Ես գիտեմ՝ վերջին զոհն եմ ես երկրիս,
Նաիրյան վերջին փարավոնը․․․
Մահարի «Ի խորոց սրտի»
Երբևէ մտածե՞լ ես` ինչու Մահարի: Պատանի հեղինակը սկզբում ստորագրել է Գ. Արփունի, հետո Գ. Միհրունի, իսկ վերջում, ինչպես ինքն է փաստում իր «Լքում» բանաստեղծությունը շարվածքի հանձնելիս. «Ձանձրացա «ունի»-ներից այս բանաստեղծության տակ ես ստորագրեցի Գ. Մահարի՝ ելնելով բանաստեղծության մռայլ ոգուց: Իսկ հետո, երբ նույն «Վան-Տոսպում» տպվեց Լ. Եվանգուլյանի հոդվածն իմ մասին` Դիտող ստորագրությամբ, որում նա պնդում էր, որ «թուրքահայ որբ գրականությունը որբ մահարիներով պիտի ծաղկի», ես հաշվեցի, որ հնչեց իմ անմահության զանգը և պահեցի այդ կեղծանունը…»:
Հետաքրքիր է առաջին բանաստեղծության ծնունդը: Այն գրել է Րաֆֆու «Խենթը» վեպը կարդալուց հետո գիշերը, երբ բոլորը քնած էին. «Սերտարանի լռության մեջ ճռճռում է գրիչը և թղթի վրա դուրս է գալիս մի բուռ «Հայրենիք»: Հետո գրում եմ հինգ տուն բանաստեղծություն, որի վերջին տողն է՝ «Գրկիդ մեջ պառկեմ ու մեռնեմ…»: Երբ վերջացրի բանաստեղծությունը, մեծ, շատ մեծ մարդ թվացի իմ աչքին, այնքան մեծ, որ եթե հնար լիներ ծունկ կդնեի իմ առջև և աղոթքի ու փառաբանության խոսքեր կասեի»։ Հետագայում քմծիծաղով է հիշում իր պատանեկան ապրումները բանաստեղծը: