Ես ծնվել եմ ձորերում
Եղեռնի սև օրերում,
Մայրս կրծքին օրորել
Իմ օրոցքն էլ է կորել,
Աչքս բացի, սով տեսա,
Աստված ասաց՝ զոհ է սա․․․
Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թ. ապրիլի 26-ին Գյումրիում, բայց ինքն իրեն համարում էր եղեռնի ողբերգությունից ծնված բանաստեղծ և ծննդյան թիվ էր նշում 1915-ը։ Հայրը՝ գյումրեցի Թադևոսը, հողի աշխատավոր էր, մայրը՝ Աստղիկը, կարսեցի էր։
«Մայրս երկինքն է, հայրս՝ երկիրը, ուրեմն բանաստեղծ եմ ի ծնե, ի բնե․․․ Մայրս հեզ էր, նույնիսկ հեզիկ ու ծայրաստիճան ինքնամփոփ ու մենասեր, քնքուշ, ինչպես հով, երկչոտ, ինչպես սարի եղնիկ, սիրելի, ինչպես թփերի տակ քաշված լացակումած աչքերով մանուշակ: Հայրս նույնպես բարի ու մեղմախոս էր, ինչպես Շիրակի դաշտերի հովերը, բայց երբեմն խիստ, ինչպես Արագածի ձմռան շունչը: Ահա այս երկու մեղմություններն ինձ աշխարհ են բերել», - իր «Մի փետուր իմ արծիվ կյանքից» հուշերի գրքում գրել է Շիրազը։