Իր մասին

Շիրազ մեծ տաղանդ մըն է։ Անիկա մեծ, մեծ անուն ունի, և մենք շատ կգնահատենք անոր գոյություն… Շիրազ թանկագին հոգի մըն է…  Մենք պետք է հպարտ զգանք և մեծ պատիվ համարենք անոր հետ ծանոթ ըլլալ։

Վիլյամ Սարոյան

Շիրազը հոյակապ դեմք է մեր պոեզիայի Պառնասում, հորդաբուխ ու ճշմարիտ բանաստեղծ, նրա ամեն մի բանաստեղծությունը մի գյուտ է՝ զարմանալի պատկերներով: Բնությունը նրան օժտել է փիլիսոփայական ինտուիցիայով: Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեն, ես մեծ սիրով տեղ կտայի «Բիբլիականին», «Էքսպրոմտին» և այլ բանաստեղծությունների:

 

Հովհաննես Շիրազը հայ ժողովրդի վշտի դարավոր մառախուղից ծագած աստղն է:

 

Ավ․ Իսահակյան

Շիրազն իր «ծիածանե լարերով» օժտված քնարը նվիրաբերում է այսպես կոչված «հավիտենական թեմաներին» և ամրանում Նարեկացի-Թումանյան-Իսահակյան ավանդական, դասական եռանկյունում…  Չարենցից հետո կարծես թե անհարմար էր ժայռ ու աղբյուրի, մանուշակի, վարդ ու սոխակի մասին խոսելը: Շիրազը բնազդաբար և անխաբ, առողջ ներքնատեսությամբ զգաց, որ ով ուր՝ իր ճանապարհը հենց այդ է, որ կա:

Ու փռվեց Շիրազը՝ սրտի խոսքի կարոտ ընթերցողի ճանապարհին իր սրտառուչ երգերով, վիրավոր սիրո դառն ու տխուր նվագներով, մորը, մարդուն եւ բնությունն աստվածացնող գեղոններով…

 

Գուրգեն Մահարի

Նրա երակներում հոսում էր Նարեկացու և Քուչակի արյունը, իսկ սրտի միջով անցնում էր Խաչատուր Աբովյանի վերքը։ Նա տիրապետում էր Սասունցի Դավթի ուժին, սակայն նրա պոեզիայում ծաղկում էր մոր ծաղիկը, որի անունը քնքշություն է։ Նրա քնարը պատվով կրում էր Կոմիտասի կարոտը և Մարտիրոս Սարյանի գույների հարմոնիան։ Շիրազը ոչ միայն բանաստեղծական պատկերի անգերազանց վարպետ է, այլև բանաստեղծության գերազանց կառուցող-ճարտարապետ։

Սուրեն Աղաբաբյան, գրականագետ

Շիրազի ողնաշարի վրա է բարձրացել ամբողջ ետչարենցյան հայ գրականությունը։

Պարույր Սևակ

 

Պատկերավոր ասած, Հովհաննես Շիրազը երեք մայրերի բանաստեղծ է՝ մայր բնության, իր հարազատ մոր և մայր հայրենիքի: Եվ այդ եռածին միասնության մեջ է Հովհաննես Շիրազի ուժն ու հմայքը...

Գևորգ Էմին

Հովհ. Շիրազի «Բիբլիական» պոեմի մեջ վերածնվում, շքեղանում է հայ ժողովրդի հանճարը՝ ամբողջական տիեզերական զորությամբ, իր հոգեկան լուսավորումով… Հեղինակն իր քնարով կապում է, նույնացնում Հայաստանի քնարերգությունը տիեզերականին:

Պիեռ Պարաֆ, ֆրանսիացի քննադատ

Այս տղան ոչ մեկիս թրի տակով չի անցնելու։

Ե․ Չարենց

Շիրազը Սփյուռքի մեջ խորհրդահայ ամենաժողովրդական և սիրված բանաստեղծն է, հուզիչ կապ է մեր ու մեր հայրենիքի ժողովուրդին մեջ, նրա ձայնը Սփյուռքում սրտեր կգրավե և մեզ կխրախուսե, որ շարունակենք երազել․․․․ Նա հրաբխային բանաստեղծ է։

Լևոն-Զավեն Սյուրմելյան, ամերիկահայ գրող

Միայն մեծ վշտից հառնած ազգի զավակը կարող էր երկնել «Բիբլիականը»։ Պոեմի սքանչելի երեսը համամարդկային խոհն է, աստառը՝  ազգային խորունկ ցավը։

Բոգդան Գեմբարսկի, լեհ գրող, «Բիբլիականի» թարգմանիչը