Երևանյան թանգարան
Երևանյան թանգարանը գտնվում է Մոսկովյան 40 հասցեում։ Այդտեղ բանաստեղծը չի ապրել, սակայն թանգարանի երկրորդ հարկի 6 սրահները կառուցված են Հովհ. Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանի նմանությամբ: Նույն հարկում է Հովհ. Թումանյանի բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը՝ ավելի քան 8000 գրքով:
Թանգարան հասնելու համար պետք է բարձրանալ 54 աստիճանով։ Հավանաբար կռահեցիր, որ աստիճանները խորհրդանշում են Մեծ պոետի ապրած 54 տարիները։
Երևանյան թանգարանում այլ հետաքրքիր ցուցանմուշների կողքին հնարավորություն կա տեսնելու Վերնատան սենյակն ու այնտեղ Հովհաննես Թումանյանի հոլոգրաֆիկ պատկերը․ Թումանյանը քայլում է, թերթ է կարդում, հանում է իր գլխարկը և ողջունում այցելուներին։
Երկրորդ հարկում դու կտեսնես, թե գեղագիտական ինչ ճաշակ է ունեցել Թումանյանը։ Անգամ ճաշի սեղանի յուրաքանչուր դետալի մեջ սեր, ուշադրություն ու գեղեցկություն կա։ Պատահական չէ, որ նա ասում էր, թե աշխարհում ամեն ինչի բույրը ճաշակն է։ Թանգարանում իրականացվում են նաև հետաքրքիր կրթական ծրագրեր, որոնց կարող են մասնակցել դպրոցականները։