«Սպանված աղավնին» (լսիր այստեղ) Նար-Դոսի սիրված վիպակներից է։ 2009 թ․ վերածվել է ֆիլմի (նախատեսված է 16+ տարիքի համար)։
Հեղինակ-պատմողը Միքայելն է, իրադարձություններին մենք ականատես ենք լինում նրա աչքերով։ Միքայելի ընկերն է Գարեգին Սիսակյանը, որը միամիտ, բարի, շուտ ոգևորվող մարդ է։ Նա իր համար անակնկալ կերպով ծանոթացել էր շքեղ արտաքինով մի կնոջ՝ Սառայի հետ և նույն օրը նշանվել։
Միքայելը, Սառայի հետ ծանոթանալով, հասկանում է, որ նա նյարդային, անկանխատեսելի կին է, որ նա Գարեգինին չի սիրում, նույնիսկ արհամարհում է։ Բայց Գարեգինը նրան չի լսում, ամուսնանում է Սառայի հետ։
Հետո Միքայելի տանն է հյուրընկալվում նրա դասընկերը՝ Ռուբեն Թուսյանը, որը հավերժական «ուսանողի» կերպար է։ Նա «կյանքից միայն հաճույք պետք է քաղել» սկզբունքով է ապրում, չունի պատասխանատվության զգացում, ցինիկ է, անկեղծ, անմիջական։
Պարզվում է, որ Ռուբենն ու Սառան մի ժամանակ սիրել էին իրար։ Ռուբենի համար դա ժամանակավոր հրապուրանք էր եղել, որից հետո նա հեռացել ու մոռացել էր աղջկան, իսկ Սառան ողբերգական ճանապարհ էր անցել։ Ռուբենից լքված լինելով, հանրային պարսավանքի չենթարկվելու համար Սառան սպանել էր իրենց նորածին երեխային։ Այդ ոճիրը անդրադառնում է նրա հետագա ողջ կյանքի վրա։
Սառայի մտքում վրեժն է։ Գարեգինի հետ ամուսնանալով՝ նա ակնկալում է, թե նա այդ վրեժը կլուծի՝ սպանելով Ռուբենին։
Գարեգինը մեղմ մարդ է, նա մարդ սպանելու ունակ չէ, նաև դրա անհրաժեշտությունը չի զգում, իսկ կրկին երեխայի սպասող Սառան ավելի ու ավելի անհավասարակշիռ վիճակների մեջ է ընկնում ու ի վերջո մահանում է։