Կենսագրություն

 Թիֆլիսի Հավլաբար թաղամասը

Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ․ մարտի մեկին Թիֆլիսի Հավլաբար թաղամասում։

Միքայելի հայրը՝ Զաքարը,  բրդավաճառ էր։ Նրա առաջին կինը մահանում է՝ թողնելով 3 երեխաներին։ Զաքարը երկրորդ անգամ ամուսնանում է հրաշալի կնոջ՝ Օվսանի հետ։ Նրանք ունենում են ևս 4 երեխա, որոնցից մեկն էլ Միքայելն էր։

Նրա ծնողները ապրում էին ծայրը ծայրին հասցնելով։  Վրացերեն մի փոքր գրել-կարդալ գիտեին, տան խոսակցական լեզուն հայերենն էր։ Ի տարբերություն հոր՝ մայրը կարևորում էր ուսումը։

Միքայելը սկզբնական կրթությունը ստանում է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում՝ հիմնականում տերթոդիկյան մեթոդներով (Տեր Թոդիկը Րաֆֆու «Կայծեր» վեպի հերոսներից է, որը երեխաներին «դասավանդում» էր անմարդկային պատիժներով),  հետո սովորում է Նիկոլաևյան երկդասյա (ուսումը տևում էր 4 տարի) ռուսական դպրոցում։ Այնուհետև ընդունվում է Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, խորթ եղբոր դրդմամբ հայրը չի վճարում վարձը, և Միքայելը վերադառնում է Թիֆլիս։

Արժե իմանալ

 Հավլաբարը Թիֆլիսի հնագույն թաղամասերից է, գտնվում է Քուռ գետի ափին։ Այդ երկար տարիներ եղել է հիմնականում հայաբնակ։ Այստեղ է եղել Խոջիվանքի գերեզմանատունը, որը քանդվել է 1935 թ, կա հայկական թատրոն, դպրոց, եկեղեցի։  

 Միքայելն ընդունվում է Միքայելյան արհեստագործական դպրոց։ Պատճառը փականագործ դառնալու երազանքը չէր, պարզապես այդտեղ սովորելն անվճար էր, բացի դրանից նաև անվճար սնունդ էին տալիս աշակերտներին։

Այստեղ Միքայելը մտերմանում է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ հետ։ Նրանք հնարավոր ամեն պահի զրուցում էին գրականությունից։ Դա նկատում է գրականության և կրոնի ուսուցիչ Արսեն Բագրատունին։ Այս բացառիկ մանկավարժը դեմ էր չոր ու ցամաք ուսուցմանը, նրա դասերը աշակերտների հնարավորությունների բացահայտմանն էին ուղղված։ «Եթե ես ու Ծատուրյանը վերջը մի բան դարձանք, դրա համար մեծապես պարտական ենք հայր Բագրատունուն․․․»,- գրում է Նար-Դոսը։

Հետաքրքիր է, չէ՞, ապագա վիպասանը արհեստագործական ուսումնարան մտնում է ճարահատված, բայց այնտեղ է գտնում թե՛ լավագույն ընկերոջը, թե՛ գրականության լավագույն ուսուցչին։

Կրթության պակասը Նար-Դոսը լրացնում է՝ կարդալով համաշխարհային գրականության ու փիլիսոփայության մեծերին։

Ստեղծագործական առաջին փորձերն անում է 16-17 տարեկանում։

 Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվում է լրագրական գործին։ 1890-1906 թթ․ «Նոր դար» թերթի պատասխանատու քարտուղարն էր, հետո աշխատում է նաև այլ պարբերականներում։

Ձախից աջ՝ Նար-Դոս, Շիրվանզադե, Ավ․ Իսահակյան, Մարտիրոս Սարյան

Նարդոս ծաղիկը

Առաջին գրվածքներից էր «Ճշմարիտ բարեկամը», որը տպվեց, երբ 19 տարեկան էր (1886-ին) Միխո-Օհան ստորագրությամբ, իսկ հաջորդը՝ «Նունեն», տպվեց Նար-Դոս գրական անունով, որը ծաղկի անվանում է։

Նար-Դոսի համար ծանր ու ժամանակատար էր իր աշխատանքը։ Իսկ իր մտահղացումները նա գրի էր առնում գիշերները։

«Նա ինձ հիշեցնում էր մեր հին գրիչներին, որ հանձն առած գործը կատարում են անձնուրաց և դրա համար նրան, հների լեզվով ասած, կարելի է կոչել իսկապես... հայ լեզվի, հայ խոսքի աշխատավոր»,- գրել է Ստեփան Զորյանը:

Նար-Դոսը ծայրաստիճան համեստ, լռակյաց մարդ էր։ Նեղվում էր անգամ նոր հագուստից ու կոշիկից։ ժամանակակիցները վկայում են, որ նոր հագուստը տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ մի քանի օր հագնեն, անցկացնեն փայլն ու ճռճռոցը, հետո նոր ինքն էր հագնում։ Երբ հրավիրում էին իր գրվածքները քննարկելու, սկզբունքորեն չէր գնում, որ կարծիք հայտնողները իր ներկայությունից չկաշկանդվեն։

 Նար-Դոսը բավական ուշ է ամուսնանում՝ մոտ 40 տարեկանում։ Կինը իր հարևանուհին էր՝ Օլգան։ Ունենում են երկու զավակ՝ Հասմիկը և Նարը։ Որդուն իր գրական անունն է կիսով չափ տալիս՝ այն ներքին հավատով, որ տղան արվեստի մարդ կդառնա։ Այդպես էլ լինում է։ Նա հայտնի օպերային երգիչ է դառնում։

Նար-Դոսի ընտանիքը

Նար- Դոսը (մեջտեղում նստածն է)՝ մի խումբ մտավորականների հետ

Նար-Դոսը չի ճամփորդել, մի շրջան ապրել է Նոր Նախիջևսնում, բայց գնացել է չուզելով, ինչ-որ վատ կանխազգացումներով։ Իրեն լավ էր զգում իր միջավայրում։

Նար-Դոսին ճանաչում են բերում «Մեր թաղը» պատմվածաշարը, «Աննա Սարոյան», «Սպանված աղավնին» վիպակները, «Պայքար» և «Մահը» վեպերը։ Նար-Դոսը հոգեբանական ռեալիզմի հետևորդ էր։ Նրա ստեղծագործություններում բացահայտվում են քաղաքային կյանքի տարբեր խնդիրները, հերոսների հոգեբանական ծալքերը։

Նար-Դոսը մահանում է 66 տարեկանում՝ 1933 թ․, թաղվում Խոջիվանքի գերեզմանատանը։