««Նարեկը» հայ մարդուն հազար տարով պահեց քրիստոնյա, Շիրազի «Հայոց դանթեականը» հազար տարով կպահի հայ»։
Ավ․ Իսահակյան
Շիրազը հրաբխային էություն էր, ժողովրդի մտածողությունը բյուրեղացնող հանճար։ Նա գրականություն մտավ այն ժամանակ, երբ խորհրդային ղեկավարները սպանում կամ աքսորում էին մեր գրականության մեծերին՝ Չարենցին, Բակունցին, Մահարուն, Վահան Թոթովենցին․․․․ Մյուսներին էլ պարտադրում էին կեղծ թեմաներ, կաղապարներ։
Պոեզիան վերածվել էր թևերը կտրած թռչունի։
Եվ այս մթնոլորտում շռնդալից հայտնվեց Շիրազը՝ գարնանաբույր բանաստեղծություններով։ Նա եկել էր մարդկային իրական ապրումները երգելու, վախը մարդկանց սրտերից հանելու, հային ազգային հիմքերին վերադարձնելու։
Շիրազը սկզբնավորեց ազգային ինքնագիտակցության վերածնունդը խորհրդային շրջանում։ Նա համարձակվեց խոսել, ավելի ճիշտ՝ աղաղակել եղեռնի ցավի ու Արարատի, Արցախի, Նախիջևանի վերադարձի երազանքի մասին։
Բավ է, հայեր, ցրված մնաք,
Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի․․․
Կարելի է ասել, որ նա դարձավ Արցախյան ազատամարտի գաղափարական առաջնորդը՝ 1959 թ․ գրելով «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը։
Շիրազը անկեղծ, անմիջական, անկաշառ բնավորության և բանաստեղծական հանճարի շնորհիվ դարձել էր ժողովրդի պաշտամունքը, խիղճը։ Սփյուռքահայերը Հայաստան այցելելիս ամեն ինչ անում էին նրան տեսնելու համար, նույնիսկ շորերն էին համբուրում նրան տեսնելիս։
Թե ուզում ես անմահ մնալ,
ժողովրդիդ սիրտը դարձիր...
Շիրազը կարծես «Սասնա ծռեր» էպոսի հերոսներից մեկը լիներ՝ նույնքան խենթ, անկանխատեսելի, շիտակ, նվիրված։
Նա մարդ-պետություն էր պետության մեջ (գրականագետ Սամվել Մուրադյանի բնորոշումն է), որի հրամանին էր սպասում ողջ հայությունը։
Շիրազը հեղաշրջում մտցրեց մարդկանց մտածողության մեջ։ Նրա «Հայոց անունները» երգիծական բանաստեղծությունը փոխեց մարդկանց վերաբերմունքը, սկսեցին հայկական անուններ դնել երեխաներին, նպաստեց, որ փոխեն գյուղերի ոչ հայկական անունները։
Շիրազ բանաստեղծը բնության տարերքի է նման։ Նրա ստեղծագործությունները լի են բնության անձնավորման անսպասելի գյուտերով, երևակայության թռիչքներով, փիլիսոփայական ընդհանրացումներով։
Շիրազի լավագույն ստեղծագործություններն են՝
Բանաստեղծություններից «Իմ սուրբ հայրենիք», «Էքսպրոմտ», «Վերելք», «Հին աշխարհը չեմ տեսել», «Թագադրում», «Արարատին», «Հնչեց մեղեդին զանգերի լռած», «Կտակ» և այլն։
Պոեմներից «Հայոց դանթեականը», «Բիբլիականը» և այլն։
Մարտիրոս Սարյան «Հովհ․ Շիրազ»
Շիրազն ասել է․
«Բանաստեղծի զորությունն անկեղծությունն է: Որքան մեծ է նրա անկեղծությունը, այնքան շատ սրտերի, շատ սերունդների հետ կխոսի: Բանաստեղծին հրամայողը նրա սիրտն է, իսկ այդ սիրտը պատկանում է ժողովրդին»:
Շիրազին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան