է թափառում,

Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝

Մղկտում է սիրտս անվերջ քո թառանչից աղեկեզ...

 

Ի՞նչ նկատի ունի բանաստեղծը՝ Անհայտ ասելով․

        Կյանքի վերջին տարիներին Թումանյանի խոհերն ավելի տիեզերական թեմաների շուրջ էին: Նրան հետաքրքրում էին տիեզերական գաղտնիքներն ու օրինաչափությունները, կյանքի, մահվան ու հավերժության խորհուրդը: Այդ խոհերի արդյունքն են նրա քառյակները: Բայց հայրենիքի վիշտը ամեն անգամ նրան վերադարձնում էր դեպի ցավոտ իրականություն:

Բանաստեղծության կառուցվածքին ուշադրություն դարձրու.  յուրաքանչուր տան իմաստը խտանում է կրկնվող երկտողերում` Զարկված հայրենիք/զրկված  հայրենիք, Ողբի հայրենիք/Որբի հայրենիք...

Սակայն այդ անլույս իրականության մեջ Թումանյանը հավատում է իր ժողովրդի ներուժին ու ապրեցնող, մարգարեական խոսքեր է հնչեցնում.

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,

Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հնի.

Հառաչանքով սրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,

Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ պիտի ասես աշխարհքին

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձգտում է մեր հոգին―

                           Հույսի՜ հայրենիք,

                           Լույսի՜ հայրենիք։

 

Ի՞նչ  հասկանանք «խոսք ես խոսում Աստծո հետ», «խորհում ես խորհին խորհուրդ» ասելով: Ի՞նչ մեծ խոսք կարող է խորհել հայրենիքը։

Պատասխանը պետք է փնտրել մեր մշակույթում: Գաղտնիք չէ, որ մեր լեռնաշխարհում ձևավորված ժողովուրդը դարեր շարունակ առաջավոր գաղափարներ է ամբարել, վկան՝ մեր հնագույն աստղագիտական կենտրոնները, յուրօրինակ ճարտարապետությունը, աստվածային երաժշտությունը (այսօրվա ռաբիզ երգիչներին կամ էլ հեռուստաաստղերին մի հիշեքсмайлик) և այլն, և այլն։

Քննարկում

Ի՞նչ ես կարծում․ եղե՞լ է պահ, երբ իրականացել է Թումանյանի մարգարեությունը։

Մհեր Աբեղյան «Սևանա կղզում»

Այսօր էլ, հնի ու նորի սահմանագծին, կորցրել ենք մեզ, մեր իսկական դեմքը:  Ու  Թումանյանը շուրջ 100 տարի հետո կրկին մեզ մաքառման, միավորման ու վերածնվելու ուժ ու կորով է փոխանցում.

Ու պիտի գա հանուր* կյանքի արշալույսը վառ հագած,

Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,

Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,

Կենսաժպիտ իր շողերը պիտի ժպտան առաջին,

Ու պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,

                           Իմ նո՜ր հայրենիք,

                           Հզո՜ր հայրենիք․․․

*հանուր – ընդհանուր

 

Այս բանաստեղծությունը կառուցվածքային և իմաստային ընդհանրություն ունի «Հայոց լեռներում» բանաստեղծության հետ, որը ավելի վաղ է գրել։

Հետաքրքիր կլինի Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը համեմատելը Ավ․ Իսահակյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծության հետ։ Իսահակյանը կարծես ի պատասխան Թումանյանի գրած լինի այն։

Քննարկում

Փորձիր բացատրել «պոետներ, որ չեն պղծել իրենց շուրթերն անեծքով» տողի իմաստը։

Մհեր Աբեղյան «Հայրենիք»

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

 կարդա այստեղ

Ծանո՞թ ես հոգեհանգստի արարողությանը: Երբ մեկը մահանում է, հաջորդ օրը հարազատները հավաքվում են,  մոմերի, ծաղիկների ու խնկի բույրի ուղեկցությամբ քահանան աղոթում է մահացածի հոգու հանգստության համար:

Իսկ հիմա պատկերացրու 1915 թվականը, երբ մեկ ու կես միլիոն հայեր սրատվեցին ու դաշտերում,  ձորերում, այրող անապատում մնացին անթաղ... 

Մեկ մարդու կորուստն էլ ողբերգություն է, իսկ ինչպիսի՞ն է Ամենայն հայոց հայրիկի ողբերգությունը, նրա, ով դստեր հետ գիշեր ու զօր մոլեգնող համաճարակների պայմաններում Էջմիածնում ծովացած որբերին էր փորձում տիրություն անել:

Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝

Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին,

Որ շեն ու քաղաք, որ սար ու հովիտ, ծովից մինչև ծով

Մարած են, մեռած, փռված ու ցրված հազար հազարով...

Որպեսզի ողբերգության մասշտաբները հասկանալի դառնան, Թումանյանի հոգեհանգստին մասնակցում է Հայկական ողջ լեռնաշխարհը:  Ջահեր` կերոններ են դառնում Մասիսը, Արան, Սիփանը, Սըրմանցը /Բյուրակն/, Թանդուրեք-Թոնդրակը: Ուշադրություն դարձնենք, որ լեռները հիմնականում հրաբխային են, հետևաբար լեռների ջահերը վառելու բանաստեղծական պատկերն ավելի ազդեցիկ ու հզոր է դառնում։

Հայկական լեռնաշխարհի քարտեզի վրա Հ․ Թումանյանի  նշած լեռներն են, իսկ հիմա աչքերդ մի պահ փակիր ու պատկերացրու հայոց վշտահար Նահապետին, որը, ողջ լեռնաշխարհով մեկ անցնելով, կատարում է այս ողբերգական արարողությունը...

Սուրբ Արագածի կանթեղն էլ, ինչպես հեռավոր արև,

Անհաս, աննվազ, միշտ վառ ու պայծառ, իմ գլխի վերև... 

Արագածի մասին տողերը հասկանալու համար պետք է ծանոթ լինել Արագածի մասին ավանդազրույցին: Այդ մասին Թումանյանն առանձին բանաստեղծություն ունի` «Լուսավորչի կանթեղը»: Ըստ ավանդազրույցի` մթնշաղին, Արագածի չորս գագաթների միջև առկայծում է Գրիգոր Լուսավորչի կանթեղը, որը հայի հույսի խորհրդանիշն է, այն ասես «Աստծո պայծառ աչքն է, որ հսկում է մեզ»: Այս բանաստեղծությունը շատ ավելի վաղ է գրել, 1902 թ., երբ այս ողբերգությունները դեռ տեղի չէին ունեցել , բայց մեր ժողովրդի հարատևության մասին չմարող հավատը այդ տողերում կարելի է տեսնել:

Եղիշե Թադևոսյան «Հովհաննես Թումանյանի դիմանկարը»

Իսկ հիմա բանաստեղծը, Մասիսի նման խոժոռ, մենակ ու հաստատ կանգնելով, ձայնում մինչև Միջագետք, մինչև Ասորիք ցրված այն հոգիներին: Հոգեհանգստի արարողությանը մասնակցում է ողջ բնությունը. Եփրատն ու Տիգրիսը սաղմոս են կարդում, ամպերը` բուրմունք խնկում.

— Հանգե՜ք, իմ որբե՜ր... իզո՜ւր են հուզմունք, իզո՜ւր և անշահ...

Մարդակեր գազան՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա...

«Մարդը մարդուն գայլ է» ասվում է լատինական ասացվածքում, «մարդակեր գազան` մարդ» ասում է Թումանյանը...

Պարզ է, չէ՞, թե ինչու է այս նկարում ընդամենը 46 տարեկան Թումանյանը մեզ նայում 70-ամյա լուսե պապիկի դեմքով․․․

Իր դստեր` Անուշի ալբոմում Թումանյանը  գրել է. 

Իմ մուրազը շատ էր շքեղ, 

Դրախտ պիտեր քաղաք ու գեղ,

Երգը հոսեր հառաչքի տեղ,

Սերն ու բարին` Արազ, Անո՛ւշ....

(Իր շքեղ երազանքն էր, որ դրախտ դառնային գյուղերն ու քաղաքները, սերն ու բարությունը հորդահոս, առատ լինեին Արաքս գետի նման)։

Իրականության և երազանքի բախումը․ այս թեմայով  քառյակների էլ դեռ կհանդիպենք։

Թումանյանը դստեր՝ Անուշի հետ։

ՔԱՌՅԱԿՆԵՐ

Քառյակները ընդամենը չորս տողից բաղկացած բանաստեղծություններ են, ունենում են ընդհանրացնող, խոր բովանդակություն։ 

Քառյակի ժանրը առավել բնորոշ է արևելյան պոեզիային։ Հայկական միջնադարյան պոեզիայի գեղեցիկ նմուշները՝ հայրենները ևս յուրօրինակ քառյակներ են։ Կյանքի վերջին տարիներին Թումանյանը սկսեց գրել քառյակներ՝ այդ ձևով ներկայացնելով իր ադամանդի խտություն ստացած  մտքերն ու զգացմունքները։

«Քառյակները ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են», - գրել է Թումանյանը։ 

Վերջին տարիների զրույցներում բանաստեղծը պատմել է քառյակներ գրելու շարժառիթների մասին.

«Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են: Ես առաջ Պուշկինի, Լերմոնտովի ազդեցության տակ էի, հիմա Արևելքին եմ գալիս, գալիս եմ դեպի մերը… »: «Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության… Քառյակը գոհար է և անպայման հղկված պիտի լինի»:

Թումանյանն իր քառյակները թեմատիկ շարքերի չի բաժանել, գրել է խառը: Բայց հասկանալու համար, շատ պայմանականորեն մենք դրանք միավորենք մի քանի թեմաների շուրջ։ 

Կյանքի վերջին տարիներին շատ ծանր կորուստներ ունեցավ Թումանյանը․ մահացան երկու եղբայրները։ 1915 թ․ Ռոստոմին դավադիր կրակոցով սպանեցին, մեկ տարի անց Արտաշեսը ռազմաճակատում զոհվեց։ Հետո  ամենածանրը որդու՝ Արտավազդի զոհվելն էր Վանում (1918 թ․)․․․․

Քառյակների մի մասը այդ կորուստներից ծնված հառաչանքներն են՝ վերածված ընդհանրապես մարդկային ցավի ընդհանրացման։

Էդուարդ Իսաբեկյան «Թումանյանի դիմանկարը»

Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։

 Շատ քառյակներ արտահայտում են երջանիկ օրերի, սիրելի վայրերի, ձայների, բույրերի, դեմքերի կարոտ։ Դեմքերի, «որ հիմի չկան»: 

 Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։

 Այդ կարոտը բյուրեղյա նրբությամբ նկարագրված է նաև նրա «Պատրանք» բանաստեղծությունում, որը գրել է 1918 թ․, սիրելի եղբոր՝ անտառապահ Ռոստոմի մահից 3 տարի անց։

Վեր է կացել էն սարում

Մեր Չալանկը իր թևից.

Գնում է մութ անտառում,

Քաջ ախպերս ետևից։

 

Զրնգում են նրանք խոր

Էն անտառում կուսական.

Ես կանչում եմ նորից նոր,

Ինձ թվում է, թե կգան...

 

Զո՜ւր... վաղուց են, ա՜խ, նրանք

Մեր սարերից գնացել.

Էն զիլ ձեներն են մենակ

Իմ ականջում մնացել։

 Հիմա փորձենք պատկերացնել այդ պատրանք-հուշը՝ իր հոգեբանական նրբություններով։ Հայրենի անտառներով գնում են, առջևից ավագ՝ քաջ եղբայրն է շան հետ գնում ու նրանց զրնգուն ձայներով է լցված ողջ անտառը։ Ու որքան էլ մութ ու «կուսական» լինի անտառը, նրանց ներկայությունը ցրում է անհանգստությունն ու անորոշությունը, պարգևում պաշտպանված լինելու թանկ զգացողություն․․․

 Տարիներ անց սիրելի սարերն ու անտառները դատարկվել են․ հարազատ մարդիկ էլ չկան, ու մնացել է խոր կարոտը՝ զրնգացող ձայների պատրանքով։

Քննարկում

Իսկ դու ինչպե՞ս ես զգում կարոտը  (ձայների, բույրեր, գույներ․․․)։

Քառյակներում Թումանյանը սահմանում է  իսկական բանաստեղծի, արվեստագետի դերը․ նա աստվածային, տիեզերական լույսի կրողն ու փոխանցողը պիտի լինի «Առատ, անհատ, Աստծո նման»։ 

 Քանի ձեռքից եմ վառվել

Վառվել ու հուր եմ դառել

Հուր եմ դառել, լույս տվել,

Լույս տալով եմ սպառվել։

Լավ բառախաղ է , չէ՞․ «վառվել ու հուր  եմ դառել»։ Այնքան էլ հեշտ է անգիր սովորելը, բայց սպասիր։ Հիշո՞ւմ ես՝ «մի բառը մի աշխարհ է»։ Ի՞նչ կա այդ «հուր» բառի խորքում։ Այս ի՞նչ տեսարան է նկարագրում Թումանյանը։

 Կրակը ոչնչացնում է ու միաժամանակ ջերմացնում ու լույս է տալիս։ Ցավը, տառապանքը, «նենգ ու դավը» փոխակերպել, լույսի ու ջերմության վերածել․ քիմիական այս ռեակցիայի գինը ինքնաայրումն է․․․ Իսկ ի՞նչ էր Թումանյանի կյանքը, եթե ոչ ինքնաայրում։ «Հազար կապով» իր ժողովրդի հոգս ու ցավին կապված ու «ամենքի հետ տառապող» բանաստեղծի կյանքը․․․ 

Քուն թե արթուն` օրիս շատը երազ եղավ, անցկացավ,

Երազն էլ, նուրբ ու խուսափուկ, վռազ եղավ, անցկացավ.

Վռազ անցան երազ, մուրազ, ու չհասա ոչ մեկին,

Կյանքս թեթև տանուլ տված գըրազ եղավ, անցկացավ։

 Այս ի՞նչ է գրել ամենայն հայոց բանաստեղծը․ իր կյանքը տանուլ տված գրա՞զ։ Լավագույն ստեղծագործություններով փառաբանվածը, հայոց մշակութային կյանքն ուղղորդողը, ողջ ժողովրդի հոգսն իր ուսերին տանողը, 10-ը որդու հայրը այս ի՞նչ է գրել․․․․

Բայց չէ՞ որ մենք չգիտենք, թե ինչ նոր մտքեր, ծրագրեր էին փոթորկվում նրա  հանճարեղ գլխում, իսկ այս տողերը գրելիս նա արդեն զգում էր անբուժելի հիվանդության բերած մահվան շունչը և խորանում է անդառնալի  ափսոսանքը․

 Ինչքա՜ն ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին, 

Ի՞նչ պատասխան ես պիտի տամ հող ու ծաղիկ տվողին։ 

Ճշմարիտ  բանաստեղծը բնության, տիեզերքի, Աստծո գաղտնիքների թարգմանն է։ Դրան հնարավոր չէ հասնել ինչ-ինչ ջանքերով, դա ի վերուստ տրված շնորհ է, կա կամ չկա։              

Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,

Ծիածանը նարոտ* եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կնքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կնքողս Նա* ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

 

*նարոտ – գույնզգույն թելերով հյուսված թել

 

Քառյակներում Թումանյանը հաճախ է զրուցում Աստծո հետ՝ նրան նշելով մեծատառով։ Այստեղ Նա-ն Աստված է։ Հաջորդ քառյակում Աստված ներկայացվում է իբրև բանաստեղծ, որի խոր ու առանց խոսքի երգերը «կարդում» ու «թարգմանում» են միայն ճշմարիտ արվեստագետները։

 Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չտեսնված մինչ էսօր

Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր

Ես էլ ասենք զարմանալի ընթերցող եմ բախտավոր

Որ կարդում եմ էդ երգերը էդքան հեշտ ու էդքան խոր։

 

 

Ո՞րն է մահկանացու մարդու դերը այս արևի տակ, ի՞նչն է կյանքին իմաստ տալիս։

Մնացել է բերդը մեզ,
Հաղթանակի երթը մեզ.
Անց են կացել` ով կային,
Հիմի կգա հերթը մեզ։

 Մարդը  ինքնամոռաց անցնում է իր «հաղթանակների» ճամփան։

- Մի պահ կանգ առ, - տխուր ժպիտով ասում է Թումանյանը, - խորհիր հավերժության մասին․ «Քանի քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ»․․․ 

Որքան էլ հզոր ու անպարտելի թվաս, մահվան, բնության օրենքի առջև բոլորն են հավասար, մի՛ մոռացիր դրա մասին․․․․ 

Խայամն ասավ իր սիրուհուն․․․

Խայամն ասավ իր սիրուհուն. «Ոտդ զգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա՝ ո՞ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի...»
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ անցնենք զգույշ, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի։

 Թումանյանը շատ էր սիրում արևելյան պոեզիան, հատկապես Օմար Խայամի ստեղծագործությունները։ Այստեղ հենց նրա ու սիրած կնոջ կերպարներով է ներկայացնում թե՛ հուր իմաստնության, թե՛ գեղեցկության անցողիկ լինելը։ Բայց մի հետաքրքիր նրբություն էլ՝  «ոտքդ զգույշ դիր հողին»։ 

 Հողը, բնությունը՝ միակ հավերժը, անիմանալին, այդ իմաստնությունն ու գեղեցկությունն իր մեջ ամփոփածը․․․

 Վերջին տարիներին Թումանյանը շատ էր ուսումնասիրում արևելյան դարավոր ուսմունքներն ու փիլիսոփայությունը՝ չինական, ճապոնական մշակույթը, հնդկական վեդաները, արաբ, պարսիկ հեղինակներիի գործերը։ Հենց արևելյան փիլիսոփայության մեջ է նա հավերժական կենսունակություն տեսնում, դա է համարում «իր հոգու հայրենիքը», բայց հանրային կյանքի ցավերը թույլ չեն տալիս կենտրոնանալ ու գտնել «ճամփան դեպի տուն»․

Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան, դեպի էնտե՜ղ, դեպի տո՜ւն…

 

 Թումանյանն ունի քառյակներ, որոնց մոտենալ անգամ չի լինում․ դրանք կարծես անդունդներ լինեն, որոնց նայելիս, խորությունը գիտակցելիս գլխապտույտ է առաջանում։ Անասելի դժվար է դրանք մեկնաբանելը ևս, որովհետև ամեն անգամ գիտակցության նոր աստիճանի բարձրանալով, դրանցում նոր խորություն ես հայտնաբերում։ Այդպիսին է «Երազումս մի մաքի․․․» քառյակը։  Քանի շերտ ունի այն, մի կողմից հանգիստ չթողնող խղճի խայթ, մյուս կողմից մաքիի թվացյալ հնազանդություն․․․

Այդպիսին է նաև  «Ամեն անգամ քո տվածից․․․» քառյակը․

 Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,—
Զարմանում եմ, թէ` ո՜վ Շըռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից։

 Գուցե այս քառյակը քեզ կրոնական հնազանդության կոչ թվա։ Բայց ոչ ու ոչ։ Ուշադրություն դարձնենք տարեթվին՝ 1921թ․։ Կորուստների ցավից անժամանակ ծերացած, անբուժելի հիվանդությունից  մաշվող Թումանյանն է գրել այս քառյակը։  Անանձնականության, տիեզերական իմաստնության ինչ աստիճանի պետք է հասնել, որքան ներքին ուժ ու լույս պետք է ունենալ նման քառյակ գրելու համար․․․

Հակոբ Հակոբյան «Երազումս մի մաքի․․․»

ԱՐՁԱԿ

Հովհ․ Թումանյանը ստեղծել է նաև սքանչելի արձակ գործեր։ 

Գլուխգործոցներ են նրա հեքիաթները, որոնք լսել ու կարդացել ես։ 

Թումանյանը մեծ պատասխանատվությամբ էր մոտենում հեքիաթներին․ 

«Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում»: 

Թումանյանի հեքիաթները պետք է կարդալ թե՛ փոքր, թե՛ մեծ տարիքում։ Ընկալումները շատ տարբեր են լինում։

Արի մտովի ժամանակակից հագուստներ հագցնենք Թումանյանի հերոսներին։ Կարո՞ղ ես ճանաչել նրանց քո շրջապատում։ Ահա Անխելք մարդը, որին Աստված ամեն ինչ տալիս է, բայց նա հրաժարվում է այդ ամենից, որովհետև ո՛չ իր ներկան է կարողանում գնահատել, ո՛չ կյանքի տված հնարավորությունները։ Տեսե՞լ ես անխելք մարդուն քո շրջապատում, իսկ քո մե՞ջ․․․ Չի՞ եղել, որ ինքդ քեզ ասես՝ հո անխելք մարդը չե՞ս։ 

Ահա ձեռք ձեռքի տված Անբան Հուռին ու  Քաջ Նազարը՝ ծույլ, արժեք չստեղծող մարդիկ, որոնք բարձրանում են կյանքի աստիճաններով ու լավ, հարմար տեղավորվում։ Ինչո՞ւ, որովհետև շրջապատի մարդիկ միամիտ են, հավատում են այն ամենին, ինչ նրանք ներկայացնում են։ 

Կարող ես կենդանիներին էլ մարդկային դեմք շնորհել․  ահա  «Շունն ու կատուն» բալլադի ճարպիկ  կատուն, որը հերիք չէ, ինքն է դիմացինին խաբում, թալանում, դեռ այնպես է իրեն պահում, կարծես դիմացինն է մեղավոր։ Ահա «Չարի վերջի» կկուն, որը, ահաբեկող խոսքերից վախենալով, անընդհատ զոհաբերում է ամենաթանկը՝ մտածելով, թե դրանով խաղաղություն ձեռք կբերի, մինչդեռ ավելի անելանելի է դարձնում իր վիճակը․․․

 

Թումանյանի հերոսները մեր շուրջ են, մեր մեջ և կուղեկցեն միշտ՝ «ծննդյան օրից մինչև մահվան մահիճ»։