Ընդհանուր բնութագիր

Չարենցը հայ նորագույն գրականության հանճարեղ դեմքերից է։ Վառ ու հզոր գրչի տեր վարպետ, որն ապրեց մեր հայրենքի համար ծանրագույն շրջանում։ 

Չարենցը տեսավ եղեռնի շրջանը, Հայաստանի առաջին հանրապետությունը։ Նա ողջունեց հոկտեմբերյան հեղափոխությունը,  հավատաց, որ խորհրդային կարգերի հաստատմամբ Հայաստանը կվերածնվի, բայց 40 տարեկանում դարձավ նույն կարգերի զոհը։

Չարենցը միշտ տարբեր էր, համաշխարհային գրական ընթացքին միշտ համահունչ։

Պարույր Սևակը գրել է, որ բանաստեղծները նման են ծառերի․ կան պոետներ, որոնք գլուխգործոցներ են կերտում վաղ շրջանում (վաղահաս), ոմանք կյանքի միջին շրջանում (աշնանահաս), ոմանք՝ վերջին (ձմեռնուկ)։ Ըստ Սևակի՝ բնությունը զարմանալի պատվաստներ է կատարել Չարենցի վրա, որովհետև նա նորարար է ու անկրկնելի բոլոր փուլերում։

Այդ են վկայում․

18 տարեկանում ստեղծած «Դանթեական առասպել» պոեմը,

23 տարեկանում գրած «Մահվան տեսիլը» բանաստեղծությունը, «Տաղարանը»,

30-ն անց տարիքում գրած «Էպիքական լուսաբաց», «Գիրք ճանապարհի» ժողովածուները և այլն։

Իր դերի և արժեքի լավագույն բնութագիրը տվել է հենց ինքը՝ Չարենցը․

Ինչ ունեցել ժողովուրդը քո

Հնում, անցյալում լուսավոր ու վեհ,

Ինչ ունի այսօր, ինչ ցնորք ու խոհ

Ողջը հավաքել ու քեզ է տվել։

Հրաչյա Ռուխկյան «Ե․ Չարենց»

 

«Անհանգիստ, նուրբ, բուռն, հեշտ խոցելի, կրքոտ, պոռթկուն, ազնիվ, բոցավառ․․․ Հրաբխային ծագում ունի մեր ավագ եղբայր Եղիշե Չարենցը։ Նրա համար պոեզիան ընկերուհի է, ռազմադաշտ, ամբիոն, աղոթք, զրույց․․․  լռություն»։ 

Լև Օզերով

 

 

 

 

 

 

«Չարենց» բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան