Կենսագրություն

1829 թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում՝ Ղազարի ընտանիքում, ծնվեց Միքայելը։ Նա ընտանիքի 10 զավակներից մեկն էր, ծնվել էր հոր 4-րդ ամուսնությունից հետո (այս մասին ավելի մանրամասն կարդա Հետաքրքիր պատմություններ բաժնում)։

Հայրը՝ Ղազարը, դարբին էր ու պայտագործ, այստեղից է առաջացել նրա ազգանունը․ նալբանդ նշանակում է «պայտագործ»։

Արժե իմանալ

Նոր Նախիջևանը հայերով բնակեցված քաղաք է, որը գտնվում էր Ռուսական կայսրությունում։ Այն 18-րդ դարի վերջին հիմնել է ռուսական կայսրուհի Եկատերինա 2-րդը։ Նա տեղահանում է Ղրիմի հայերին ու տեղափոխում ամայի տափաստան՝ կայսրության այդ հատվածը բնակելի դարձնելու համար։ Աշխատասեր հայերը արագ այն դարձնում են արհեստագործական ու առևտրական կենտրոն։ Նախիջևան է անվանվում հայկական գավառի անունով, որն այժմ գտնվում է Ադրբեջանի տարածքում։

Այժմ Նոր Նախիջևանը Դոնի Ռոստով քաղաքի շրջաններից է։

Նոր Նախիջևանում են ծնվել նաև գրող Ռաֆայել Պատկանյանը, նկարիչ Մարտիրոս Սարյանը և ուրիշ նշանավոր հայորդիներ։

Միքայելին (նրան Մուխալ էին ասում) առանձնահատուկ սիրով էին ծնողները կապված։ Նկատելով իրենց որդու արտասովոր ընդունակությունները՝ նրանք հոգ են տանում նրա լավ կրթության մասին, թեև ֆինանսական կարողությունները շատ սահմանափակ էին։ Այսպես Միքայելը դառնում է քաղաքի ամենահարգված մտավորականներից մեկի՝ Գաբրիել Պատկանյանի մասնավոր դպրոցի սան։ Պատկանյանի որդին էր ապագա բանաստեղծ Ռաֆայել Պատկանյանը (նրան էլ Ռափուշ էին ասում smiley), որի դասընկերն էր Միքայելը։  

Դպրոցը հարուստ երեխաների համար էր։ Միքայելը բացառիկ ընդունակությունների շնորհիվ 8 տարուց 7-ը անվճար է սովորում։

9-10 տարեկան էր, երբ կարդում է առաջին գիրքը՝  Դ․ Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոն»։ Հետո կարդում է հայ պատմիչներին, համաշխարհային գրականության նմուշներ։

Պատանեկան տարիքում սովորելուն զուգահեռ տիրացուի պաշտոն է կատարում եկեղեցում։ 

Այն, որ Միքայելը երջանիկ մանկություն ու պատանեկություն է ունեցել, վկայում է նրա «Մանկության օրեր» բանաստեղծությունը․

Մանկությա՜ն օրեր, երազի նման

Անցաք գնացիք, այլ չեք դառնալու,

Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր,

Ընդունակ միայն ուրախացնելու…

16 տարեկան էր Միքայելը, երբ կաթողիկոսի հրամանով փակվում է Գաբրիել Պատկանյանի դպրոցը, և սաներին պարտադրում են հաճախել կիսագրագետ մի ուսուցչի դպրոց։ Մի քանի դասից հետո Միքայելը կտրականապես հրաժարվում է նրա դասերին մասնակցելուց՝ արժանանալով հոգևոր հայրերի զայրույթին (հիշում ես, չէ՞, այդ շրջանում Միքայելը տիրացու էր, հոգևորական պիտի դառնար, բայց շատ անհնազանդ էր դրա համար)։ 

Նալբանդյանը սկսում է աշխատել Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարանում՝ որպես քարտուղար։ Ըմբոստ պահվածքի պատճառով նրա դեմ հալածանքներ են սկսվում, և Նալբանդյանը փախչում է Նոր Նախիջևանից՝ անգամ հրաժեշտ չտալով իր առաջին սիրուն՝ Վարդուհուն (այս մասին ավելի մանրամասն՝ «Հետաքրքիր պատմություններ» բաժնում։ 

Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ եկեղեցին

23-ամյա Նալբանդյանը մեկնում է Պետերբուրգ, հայոց լեզվի ուսուցիչ դառնալու համար համալսարանական քննություններ է հանձնում և մեկ տարի դասավանդում է Մոսկվայի Լազարյան ճեմարանում։

Նալբանդյանը տարբերվող ուսուցիչ էր։ Մինչ այդ ճեմարանում հայոց լեզվի ժամերին միայն գրաբարյան քերականություն էին ուսումնասիրում, իսկ Նալբանդյանը հայտարարում է, որ այդուհետ աշխարհաբար են ուսումնասիրելու։

- Մենք պետք է հայերեն մտածել սովորենք։

Իր սաներին ուղղված առաջին նախադասությունն էր սա։

Նալբանդյանը շատ էր կարևորում մայրենի լեզվի իմացությունը ու խիստ քննադատում էր այն մտավորականներին, որոնք  ներկայանում են իբրև հայրենիքի համար մտահոգ  մարդիկ, բայց ամաչում են հայերեն խոսելուց։

Նախկին ու նոր թշնամիները Նալբանդյանի դեմ զրպարտություններ են տարածում, որի հետևանքով նրան առաջին անգամ ձերբակալում են և մի քանի օր անց բաց թողնում՝ ազատելով ուսուցչի պաշտոնից։

Նալբանդյանն ուսումը շարունակում է Մոսկվայի բժշկական համալսարանում ՝ որպես ազատ ունկնդիր։

Մ․ Նալբանդյանի ծանոթությունը Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Ստեփանոս Նազարյանի հետ տալիս է իր հրաշալի պտուղները։ Նալբանդյանը դառնում է  Նազարյանի «Հյուսիսափայլ» ամսագրի գլխավոր աշխատակիցը (1858 թ․)։ Այն առաջադիմական գաղափարներ տարածող ամսագիր էր, որտեղ Նալբանդյանը տպագրում է իր ստեղծագործությունները՝ հաճախ հանդես գալով կոմս Էմանուել և այլ ծածկանուններով։

 

Քննարկում

Ի՞նչ ես կարծում՝ ինչու էր Նալբանդյանը ծածկանուններով հանդես գալիս։

Նալբանդյանը  շրջագայում է մի շարք երկրներում՝ Թուրքիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում․․․ Որտեղ էլ որ լինում է, նպատակն անփոփոխ էր, ձեռք բերել նոր ծանոթություններ, գտնել նոր ճանապարհներ՝ իր ժողովրդի կյանքը բարելավելու, գիտակցական մակարդակը բարձրացնելու, լուսավոր գաղափարներ տարածելու համար։ 

Կատակասեր, ուրախ մարդ էր Նալբանդյանը, հավաքույթների համն ու հոտն էր, բայց չափազանց սկզբունքային ու անզիջում էր ազգային և ստեղծագործական հարցերում։

1861 թ․ Նալբանդյանը մեկնում է Հնդկաստան՝  հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի և այլ մեծահարուստների՝ Նոր Նախիջևանի հայությանը կտակած ժառանգությունը ստանալու: Խնդիրն այն էր, որ Անգլիայի գաղութ Հնդկաստանից գումար դուրս բերելը բավական քաշքշուկների հետ էր կապված, և պետք էր Նալբանդյանի պես գրագետ ու նպատակասլաց մեկը, որ կարողանար գործը գլուխ բերել։ Մասեհ Բաբաջանի մահից շուրջ 6 տասնամյակ էր անցել, ու գումարը կարող էր կորչել։ Նալբանդյանը, որ գերազանց խոսում էր մի քանի լեզուներով, այդ ը առաքելությունը հաջողությամբ ավարտելու համար սովորում է անգլերեն՝ Հնդկաստանի պաշտոնական լեզուն։

Նալբանդյանը կարողանում է հայրենի քաղաք բերել այդ գումարը, որով լուծվում են կրթական և առողջապահական խնդիրներ։ Այդ գումարով կառուցված հիվանդանոցը մինչ օրս էլ կանգուն է։ 

Հնդկաստան գնալուց առաջ Նալբանդյանը Արևելյան Հայաստան է գալիս, լինում է Էջմիածնում, Քանաքեռում՝ գնալով Խաչատուր Աբովյանի հետքերով։ Օշականում նա այցելում է Մեսրոպ Մաշտոցի շիրմին և ցավով արձանագրում, որ մեր ազգին գիր ու նոր կյանք պարգևած Մեսրոպ Մաշտոցի շիրմին անգամ տապանագիր չկար։ 

 

Հյուրանոց Նոր Նախիջևանում՝ կառուցված Նալբանդյանի բերած գումարով։

Նալբանդյանը մտերիմ էր ռուս հայտնի գրողների, հեղափոխական գործիչների հետ։ 1862 թ․ նա ձերբակալվում է հեղափոխական գործունեության մեղադրանքով ու բանտարկվում Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում։

Նալբանդյանի կյանքի այս շրջանին է անդրադառնում Չարենցը «Հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» ստեղծագործության մեջ․
Ետ եմ նայում, վերև․․․ Թեքված ուսիս՝
Մի մարդ՝ դեմքով հեռու, անիրական,-
Մտերմական ձայնով ասում է ինձ.
- Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկամ․․․
Բարձրահասակ է, ջղուտ, աչքերը սև,
Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս:
Ես որտե՞ղ եմ նրան արդյոք տեսել․
Կյանքո՞ւմ արդյոք, տենդո՞ւմ, թե՞ գրքերում:
Վշտանման ժպիտ մի աչքերում՝
Նայում է նա, նայում՝ հայացքն հառած.
- Ի՞նչ է, - ասում է,- չե՞ք մտաբերում
Տարիներում այն մութ իմ բարբառած
Շռնդալից երգերն ըմբոստության մասին:-
Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ,
Պայքարելո՛վ այն սև բռնության դե՛մ,-
Եվ պարծանքո՛վ կասեմ, որ բարեկամ էի
Ես Հերցենի, պոետ Օգարևի հե՛տ․․․

 Բանտում էլ անդադրում Նալբանդյանը սովորում է հունարեն ու եբրայերեն՝ Աստվածաշնչի հայերեն տարբերակը համեմատելու համար։ 

Ծանր հիվանդ վիճակում լինելով՝ նամակներում գրում էր․  «Ուղարկեցեք գրքեր, գրքեր․․․»։

Այնտեղ է գրում մի շարք աշխատություններ՝ «Կրիտիկա․ Սոս և Վարդիթեր», «Հեգելը  և նորա ժամանակը», աշխարհաբար է թարգմանում Ղազար Փարպեցու «Թուղթը» և այլն։ Որպեսզի իր գործերը չընկնեին ոստիկանների ձեռքը, Նալբանդյանը գրում էր իր օրաբաժին կաթով։

Դու հավանաբար կհարցնես, թե  ինչպես են հետո ընթերցվել այդ գործերը։ 

Գաղտնիքն այն է, որ երբ Նալբանդյանը կաթով սպիտակ թղթի վրա գրում էր, ոչինչ չէր երևում, իսկ երբ ժամանակի ընթացքում գունափոխություն է տեղի ունենում, գրվածքները սկսում են երևալ։

 

Ա․ Օվանեսով «Միքայել Նալբանդյանի ձերբակալումը»

Բանտարկվելուց երեք տարի անց թոքախտով հիվանդ Նալբանդյանին աքսորում են Սարատովի նահանգի Կամիշին քաղաք: Բանտային պայմաններում հյուծված ազատության երգիչը 37 տարեկանում մահանում է (1866 թ․) և վերջին կամքի համաձայն՝ թաղվում Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ եկեղեցու բակում։

Այսպես է ավարտվում ժամանակի ամենազարգացած, ամենահայրենասեր, ամենաաշխատասեր, անկեղծ ու համարձակ հայորդիներից մեկի կյանքը։ Նա անգամ ընտանիք չկազմեց, որովհետև համարում էր, որ իր կյանքն իրեն չի պատկանում, այլ հայրենիքին։  

Մինչև կյանքի վերջին պահը հավատարիմ մնաց իր լուսավոր սկզբունքներին՝ թողնելով ոգեշնչող օրինակ եկող սերունդներին։

 

 

Օգտակար հղումներ

«Գիշերվա մեջ առկայծող կրակ» Նալբանդյանին նվիրված գեղարվեստական ֆիլմը, որտեղ Նալբանդյանի դերակատարը ճարտարապետ, երգահան Արթուր Մեշչյանն է, դիտիր այստեղ

«Մեր մեծերը» հաղորդման Նալբանդյանին նվիրված թողարկումը դիտիր այստեղ։

«Հայադարան» հաղորդման Նալբանդյանին նվիրված թողարկումը դիտիր այստեղ։

 

Օգտագործված գրականություն

Ինճիկյան Արամ «Միքայել Նալբանդյանի կյանքի տարեգրությունը»

Աշոտ Հովհաննիսյան «Նալբանդյանը և նրա ժամանակը»

Մ․ Նալբանդյան «Երկեր» (1985 թ․, Երևան)

համացանցային այլ նյութեր