Որբանոցից փախած Օնիկը (Շիրազը) տղաների հետ հաճախ էր պտտվում շուկայում՝ ուտելիք գտնելու հույսով։
Գյումրեցի հայտնի զվարճաբան Պոլոզ Մուկուչն էլ մի վաճառասեղան ուներ, որի վրա շողշողում էին ամենահամեղ տանձերն ու խաղողները։
Մի անգամ տղաների սովահար հայացքները տեսնելով՝ Մուկուչը բարկանում է ու քշում նրանց, բայց երբ իմանում է, որ Օնիկը բանաստեղծություններ է գրում, տալիս է առաջադրանք՝ հորինել բանաստեղծություն իր տանձերի մասին:
Օնիկը տեղում սկսում է հորինել.
Տանձը, քեռի, ծառից կեղնի,
Թե որ հասավ, անուշ կեղնի:
Ընկավ գետնին՝ մաս-մաս կեղնի,
Օրենքն է սա ժամանակի…
Պոլոզ Մուկուչը նայում է մի ոտքին հին կոշիկ հագած, մյուսին՝ կտորներ փաթաթած պայծառ պատանուն և բոլորին հրավիրում համտեսի:
Իսկ երեկոյան տղաների պատվին հյուրասիրություն է կազմակերպում իր տանը: