«Միքայել Նալբանդյանը 19-րդ դարի 60-ական թվականների որոտն էր ու կայծակը, գարնանաբեր ամպրոպը։ Հայկական մրրկահավը լիակուրծք հրավեր կարդաց կռվի ու ալեկոծության, բերեց փոթորիկ ու մաքրեց հասարակական կյանքի օդը»։
Դերենիկ Դեմիրճյան
Միքայել Նալբանդյանը մեր գրականության եզակի դեմքերից է, նվիրյալ, առաքյալ, որը անտեսելով իր անձնական կյանքը, նվիրվեց քարացած, լճացած հայ հանրության մեջ լուսավորության կայծեր ցանելուն։
Նրան անվանել են «Ազատության երգիչ», «Կամիշինի վսեմ աքսորական»։
Նա իր ջանքերի արդյունքը չտեսավ, բայց վստահ էր, որ իր գաղափարները մեծ հետք են թողնելու։ Այդպես էլ եղավ։
Նալբանդյանը աննման հրապարակախոս է, գրաքննադատ, նրա պոեզիան էլ մի քիչ հրապարակախոսական է
Նա շատ խիստ է քննադատում մեր թերությունները՝ նման այն բժշկին, որը հիվանդի մարմնից մահացու խոցը վիրահատության միջոցով է հեռացնում (պատահական չէ, որ նաև բժշկություն էր ուսումնասիրել)։
Նալբանդյանը համոզված էր․ «Չի կարող լուսավորություն լինել այնտեղ, որտեղ մարդը նախ և առաջ մտածում է մի կտոր հացի մասին»։ Դրա համար էլ նա պայքարում էր, որ գյուղացուն հող տան։
Նա շարունակեց Խաչատուր Աբովյանի պայքարը աշխարհաբարի համար, և «Հյուսիսափայլ» ամսագրի էջերում լույս տեսնող աշխարհաբար ստեղծագործություններով զարգացնում ու կանոնավորում էր լեզուն։
Նալբանդյանը քաղաքային կյանքի մասին առաջին վեպի հեղինակն է («Մեռելահարցուկը»)։
Նրա համարձակ քայլերն ու մտքերը թշնամանք առաջացրին և՛ հայ գործիչների, և՛ ցարական պաշտոնյաների շրջանում։ Հետևանքը եղավ այն, որ Նալբանդյանը կյանքի վերջին տարիներն անցկացրեց բանտախցում։ Անգամ անազատ վիճակում նա մեծ թվով արժեքավոր երկեր ստեղծեց։ Նալբանդյանը մահացավ 37 տարեկանում թոքախտից։
Նալբանդյանի լավագույն ստեղծագործություններն են՝
բանաստեղծություններից՝ «Ազատություն», «Իտալացի աղջկա երգը», «Մանկության օրեր» և այլն։
Արձակ գործերից՝ «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Կոմս Էմմանուելի հիշատակարանը» և այլն։
«Որքան մոլորությունք որ կան աշխարհի երեսին, այդ բոլորը սկզբնաբար ծագել են կա՛մ բնությունը թյուր հասկանալուց, կա՛մ իսպառ չհասկանալուց»։
Մ․ Նալբանդյան
Մ․ Նալբանդյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան