Ազդեցություն

Մեծ է Թումանյանի ազդեցությունը գրական լեզվի զարգացման վրա։ Նա իր լեզուն հասցրել է «բյուրեղանման պարզության» (Վահան Տերյանի բնորոշումն է)։ Իր բարձրարժեք գործերում Թումանյանը մեր լեզուն հասցրել է «անտեսանելի ճկունության, հաղորդել նրան առնություն և ուժ, միշտ կենդանի է պահել գրական խոսքի կապը կյանքի ինքնաբուխ աղբյուրներին» (Եղիշե Չարենցի բնորոշումն է)։

Քննարկում

Ի՞նչ ես հասկանում կյանքի ինքնաբուխ աղբյուրներ ասելով։

Նկատե՞լ ես, որ գրական խոսքը կտրված լինի կենդանի խոսքից, արհեստական լինի։

Իսկ հակառա՞կը։ Նկատե՞լ ես, որ առօրյա խոսքը լինի անհրապույր, օտար բառերերով ու շեշտադրությամբ, գռեհիկ արտահայտություններով լի։

Հսկայական է Թումանյանի ազդեցությունը հայ գրական մտքի ընթացքի վրա։ Ինչպես Կոմիտասը ազդեցություններից մաքրեց հայ ազգային երաժշտությունը, այնպես էլ Թումանյանը հայ բանահյուսության նմուշներից խորախորհուրդ երկեր ստեղծեց՝ դառնալով իր «ժողովրդի սրտի թարգմանը» (Թումանյանի խոսքն է)։ Բայց արդյոք սեփական բանահյուսությունից օգտվելը բավարա՞ր է բարձրարժեք ստեղծագործության համար։ Դրա պատասխանն էլ է Թումանյանը տալիս․ «Ծաղիկը դրված է մեջտեղը, և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն»։

Այսինքն՝ գրողի տաղանդից ու վարպետությունից է կախված՝ կկարողանա՞ այդ նյութից խոր բովանդակությամբ երկ ստեղծել, թե՞ ոչ։

Ակնհայտ է Թումանյանի բարերար ազդեցությունը Գուրգեն Մահարու, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Համո Սահյանի և ուրիշ շատ բանաստեղծերի վրա: 

Քննարկում

Ուրիշ ինչի՞ն կարող է վերաբերել․ «Ծաղիկը դրված է մեջտեղը, և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն» ասույթը։

Թումանյանի ստեղծագործությունները և երգարվեստը։

Թումանյանի ստեղծագործությունները վերածվել են երգերի, օպերաների։ Երևի ցածր դասարաններից հիշում ես Թումանյանի՝ երգի վերածված «Աշունը» (Դեղնած դաշտերին իջել է աշուն), «Կաքավի գովքը», «Ախ ինչ լավ են» ստեղծագործությունները։ Իսկ գիտե՞ս, որ Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ «Հրաժեշտ» երգի բառերի հեղինակը նույնպես Թումանյանն է։ Ենթադրվում է, որ այս բանաստեղծությունը նվիրված է եղել իշխանուհի Մարիամ Թումանյանին։

  • - Ախ, առանց քեզ տխուր կյանքիս// Օրը տարի կդառնա,

Բայց ուր լինիս, դարձյալ հոգիս //Շուրջդ պիտի թրթռա․․․

     Հ․ Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» օպերան։

 «Անուշ» օպերայից որոշ հատվածներ՝ «Ասում են ուռին»,  «Համբարձում յայլա» և այլն,  սիրվել են ու կատարվում են որպես առանձին երգեր։ 

  • «Թմկաբերդի առումը» պոեմի հիման վրա է գրվել Ալ․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան։ 

Գիտե՞ս ինչո՞ւ է այդպես է կոչվում։ Օպերայում Թմկա տիրուհին անուն ունի՝ Ալմաստ։ Նրա անունով է կոչվում։

Թումանյանի ստեղծագործությունները` վերածված ֆիլմերի և մուլտֆիլմերի:

Մուլտֆիլմերի են վերածվել «Ձախորդ Փանոսը», «Շունն ու կատուն», «Կիկոսի մահը» «Փարվանան», «Անբան Հուռին» և այլն:

Ամենահայտնի ֆիլմերից է «Գիքորը», որ նախ նկարահանվել է համր տարբերակով, իսկ 1982թ ՝ ձայնային: Համբոյի դերում Սոս Սարգսյանն է։

 

 

 

«Գիքորը» ֆիլմի նկարահանման ընթացքից

5․ Թումանյանի ստեղծագործությունները կերպարվեստում  և քանդակագործության մեջ:                                             

 Թումանյանի ստեղծագործությունները ներշնչման աղբյուր են եղել նաև նկարիչների համար:  

«Անուշ» պոեմին է անդրադարձել նաև Լևոն Թոքմաջյանը: Նրա «Անուշն ու Սարոն» քանդակը տեղադրված է Աջափնյակ համայնքում` Թումանյանի անվան զբոսայգում: Եվ իհարկե չմոռանանք օպերայի բակում գտնվող Թումանյանի հայտնի արձանի մասին: Քանի որ այդ շենքում բեմադրված առաջին ներկայացումը Ա․ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան էր, բակում տեղադրեցին այդ ստեղծագործության երաժշտության և բնագրի հեղինակների՝ Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները։

Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով ստեղծագործել են Ալեքսանդր Գրիգորյանը, Էդուարդ Իսաբեկյանը, Գրիգոր Խանջյանը (նրանց ստեղծագործությունները կարող ես տեսնել Թումանյանին նվիրված մյուս բաժիններում)։

 

 

 

Ռաֆայել Աթոյան «Թումանյանը Օշականում»

Թումանյանը և մանկավարժությունը

Մանկական հրաշալի ստեղծագործությունների կողքին 1915 թ. Հովհ. Թումանյանը կազմում և հրապարակում է մոտ մեկ տասնյակի հասնող զարգացնող խաղեր: Ուշադրություն դարձրու տարեթվին։ Մեր պատմության այդ ծանրագույն շրջանում նա կարևորում է խաղի միջոցով երեխաներին հայկական արժեքներին կապելը։ Բարեբախտաբար այսօր այդպիսի խաղերը շատ են, բայց Թումանյանի ժամանակներում այդպես չէր։ «Նկատելով, որ մեր աշխարհքից, մեր հայրենիքից կատարելապես անգետ ու անտեղյակ ենք, երբ մեր երեխեքը խորթանում են ավելի ևս ամեն հայկականից, մտածեցի ձեռնարկել, կազմել ու հրատարակել մի շարք հայրենագիտական և այլ տեսակի խաղեր, թե երեխաների, թե պատանիների և թե նույնիսկ մեծերի համար», - գրում է Թումանյանը։ Նրա «Հայոց գետերը», «Հայկական առածանին», «Թանկագին քարերը» և այլ խաղեր վերահրատարակվել են և կարելի է գտնել գրախանութներում։

«Խաղը մանուկ մարդու բնական, օրգանական պահանջն է, նրա լրջությունն է, նրա էությունն է ․․․ Եվ ամեն բան, ինչ որ նրան տրվում է խաղով, ուրախությունով ընդունում է, հեշտ էլ յուրացնում՝ առանց ձանձրանալու, առանց հոգնելու»,-գրում է Թումանյանը։

Հ․ Թումանյանը նաև մանկական «Լուսաբեր» դասագրքի համահեղինակն է։

 

 

Այս երգիծական նկարում  պատկերված են դասագրքի հեղինակները՝  Հովհ․ Թումանյանը, Լևոն Շանթը և Ստ․ Լիցիսյանը։ Թումանյանը աղ է ցանում կաթսայի մեջ, Լիցիսյանը մի ձեռքով խառնում է կաթսայի պարունակությունը, մյուսով ավելացնում «Հասկեր»-ի համարները, իսկ Շանթը կրակն է խառնում։