Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա... և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը:
Մ․ Նալբանդյանի անունը մենք արտասանում էինք սրբազան պատկառանքով։ Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր․․․ Իր անունը գաղափարի և ազգի նահատակի ու հերոսի լուսապսակով էր զարդարված։ Նրա «Երկրագործությունը» խստիվ արգելված գիրքը միայն ձեռագիր տետրակներով ունեինք․ կարդում էինք աչքերով ու սրտով, բազմիցս կարդում, ոգևորվում ու թևավորվում էինք, թռչում, զինվորվում պայքարի համար․ չէ՞ որ նվիրական հեղինակը մեզ էր նվիրել ՝ հայկական երիտասարդությանը, իր պատգամաբեր գիրքը։
Ինքնին Մ․ Նալբանդյանը զարմանալի, անբացատրելի երևույթ էր մեր նորագույն պատմության մեջ։
Դու լավ ծանոթացիր Նալբանդովի հետ, փայփայիր նրան։ Նա ոսկի մարդ է՝ ամբողջովին հոգի ու նվիրվածություն։ Հենց առաջին րոպեից, կարծում եմ, կսիրես նրան․․․
Քանի կա ու կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ․ Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունը ամեն մի հայի սրտում․․․․
Նալբանդյանն իր էպոխայի ամենատիրական և ներշնչող դեմքն է՝ իր գաղափարների նորությամբ, իր համարձակ պայքարով, լավատեսության հավատով տոգորված՝ շքեղ ապագայի հանդեպ, և, վերջապես, իր առնական լեզվով, որ կատարյալն էր ժամանակի նկատառումով՝ կտրուկ, կայծակնային նոր ոճով, թարմ, կյանքոտ պատկերներով։
Մենք՝ վրացիներս, հպարտանում ենք մեծ դեմոկրատ Նալբանդյանի անունով. նա ընդհանուր գաղափարներով մոտ էր կանգնած մեր գործիչներին։ Նալբանդյանը ժողովրդի ազատությունն իր կյանքի նպատակն է համարել։ Շնորհակալություն Նալբանդյանին, որն իր հայրենիքին վերադարձրեց այն բոլորը, ինչ ժողովուրդը տվել էր նրան։ Միքայել Նալբանդյանն անմահ է։ Նա այսօր մեզ հետ է, նա մեր ժամանակակիցն է։
Ամեն մի բանաստեղծ ունի իր ստեղծագործության բուն էությունը բացող մեկնաբանական բառեր և մեկնաբանական պատկերային գործածություններ: Այսպես՝ Միքայել Նալբանդյանի սիրած բառը ազատությունն է, Պետրոս Դուրյանինը՝ տրտունջքը, Հովհաննես Թումանյանինը՝ հառաչանքը, Վահան Տերյանինը՝ սիրտը…
Միքայել Նալբանդյանի համար ազատության գաղափարը ամենավերին սրբությունն է՝ աշխարհի հիմքը…
Շուռ եմ գալիս արդեն, որ գնամ ետ -
Երբ իջնում է հանկարծ ուսիս վրա,
Անակնկալ՝ իջնում է մի ծանր ձեռք:-
Ետ եմ նայում, վերև․․․ Թեքված ուսիս՝
Մի մարդ՝ դեմքով հեռու, անիրական,-
Մտերմական ձայնով ասում է ինձ.
- Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկամ․․․
Բարձրահասակ է, ջղուտ, աչքերը սև,
Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս:
Ես որտե՞ղ եմ նրան արդյոք տեսել․
Կյանքո՞ւմ արդյոք, տենդո՞ւմ, թե՞ գրքերում:
Վշտանման ժպիտ մի աչքերում՝
Նայում է նա, նայում՝ հայացքն հառած.
- Ի՞նչ է, - ասում է,- չե՞ք մտաբերում
Տարիներում այն մութ իմ բարբառած
Շռնդալից երգերն ըմբոստության մասին:-
Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ,
Պայքարելո՛վ այն սև բռնության դե՛մ․․․
Մեզանից շատ էր սիրում նա գարունն ու վարդը
Եվ մեզանից ավելի բանաստեղծ ու մարդ էր,
Բայց դարը դաժան էր, ու ցարը՝ ոխերիմ,
Եվ նա սուր վերցրեց գրչի փոխարեն...
...Դյուրին է թանաքով գովերգել գարունը,
Եվ դժվար՝ գարնանը զոհել իր արյունը...
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: