Կենսագրություն

Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում: Չարենցի հայրը` Աբգար աղան, և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը, ունեին չորս որդի և երեք դուստր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ և աստվածավախ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Չարենցը սովորում է Կարսի հայկական դպրոցում, ապա ռուսական ռեալական ուսումնարանում:

15 տարեկան էր, երբ «Պատանի» ալմանախում* տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը, իսկ բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսնում, երբ նա 17 տարեկան էր։ Ժողովածուն կոչվում էր «Երեք երգ տխրադալուկ աղջկան» և նվիրված էր Աստղիկ Ղոնդախչյանին, որին սիրահարված էր Չարենցը։

 

*ալմանախ – տարբեր հեղինակների գրական ստեղծագործությունների ժողովածու

Արժե իմանալ

Հետագայում Աստղիկը գրում է, որ երբ իր խստաբարո հոր ձեռքն է ընկնում գիրքը, նա նեղվելով ասում է․ «Աստղիկ հասկացանք, էլ ինչ պետք կար Ղոնդախչյան»։ Այսինքն՝ ազգանունը գոնե չգրեր, որ մարդիկ չճանաչեին իրենց։ Այդ ժամանակ նա չէր էլ կարող կասկածել, որ իրենց ազգանունը պատմության մեջ հենց այդ գրքով է մնալու։

Աստղիկը նաև գրում է, որ ինքը տխրադալուկ չէր, զվարթ աղջիկ էր։смайлик

Աստղիկ Ղոնդախչյան

Գևորգ Գրիգորյան (Ջոտտո) «Չարենց»

1915 թ. ստեղծվում են հայկական կամավորական առաջին ջոկատները։ Չարենցը զինվորագրվում է և մասնակցում մի շարք մարտական գործողությունների՝ հասնելով մինչև Վան: Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի ողբերգությունը Չարենցը նկարագրել է «Դանթեական առասպել» պոեմում: 1916թ. վերջերին Չարենցը մեկնում է Մոսկվա՝ դառնալով Շանյավսկու համալսարանի ազատ ունկնդիր։ Այնտեղ ոգևորությամբ է ընդունում 1917 թ․ Հոկտեմբերյան հեղափոխությունը, գրում այդ թեմայով ստեղծագործություններ։ Վերադառնալով հայրենիք՝ ուսուցչություն է անում Կարսի գյուղերից մեկում։

1919թ. կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանը Չարենցի մասին դասախոսություն է կարդում, ինչից հետո Չարենցի անունը միանգամից հայտնի է դառնում։ Նա գալիս է Երևան։

24 տարեկանում Չարենցն ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ։

Արժե իմանալ

Չարենցի կյանքում շատ կանայք են եղել։ Սակայն նրա անմոռանալի ու հավերժական սերը հենց Արփենիկն էր, նա հիշտ հասկանում և աջակցում էր բարդ և բուռն խառնվածք ունեցող Չարենցին։ Համատեղ կյանքի 6-րդ տարում Արփենիկը ուշացած վիրահատության պատճառով մահանում է՝ Չարենցին թողնելով ծանրագույն վշտի մեջ։

Այս մասին կարդա նաև այստեղ։

Չարենցը ժամանակի ամենազարգացած, կարդացած մարդկանցից էր։ Նրա շնորհիվ հայ գրականությունը քայլեց համաշխարհային գրականությանը համընթաց։ Այդ ճանապարհին եղել են նաև սխալներ, անհաջողություններ։ Այդպիսի մի համարձակ նորարարություն էր «Երեքի» դեկլարացիան, որը ժխտում էր անցյալի բոլոր ձեռքբերումները և նոր սկզբունքներ հռչակում «դասակարգային պայքարը, երկաթը, կարմիրը»։

Արժե իմանալ

Հատված «Երեքի» դեկլարացիայից «Ներկա հայ բանաստեղծությունը մի թոքախտավոր է, որ անխուսափելիորեն դատապարտված է մահվան: Նրա գոյության միակ արդարացումը մահամերձ լինելն է։ Նրա տրադիցիաները նման են թոքախտավոր երեխաների, որոնք, բացի վարակումից, ոչինչ չեն առաջացնելու։ ․․․Մենք հանդես ենք գալիս որպես ախտահանողներ․․․»։

Արփենիկը՝ Չարենցի առաջին կինը։ 

Արա Բեքարյան «Չարենց»

1924-25 թթ․ Չարենցը ճամփորդում է Թուրքիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, լինում է թանգարաններում, ծանոթանում հայտնի հայ գրողների հետ: Ճամփորդությունը նպաստում է, որ Չարենցը վերադառնա գրականության ազգային արմատներին, բարձրարժեք երկեր ստեղծի՝ ոչ թե եղած արժեքները ժխտելով, այլ դրանց հենվելով։ Չարենցը շուտով կազմում է «Նոյեմբեր» գրական միությունը Գուրգեն Մահարու, Գեղամ Սարյանի և ուրիշների հետ։ Հրատարակում է «Երկիր Նաիրի» վեպը Կարսի մասին։

Չարենցը կարևոր դեր է կատարում որպես արվեստի բաժնի վարիչ և հրատարակիչ։ Նա կարողանում է իր շուրջը համախմբել հայտնի նկարիչներին (Մարտիրոս Սարյան, Հակոբ Կոջոյան և ուրիշներ) ու նրանց հետ հրատարակում նոր, թարմ լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր:

Արփենիկի մահվանից մի քանի տարի անց Չարենցն ամուսնանում է Իզաբելլայի հետ։ Շուտով  ծնվում են դուստրերը` Արփիկը և Անահիտը:

1930-ական թթ․ լույս են տեսնում Չարենցի  «Էպիքական լուսաբաց»  և «Գիրք ճանապարհի» ժողովածուները, որոնց ազգային ուղղվածությունը պատճառ է դառնում, որ նրա հանդեպ հալածանքներ սկսվեն։ Հալածանքներն ավելի սուր բնույթ են ստանում  1936 թ․։ Բոլոր գրախանութներից վերացնում են նրա գրքերը, իսկ նորերի հրատարակումը` դադարեցնում: Սկսվում են ճնշումները ընտանիքի հանդեպ:

Շուտով Չարենցին հեռացնում են Գրողների միության շարքերից։ Նա ձերբակալվում է, հռչակվում «ժողովրդի թշնամի»։ Չարենցին մեղադրում էին ահաբեկչության և ազգայնականության մեջ։

 Չարենցը բանտից Իզաբելլային գրում էր․ «Ամուր եղիր, հարազատս, եթե նույնիսկ փողոց գցեն: Չէ՞ որ միայն մենք չենք տառապում, այլ շատ շատերը»:

Իզաբելլա Չարենց

Ալեքսանդր  Սադոյան «Ե․ Չարենց»

Ստալինյան անձի պաշտամունքի արյունոտ տարիներին աքսորվեցին ու գնդակահարվեցին մեր ազգի պայծառ մտավորականները՝ Ակսել Բակունցը, Չարենցը,Վահան Թոթովենցը, Զաբել Եսայանը և ուրիշներ։ Չարենցի դեմ սուտ վկայություններ են տալիս իր իսկ գրչակից ընկերները։

Բանտում Չարենցը Ստալինին մասին գրում է  «Թիֆլիսցի կինտոն» բանաստեղծությունը․

Բազմել է ցարերի գահին

Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,

Խրոմե սապոկներ հագին

Եվ գահը արել է ֆայտոն։

Նստել է, քշում է բռի,

Վարգում է, ոստնում է, անցնում,

Տիրան է, Ներոն է, բռի

Սփռում է արյուն ու արցունք․․․

1937 թ. աշնանը ձերբակալում են նաև կնոջը` Իզաբելլային՝ բախտի քմահաճույքին թողնելով փոքր երեխաներին։ Եղիշե Չարենցը մահանում է Երևանի բանտային հիվանդանոցում` 1937թ. նոյեմբերի 27-ին։

Արժե իմանալ

Ծանո՞թ է քեզ այս շրջանի պատմությունը, եթե ոչ, պատմեմ, լսիր։

Ինչպես գիտես, 1918 թ․ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Եղեռնից, պատերազմներից, սովից, վարակիչ հիվանդություններից հյուծված Հայաստանի Հանրապետությունը գոյատևեց 2 տարի։ 1920 թ․ Հայաստանը կորցրեց անկախությունը, մտավ Խորհրդային Միության մեջ, որի կազմում կար 15 պետություն՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան և այլն։

Ռուսաստանում 1917 թ․ Լենինի գլխավորությամբ հեղափոխություն էր տեղի ունեցել, և ցարական միապետությունը տապալվել էր։ Հեղափոխականները եկել էին սոցիալիզմ և կոմունիզմ կառուցելու ծրագրերով, որոնց հիմքում մարդկանց հավասարությունն էր (հարուստ ու աղքատ չպիտի լիներ)։ Այս գաղափարը ողջունում են շատերը, նաև Եղիշե Չարենցը։ Սակայն շուտով պարզվում է, որ այդ գաղափարները «կյանքի են կոչվում» անարդար ու արյունոտ ճանապարհներով։ Իոսիֆ Ստալինի ղեկավարման ժամանակ բռնատիրություն է հաստատվում, «սոցիալիզմի թշնամի» պիտակավորելով՝ միլիոնավոր անմեղ մարդկանց գնդակահարել են տալիս ու աքսորում։ Վտանգի տակ էին բոլոր նրանք, ովքեր ինքնուրույն մտածելակերպ ունեին ու կարող էին քննադատել «անսխալ» առաջնորդին։

Ստալինիզմի զոհ դարձան միլիոնավոր մարդիկ, որոնց մեջ էին մեր ազգի պայծառ զավակները։

Չարենցը գերեզման չունեցավ։ Այդ մասին Վահագն Դավթյանը գրել է․ «Ինքն իր դեմ, իր հոգեկան երկփեղկվածության, իր սասանված հավատի դեմ մարտնչելով ու ողջակիզվելով՝ հանգավ նա, հանգավ նրա վտիտ ու ծվատված մարմինը։ Եվ չիմացանք՝ ինչ էր նրա վերջին խոսքը, վերջին պատգամը․․․ Եվ չիմացանք, թե ինչ արին նրա որբ աճյունը, ուր է նրա շիրիմը։ Եվ հավանաբար երբեք էլ չիմանանք, և հավանաբար պետք էլ չէ, որ փնտրենք, քանի որ մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, այն օրերի դաժան ու դժնի տրամաբանության դեմ, ըստ որի՝ Չարենցի նմանները պիտի գերեզման չունենային․․․»։

Գրականագետ Դավիթ Գասպարյանը «Ողբերգական Չարենցը» գրքում գրում է. «…Պատմում են, որ բանտախցի պատերին Չարենցը բանաստեղծություններ է գրել. ծխախոտի տուփերը խոնավացրել է, ստվարաթուղթը շերտ – շերտ անջատել և չորացած էջերին շարադրել իր ծանր խոհերը….»։

Ըստ այդ պահի ականատես հուշագրի՝ նրա վերջին խոսքերը եղել են այսպիսին.

«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ՝ ՈՐՊԵՍ ՉԱՐԵՆՑ ՈՒ ԿԴԱՌՆԱՄ ՆՈՐԵՆ՝ ՈՐՊԵՍ ՉԱՐԵՆՑ»:

․Մ․ Սարյան «Չարենց»