Ընդհանուր բնութագիր

Երգերդ աղբյուր են զուլալ՝

Մեր երկրի արևից բխած,

Դու մեր երկրի պես շռայլ,

Մեր երկրի պես հուզառատ ու բաց:

Ե․ Չարենց

Գուրգեն Մահարին  բանաստեղծ է և արձակագիր։  Նրա ոճն առանձնանում է անկեղծությամբ, ջերմությամբ և հումորով։ 

Հաճախ գրական ձիրք ունեցող մարդիկ նեղվում են նյութի, սյուժեների պակասից։ Մահարու ճակատագիրն այդ առումով շատ «շռայլ» է եղել նրա նկատմամբ։ Դաժան ճակատագրի տեր Մահարին հենց իր կյանքն էլ դարձրել է իր ստեղծագործությունների նյութը՝ կարողանալով ամենածանր իրավիճակներն անգամ նկարագրել նուրբ ժպիտով։ Նրա լավագույն ստեղծագործությունները իր կենսապատումներն են, որոնցում ընդհանրացրել է իր ապրած ժամանակաշրջանը։ 

Գաղթի ճանապարհներով անցնելուց, որբանոցներում մեծանալուց հետո Մահարին խորհրդային շրջանում էլ մեղադրվում է չարած հանցանքների համար ու աքսորվում Սիբիր։ Ընդհանուր հաշվով 18 տարի անցկացնում է սարսափելի պայմաններում` ծանր աշխատանք կատարելով։ Այս ամենի մասին են նրա ինքնակենսագրական վիպակները, բայց դրանք ընթերցվում են թեթևորեն՝ արցունքն ու ժպիտը միախառնած։

Մահարին իր գրական ուղին սկսել է բանաստեղծություններով, ապա անցել է արձակի։ Նրա արձակի շատ էջեր արձակ բանաստեղծություններ են հիշեցնում։

Մահարու լավագույն ստեղծագործություններն են՝

Ինքնակենսագրական  վիպակները՝ «Մանկություն», «Պատանեկություն», «Ծաղկած փշալարեր» («Երիտասարդության սեմին» և «Երիտասարդություն» վիպակները մնացել են անավարտ)։

«Այրվող այգեստաններ» վեպը

«Օրոր», «Երեք բարդի», «Պոետ», «Այգեստաններ», «Թե ունեի ես մեղքեր․․․» և այլ բանաստեղծություններ։

Գուրգեն Մահարու ստեղծագործությունները լավագույնս բնութագրում են իր իսկ տողերը՝ ուղղված ընթերցողին․

«Հաճախ, շատ անգամ ես ծիծաղել եմ, երբ պետք էր արտասվել՝ քո սիրտը չկոտրելու համար․․․»։

 

 

 

 

Մահարուն նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Միհրան Հովհաննիսյան