1937թ., երբ Իզաբելլա Չարենցը ստանում է բանտում գտնվող Չարենցի սպիտակեղենը` լվանալու համար, պահնորդներից մեկը ծածուկ նրան է փոխանցում Չարենցի նամակը, որը գրված էր մատիտով սպիտակ թաշկինակի վրա: Այն Իսահակյանին էր ուղղված։ Թաշկինակի վրա գրված է Չարենցի վերջին բանաստեղծությունը։ Չարենցը գրել էր. «Սիրելի Ավետիք, ներքևում երգում էին քո երգը, սիրտս լցվեց, և ես գրեցի հետևյալ ստիխը. ընդունիր իբրև ձոն և ողջույն»:
Որքան գնում - այնքան խոնարհ,
Այնքան անհուն և այնքան ջերմ
Ես խոնարհում եմ քո առջև
Ե´վ սեր, և´ սիրտ, և´ քնար:
Արդեն ցնորք է անհնար`
Ունենալ երգ այնքան նայիվ,
Որ հմայե երեխային Եվ ծերունու սրտում մնա․․․
Իսահակյանն բանաստեղծությունը պահում էր որպես ամենաթանկ մասունք` երբեմն ցույց տալով ամենահուսալի մարդկանց:
Հովհաննես Զարդարյան «Իսահակյանն ու Չարենցը»