Նար-Դոսն ու Հովհաննես Թումանյանը լավ հարաբերություններ ունեին, բայց ինքնամփոփ ու լռակյաց արձակագիրը խուսափում էր Թումանյանի կազմակերպած գրական հանդիպումներին մասնակցելուց, իր խնդիրների մասին բարձրաձայնելուց։
Մի անգամ Նար-Դոսը, տեղեկանալով, որ բանաստեղծուհի Վարսենիկ Աղասյանը ֆինանսական ծանր կացության մեջ է, առանց վարանելու շտապում է Հովհաննես Թումանյանի մոտ՝ օգնություն խնդրելու։ Ամենայն հայոց բանաստեղծը խոստանում է օգնել՝ թեկուզ անձնական միջոցներով։ Երախտապարտ Նար-Դոսը նրան «երկրային ամենափրկիչ» է անվանում, իսկ Թումանյանը պատասխանում է. «Այ տղա, որ երկրային ամենափրկիչ եմ, էս ինչպե՞ս է, որ մինչև օրս չեմ փրկել քեզ... Դու էն ասա, էդ ոնց է, որ ուրիշներին օգնելու համար, գալիս, խնդրում ես ինձ, իսկ քեզ համար... Քեզ համար ձեն չես հանում… Բա Նար-Դոսի՞ն, նրան օգնելու համար ո՞վ է գալու, ո՞վ է խնդրելու․․․»։