Բառերով փրկված կյանք
Գուրգեն և Անտոնինա Մահարիները հանդիպել են Սիբիրում։ Վիլնյուսի համալսարանի ուսանողուհի Անտոնինան Սիբիրում անցկացրել է 10-ը, իսկ Մահարին 17 տարի։ Անտոնինան հանդիպում է Մահարուն մահացողների հիվանդասենյակում։ Մահարին այնքան ծանր հիվանդ էր, որ բժիշկները հույս չէին տալիս։ «Գուրգենի վիճակը ծանր էր, ես երիտասարդ էի ու առողջ և օգնեցի նրան ապրել․․․․ Ես նրա կյանքը բառերով եմ փրկել։ Մահարին արդեն հույսը կորցրել էր, որ կառողջանա ու տուն կվերադառնա, իսկ ես խաբում էի նրան, թե ամեն ինչ լավ է, ասում էի՝ անպայման կառողջանաս, կգնաս տուն, քո գրքերը կհրատարակվեն, դու շատ տաղանդավոր ես ու հայտնի գրող կդառնաս․․․Այդ ամենը նրան ոգևորում, ուժ էր տալիս․․․»,- հետագայում պատմել է Անտոնինան։
Մեծությո՞ւն
Մի փիլիսոփայություն ուներ՝ կյանքն ամեն տեղ էլ կյանք է, ու մարդն էլ՝ մարդ: Որոնի՛ր մարդու բարեկամությունը, ինքդ բարեկամացի՛ր, ու դժվարը կհաղթահարվի:
Եվ ինքն այդպիսին էր: Անկաշկանդ կարողանում էր բարեկամություններ հաստատել, մտերմանալ՝ երբեք կարևորություն չտալով դիմացինի դիրքին, պաշտոն-աստիճանին, կապերին՝ այլ միայն ու միայն տեսնելով մարդուն: Միաժամանակ երբեք զգալ չէր տալիս, որ ինքն էլ վերջապես Գուրգեն Մահարին է՝ հնչեղ մի անուն ու ճանաչված մի մեծություն: Եվ այստեղ էլ՝ նույն հեգնախառն ժպիտը.
-Բոլորս, որ մեծություն անենք, հապա փոքրություն ո՞վ անի:
***
Գուրգեն Մահարին ընկերների շրջանում Գուրգեն-Մանարի մականունն էր վաստակել, որովհետև սիրում է թափառել և շաբաթվա այս ծայրից այն ծայրը իրեն կամ Թիֆլիս պիտի գցեր, կամ Գյումրի: Նա շատ էր սիրում թափառել: