Ստեղծագործություններ
Նալբանդյանի ձեռագիրը
Նալբանդյանի ձեռագիրը
Նալբանդյանի ձեռագիրը

Միքայել Նալբանդյանը բազմակողմանի զարգացած, անկեղծ ու համարձակ, մարդկային վեհ, անանձնական տեսակ էր, որը թարմություն բերեց հայ հանրության քարացած մտածողության մեջ։

Նա գրական ճանապարհը սկսեց բանաստեղծություններով, որոնք հիմնականում երգիծական էին։ Հետո ստեղծեց վեպեր, հրապարակախոսական, փիլիսոփայական գործեր, գրական քննադատություններ, մեծ դեր խաղաց աշխարհաբարի զարգացման գործում․․․․

Նալբանդյանի կյանքը պայքար էր։ Նա սրտի ցավով ցույց էր տալիս մեր մտածողության մեջ տեղ գտած արատները ու փորձում էր սթափեցնել։ Այդ արատներից  էին օտարամոլությունը, միասնական չլինելը, ատելությունը միմյանց նկատմամբ։

«Հայհոյական խոսքերը, որ դուրս են հորդում մեր ազգի մարդկանց սրտերից և տեղ գտնում հայկական մամուլում, մենք համեմատում ենք այն զզվելի թարախապալարի հետ, որ դարեր շարունակ կուտակվել է հայկական հիվանդ օրգանիզմում։

Մարդասեր վիրաբույժը չպետք է զայրանա այն բանի համար, որ մահացու վերքը կամ քաղցկեղը հեռացնելիս հիվանդի արյունը կամ թարախը ցայտի իր դեմքին։ Վիրաբույժի մասնագիտությունն է կտրել այդ ախտը», գրում էր նա։

Այդ վիրաբույժն ինքն էր։

Միքայել Նալբանդյանի կիսանդրին Նոր Նախիջևանի «Սուրբ խաչ» եկեղեցու բակում

Նալբանյանը պայքարում էր ռուսական ձուլող քաղաքականության դեմ, միաժամանակ համոզված էր, որ Եվրոպական արժեքներն էլ չպետք է կուրորեն ընդունել։

Ապրելով Հայաստանից դուրս՝ համոզվել էր․ «Աշխարհի բոլոր ծայրերում ինքնության պահպանման համար հայերի թափած ջանքերը վաղ թե ուշ տապալվելու են: Միակ տեղը, որտեղից նորից կարող է վերածնունդ սկսվել, պատմական հայրենիքն է»:

Նալբանդյանի ամենասիրված բանաստեղծությունը «Ազատությունն» է, այն ի սկզբանե վերնագիր չի ունեցել, հրատարակվել է «Կոմս Էմանուելի» հիշատակարանում։ Կա կարծիք, որ թարգմանություն է։  Այն կարծես Նալբանդյանի կյանքի նշանաբանն ու նկարագրությունը լինի։ Այն երկար տարիներ արգելվել է, բայց դրան հակառակ՝ ձեռագիր սիրվել ու տարածվել։

Մեծ լեզվաբան Հրաչյա Աճառյանը իր «Կյանքիս հուշերից» գրքում պատմում է, որ երբ Պոլսում ինքը աշակերտ էր և թուրքական կառավարությունն արգելել էր ազատություն, Հայաստան բառերը արտաբերել, Մ․ Նալբանդյանի բանաստեղծությունն արտասանում էին գաղտնաբառեր օգտագործելով․

-Աշխատություն,- գոչեցի,-

Թող որոտա իմ գլխին

Փայլակ, կայծակ, հուր, երկաթ․․․

Թող դավ դնե թշնամին․․․

 

Ն․ Նիկողոսյանի կերտած Ն Նալբանդյանի արձանը Երևանի Օղակաձև այգում

Նալբանդյանը ճամփորդելիս եղել էր Իտալիայում և ոգեշնչվել նրանց ազգային հերոսի՝ Գալիբալդիի գործունեությամբ։ «Իտալացի աղջկա երգը», որը որոշակի փոփոխություններով դարձել է մեր երկրի հիմնը, այդ իրադարձությունների արձագանքն է։ Բանաստեղծության առաջին հատվածը թարգմանություն է, նկարագրվում է, թե ինչպես է իտալուհին ամուր սրտով եղբորը կռվի դաշտ ճանապարհում, ավարտվում է Նալբանդյանի ափսոսանք- համեմատությամբ․

Սորա կեսը, կեսի կեսը

Գեթ երևեր մեր ազգում․․․․

Հետաքրքիր են Նալբանդյանի պարոդիաները (ծաղրանմանություն), երգիծական բանաստեղծությունները։ Օրինակ՝ ի պատասխան Ռ․ Պատկանյանի «Հիմի էլ լռենք, եղբայրք․․․» հայտնի բանաստեղծության՝ Նալբանդյանը գրում է․

Հիմի է՞լ խոսենք, երբ օտարից շատ
Մենք ենք մեր ազգի արյունը խմում․․․