Ես կարդում եմ նրան ու ասում, - Այս հմուտ հանճարեղ լոռեցին
Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի,
Եվ թաս է բռնել նրանց հետ,մեծարանք տվել ու առել,
Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույքի նստելիս․․․
***
Կա Մեծարենց, կա Տերյան, - եվ բազում ուրիշ պոետներ կան,
Բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։
Նա մեծ էր հողով, արյունով
Արմատներ ուներ նա հողում․․․․
Նա մեծ էր ավելի, քան եղավ։ Երկնքի նման ընդարձակ,
Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր։
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով պայծառ
Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ երազներ․․․
Գուցե այստեղ Չարենցը նկատի ունի այն, որ Թումանյանը իր մտահղացումների միայն մի մասը հասցրեց թղթին հանձնել։ Կարելի է հասկանալ նաև այն, որ Թումանյանը ամբողջությամբ դեռ չի բացահայտվել ու հասկացվել։ Հենց ինքը՝ Թումանյանը, ժամանակին գրել է․ «Ես գիտեմ, մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու, շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան․․․ Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել․․․․»
Հազար ութ հարյուր վաթսունինը թվին
Հայոց այգիներն ինչ պտուղ թվին․
Հայոց սարերում ինչ բերք էր հասել,-
Դժվար է ասել։
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն։
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում․․․
Եվ որքան տրտում, նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր․․․․
Թումանյանի պալատում
Ով քեֆի չի նստել,
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել։
Թումանյանի պալատում
Կըգտնես, ո՜վ մարդ,
Անուշ, Արփի-արբեցում,
Եվ վարդ, և Նվարդ…
(Անուշ, Նվարդ, Արփի- Թումանյանի դուստրերն են)
Թումանյանի երգերում
Կա և՛ «էս» և՛ «էն»,
Բայց իզուր ես դու սրում
Ատամներդ, քե՛ն:
Թումանյանի երգերում
Կա և՛ «էս» և՛ «էն»,
Բայց կա և սիրտ դեգերուն,
Հոգի հրակեզ․․․
Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձունքից այն կողմ չի անցել։
Ձախից՝ Լ․ Շանթ, Դ․ Դեմիրճյան, Թումանյան
Եվ ուրիշ ոչ մի աշխարհ՝ ոչ գրի ու ոչ էլ իրական՝ մեր երեխային, մեր մարդուն, ինքներս մեզ այնքան վստահ չենք ղրկում ճամփորդության, ինչքան Թումանյանի թագավորություն, և ուրիշ ոչ մի աշխարհում ոչ ոք ու ոչինչ այնքան վաղածանոթ ու մտերիմ չէ, ինչքան Թումանյանի աշխարհում, մեր ծնունդից առաջ ասես այնտեղ ենք ապրել, մեր այս երկիր ասես այնտեղից ենք եկել:
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: