Բայց միայն հայ ժողովրդին չէ, որ հիացնում է այս անսովոր պատկերներով գեղեցիկ ստեղծագործությունը։ Այն թարգմանվել է տարբեր լեզուներով և կրկին ջերմ արձագանք գտել։ Արաբ գրող, հայագետ Նիզար Խալիլը գրում է. «Սիամանթո և Խջեզարեն» հանճարեղ պատանու անդրանիկ պոեմն է: Ես սպասում եմ այն պահին, երբ այս համաշխարհային բանաստեղծի բոլոր գործերը կթարգմանվեն արաբերեն, ինչպես որ թարգմանվել են աշխարհի կենդանի լեզուներից շատերով»:
Հիշո՞ւմ ես Չարենցի «Պատգամ» բանաստեղծությունը, որի մեջ գաղտնագրված էր Չարենցի պատգամը․ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Հիմա կարդանք այս հատվածը «Սիամանթո և Խջեզարե» պոեմից․
Ով խլել է հայ Սիփանը անխուդա է, անաստված,
Հայ լեռներից զրկված հայր ձուկ է ծովից դուրս նետված:
Ժողովուրդ իմ, չի կտրվի քո սիրտր քո Սիփանից
Քո հողն ինձմով՝ քեզ կկանչե քո Գողթանից, քո Վանից:
Միակ սուրբը մայրենին է, հայրենին են մասիսված,
Փրկությունը այն կամուրջն է, ուր քո վշտերն են կիտված:
Քո լեռները քեզ են կարոտ քո վանքերով այն վսեմ,
Հավաքական իմ հուշերով էլ Սիփանի որն ասեմ,
Ուժի աղբյուր Կաթնաղբյուրդ, թե՞ հրաշք ծովն իմ Վանա,
Մեջ յոթնեղբայր քո լեռների, ուր հովերն են նիրվանա,
է՜, ի՞նչ, երբ որբ են Սիփանդ ու քաջերը Սիփանա...
Ընդգծված բառերով կարդացի՞ր նույն նախադասությունը։ Սա Շիրազի արձագանքն էր Չարենցին։
Շիրազը գիտեր, թե գեղարվեստական խոսքը որքան շատ է ներգործում մարդկանց վրա և իր առաքելությունն էր համարում իր սերնդակիցների մեջ ազգային ինքնագիտակցությունը արթնացնելը, ինչը ամեն կերպ խլացվում էր։