Հետաքրքիր պատմություններ

Միքայել Նալբանդյանի հոր՝ դարբին Ղազարի անձնական կյանքը զարմանալի, ողբերգական  ընթացք է  ունեցել։

 Առաջին կինը ամուսնությունից  մեկ տարի անց մահանում է՝ թողնելով մեկ որդի։

Մեկ տարի անց Ղազարը երկրորդ անգամ է ամուսնանում։ Ունենում են երկու տղա, որից հետո կինը մահանում է։

Երեք երեխաների հետ միայնակ մնացած Ղազարը կրկին փորձում է կարգավորել կյանքը։

Ամուսնանում է երրորդ անգամ։ Սակայն դաժան ճակատագիրը երրորդ անգամ է նույն խաղը խաղում նրա հետ։ Կինը՝ Աննան, մահանում է աղջիկ ունենալիս։

Ղազարը չորս փոքրիկների հետ շարունակում է կռիվ տալ դաժան ճակատագրի դեմ։ Ընտրում է այրիացած, 4 երեխաների տեր Մարիանեին (Մարիամ)։ Բայց 4-րդ ամուսնությունը եկեղեցին արգելում էր։ Ղազարը, համառ պայքար  մղելով,  ի վերջո ստանում է եկեղեցու համաձայնությունը։

Ընտանիքում արդեն 8 երեխա կար։ Ղազարի և Մարիանեի համատեղ կյանքի ընթացքում ծնվում են ևս 4 երեխաներ, որոնցից ողջ են մնում երկուսը։

Այդ երկուսից մեկը Միքայելն էր, որին փոքր ժամանակ Մուխալ էին ասում։

Նա պիտի դառնար հայ ժողովրդի պատմության ամենավառ դեմքերից մեկը։

Իսկ ծնողները նրան այնքան էին սիրում, որ տարիներ անց Միքայելի ձերբակալության լուրը լսելուց հետո երկուսն էլ խելագարվեցին։

 

Ըստ Նարինե Թուխիկյանի «Խոստովանություն» հաղորդման

Նալբանդյանի ուսուցիչները

Միքայելի մանկության ընկերների վկայությամբ՝ նա աչքի էր ընկնում իր բացառիկ հիշողությամբ, սուր դատողություններով։ Սիրում էր նոր խաղեր հնարել, խաղալիքներ սարքել։ 7 տարեկանում ընդունվելով տիրացու Օգսենտի դպրոց՝ Միքայելը մեկ ամսում սովորում է այն ամենը, ինչ իր դասընկերները սովորում էին 1-2 տարում։

Նալբանդյանը հետագայում իր ստեղծագործություններում վերակերտել է տիրացու Օգսենտի կերպարը, որը ճիպոտը կամ գավազանը ձեռքին, իր աշակերտներին անխղճորեն  ծեծելով, խիստ սահմանափակ գիտելիքներ էր փոխանցում։

Հաջորդը Գաբրիել Պատկանյանի մասնավոր դպրոցն էր, որտեղ բացառիկ ընդունակություններով տղայի համար բացառություն են անում 7 տարի դասավանդելով անվճար։

Գաբրիել Պատկանյանի դպրոցը նրա տանն էր։ Պատկանյանը, որ քահանա էր և ժամանակի ճանաչված գործիչներից, աշակերտներին վերաբերվում էր պարզ ու մտերմաբար։ 

 

 

 

Գաբրիել Պատկանյանը՝ Մ․ Նալբանդյանի ուսուցիչը,գրող Ռաֆայել Պատկանյանի հայրը

Դեպքերը զարգանում են այնպես, որ Գաբրիել Պատկանյանին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի հրամանով ուղարկում են Թիֆլիս, իսկ աշակերտներին պարտադրում են ուսումը շարունակել ոմն Եկենյանի մոտ։

Այստեղից սկսվում է Միքայել Նալբանդյանի կյանքի պայքարի շրջանը։ Նա նոր ուսուցչի անգրագիտությունը տեսնելով՝  հրաժարվում է դասերին մասնակցելուց։ Նույնիսկ ասում է․ «Եթե նոր բան ունիս սովորեցնելու, սովորեցրու, թե չէ քո սովորեցրածը արդեն շատ ժամանակ է, որ գիտեմ»։

Եկենյանը հոգևոր վերնախավի առաջ «ընդունակ» և «չարաբարո» աշակերտին ընծայարանից հեռացնելու պահանջ է ներկայացնում։ Կաթողիկոսի հրամանով մրցույթ է կազմակերպվում, որտեղ իրենց գիտելիքներով մրցում են նոր ուսուցիչն ու աշակերտը։ Նալբանդյանը ակնհայտորեն հաղթում է, իսկ «ուսուցիչը» ցույց է տալիս իր անգրագիտությունը։

Սակայն, ասում են, Նալբանդյանը մի կատակ է իրեն թույլ տալիս՝ կաթողիկոս-ի փոխարեն գրելով կնաթողիկոս, որով վաստակում է Ներսես Աշտարակեցու անդառնալի թշնամանքը։

 

 

 Աղբյուր՝ Աշոտ Հովհաննիսյան «Նալբանդյանը և նրա ժամանակը»

Կանայք Մ․ Նալբանդյանի կյանքում

 

Վարդուհին Միքայել Նալբանդյանի առաջին սերն էր։  

Նոր Նախիջևանում ընդունված չէր, որ երիտասարդներն ազատ շփվեին, և երբ իր դեմ սկսված հալածանքները սաստկանում են և հեռանալու հնարավորություն է լինում, Միքայելը մեկնում է առանց հրաժեշտ տալու։

Նրա անհետացման շուրջ տարբեր խոսակցություններ են տարածվում,  նույնիսկ ասում էին, թե  խեղդվել է գետում։ Աղջիկը սկզբում սիրելիին կորցնելու ցավ է ապրում, ապա վիրավորանք՝ իմանալով, որ Միքայելը Մոսկվայում է։

Աղքատ ընտանիքի հոգսերը թեթևացնելու համար Վարդուհին ամուսնանում է  հարուստ նպարավաճառի հետ։

Նալբանդյանի համար սա ծանր փաստ էր։ Նրա «Մինին խոսք մյուսին հարսն» ստեղծագործության մեջ արտացոլված են իր կյանքի այս իրադարձությունները, միայն թե ստեղծագործությունն ավարտվում է սիրահարների ամուսնությամբ՝ ի տարբերություն իրականության։

 

 

 

Պահպանվել է նաև նամակը մի իտալուհու, որի հետ Նալբանդյանը ծանոթացել էր Վենետիկում ճամփորդելիս։ Աղջիկը գրում էր․ «Ինչ խորն ես դրոշմված իմ սրտի մեջ․․․Ես նախատեսելով անհուն դժվարություններ, այդպես էլ ենթադրում էի, թե մենք այդպես էլ չենք հանդիպելու այս աշխարհում․․․»։

Բոլոր դեպքերում Նալբանդյանը հրաժեշտ էր տալիս սիրելի կանանց, որովհետև անձնական երջանկությամբ ապրելու շռայլություն չէր կարող իրեն թույլ տալ, հայրենիքի ազատագրման, ժողովրդի լուսավորության, կյանքի պայմանների լավացմանն էր նվիրված նրա կյանքը, հանուն այդ արժեքների՝  Նալբանդյանը պատրաստ էր ամեն զոհողության։

 

ըստ Նարինե Թուխիկյանի

 

 

իտալուհին