Ընդհանուր բնութագիր

«Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է»։

 Ավետիք Իսահակյան

 

 

Նար-Դոսը (Միքայել Տեր-Հովհաննիսյան) մեր արձակի լավագույն վարպետներից է։ Պարզ ու սահուն ոճով, հերոսների հոգեբանական խորքերը, ներքին բախումները բացահայտող գրող է նա։ 

 

 

Նար-Դոսը հաճախ ընտրում է կյանքում ոչնչով աչքի չընկնող անհաջողակ, խեղճ ու կրակ հերոսների ու նրանց մտածելակերպի, արարքների ու հոգեբանության միջոցով ցույց տալիս աղքատության մեջ ապրող մարդկանց ընդհանուր վիճակը։ 

Այդպիսին են «Մեր թաղը» պատմվածաշարի հերոսները։

Ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում՝ պատկերելով այնտեղ ապրող մարդկանց կյանքի պայմանները, մտածողությունն ու հոգեբանությունը։

Նա կարողացել է ներթափանցել կնոջ հոգեբանության մեջ՝ կերտելով անմոռանալի կանանց կերպարներ, ինչպես «Աննա Սարոյան» և «Սպանված աղավնին» վիպակներում։ Այս վիպակների հերոսները Թիֆլիսի մտավորական խավն են ներկայացնում՝  ի տարբերություն «Մեր թաղի», որի հերոսները աղքատ արհեստավորներ են։

Նար-Դոսի ամենասիրված պատմվածքներից է «Ես և նա»-ն, որտեղ հակադրելով միանման իրավիճակում հայտնված երկու երիտասարդի՝ Նար-Դոսը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է անձնական ողբերգությունից մի դեպքում կործանվել, իսկ մյուս դեպքում՝ բարձրանալ ու հաջողությունների հասնել։ Ուշագրավ են նաև  «Պայքար» և «Մահը» վեպերը։

Նար-Դոսը ավելի է հղկել ու գեղեցկացրել մեր լեզուն, շատ խստապահանջ էր ինքն իր նկատմամբ։

 

«Նախադասության մեջ ամեն մի ավելորդ, անտեղի գործածված բառ կամ մակդիր նման է անտոմս ուղևորի, որին ամեն րոպե տոմս ստուգող վերահսկիչը կարող է օձիքից բռնել ու դուրս շպրտել»։

Նար-Դոս

 

 

Նար-Դոսին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝  Լուսինե Զաքարյան