Իր մասին

                       Մահարու հետ 

  Աշնան շեկ շուկան ողկույզ է ու նուռ,
Գինին եռում է, մեղուն՝ խենթանում...
Իսկ երգն աշուղի տառապանք է կույր.
-Ա՜խ, Մագադան են, մայրիկ, ինձ տանում...

Օրը բուրում է որպես խունկ ու դեղձ,
Եվ թափառում են շուկայում այդ հին
Մի սիրահարված , անտիպ բանաստեղծ
Ու սիբիրական Գուրգեն Մահարին:

․․․․․Ու թափառում ենք, ցողն է մեզ թրջում,
Թափառում անվերջ... Եվ գիտենք, սակայն,
Որ մեր հետքերով անհայտն է շրջում,
Եվ քմծիծաղում մի սև ուրվական:

 Շրջում է, ձեռքին գերանդին իր կեռ,
Եվ սպասելով աստղերի հունձին,
Ասում է.«Հիշեք, այն բակում, այնտեղ
Այս գերանդիով եմ հնձել Բակունցին»...   

                                                   Վ․ Դավթյան

(Սև ուրվականը մահն է, հիշո՞ւմ ես նրա կերպարը՝ սև հագուստով,  գերանդին ուսին։ Իսկ թե ինչո՞ւ էր շրջում ու հնձում, հիշենք պատմությունը․

1937-ը հայոց պատմություն սև թվականներից է: Այս տարիներին սկսվեցին ստալինյան բռնաճնշումները: Չարենցի բառերով ասած «թիֆլիսցի նեղճակատ կինտոն»՝ Ստալինը, որի ձեռքերում էր ամբողջ ԽՍՀՄ-ի ղեկը, բոլոր սթափ մտածողներին սպանդի ենթարկեց)

 

Էջմիածնա վանքի բակում

Խեղճ ու կրակ որբերի ծով:

Պաշարել է ծովն՝ անողոք,

Անհնարին, անհուն մի սով:

Աչքերի մեջ մութ մի ժպիտ,

Սիրտը լիքն է ողբ ու լացով,

Հույսի նշխարն ատամի տակ,

Ուշքն իրենց տան մատանին է,

Գաղթականի շորեր հագած

Ինքը՝ Գուրգեն Մահարին է:

Հետո գալիս, Տուն է գալիս,

Էլ ոչ որբ է, ոչ գաղթական,

Այգեստաններն իրենց շնչով

Նրա գրչին են պարտական,

Շաղ է տալիս շողք ու շնորհք

Ու քայլում է նա հաղթական,

Միտքն՝ անհունին, ու ձեռքի մեջ

Անմահության բանալին է...

․․․Հոգին Սասնա Ծուռ է դարձել,

Տակը Քուռկիկ Ջալալին է...

Դասականի շորեր հագած

Ինքը՝ Գուրգեն Մահարին է:

                         Համո Սահյան

(Համո Սահյանի Մահարուն նվիրված բանաստեղծության մեջ  խտացված է Մահարու ամբողջ կյանքը՝ ոսկե մանկությունից մինչև ծերություն. իրար հաջորդած տարբեր շրջափուլեր, որոնք գրեթե բոլորը դարձան ստեղծագործություններ)

 

Երգերդ աղբյուր են զուլալ՝

Մեր երկրի արևից բխած,

Դու մեր երկրի պես շռայլ,

Մեր երկրի պես հուզառատ ու բաց:

Կարդալով քո գիրքը քո անհուն՝

Հավատում եմ գալիքին մեր․․․․

                                      Եղիշե Չարենց