Ստեղծագործություններ
Չարենցի ձեռագիրը
ՏԱՂԱՐԱՆ
ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ
Դանթեական առասպել
Չարենցի ձեռագիրը
ՏԱՂԱՐԱՆ
ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ
Դանթեական առասպել
Չարենցի ձեռագիրը

Չարենցը սկսեց ստեղծագործել 14-15 տարեկանից, մահացավ 40 տարեկանում։ Այդ 25 տարվա ընթացքում Չարենցը միշտ փնտրել է ինքնարտահայտման նոր ուղիներ, անընդհատ գերազանցել, երբեմն էլ հերքել է ինքն իրեն։ Մի բան ընդհանուր է․ ստեղծագործական բոլոր փուլերում էլ նա անկեղծ է, բուռն, հուժկու և դիպուկ, մի խոսքով՝ հանճարեղ։ Նրա ջանքերը, անգամ անհաջողություններն ու վրիպումները հայ գրականության զարգացմանը, համաշխարհային գրականությանը համընթաց քայլելուն էին միտված։ Չարենցին հասկանալու համար ուշադրություն պետք է դարձնենք տարեթվերին, լավ իմանանք այդ շրջանի պատմությունը, որովհետև նրա ստեղծագործությունների մեծ մասը հայրենիքում, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների արձագանքն է։

Թե ուզում ես երգդ լսեն՝

Ժամանակիդ շունչը դարձիր։-

Կապվիր նյարդով յուրաքանչյուր

Քո օրերին ու քո դարին։

Այսպիսին էր Չարենցը՝ յուրաքանչյուր նյարդով կապված էր իր ժամանակին ու կարևոր իրադարձությունների կենտրոնում էր։

Չարենցի վաղ շրջանի գործերում նկատելի է Վահան Տերյանի ազդեցությունը։ Իր ստեղծագործությունների մեծ մասը Չարենցը խմբավորել է շարքերում, որոնք իմաստային և ոճական ընդհանրություններ ունեն։

 «Տաղ անձնական» (1919 թ․)

Չարենցն իր գրական լաբորատորիայում ինչ փորձարկում ասես, որ չի արել։ Ամենահին, մոռացված բանաստեղծական ձևերը վերակենդանացնելուց սկսած՝  մինչև նորագույններն ու մեր գրականության մեջ երբևէ չփորձարկվածները։ Մի քանիսը թվարկենք՝ տաղ, թուղթ (նամակի ձևն է), ռուբայի, սոնետ, գազել, տրիոլետ․․․

«Տաղ անձնականը» աշուղական տաղի (մուխամազ) ձևի կիրառումն է․ այդ ձևով  մեկ տարի անց կգրվի «Տաղարան» չքնաղ շարքը։

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով

Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―

Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Չարենցի տունը Կարսում

Բանաստեղծությունը գրվել է 1919թ., երբ պատերազմի սարսափների միջով անցած բանաստեղծը վերադարձել էր Կարս, սակայն շուտով նորից պիտի հեռանար հայրենի քաղաքից և հրաժեշտ տար այնքան թանկ ու հարազատ վայրերին ու մարդկանց.

Ի՞նչ կզգայիր, եթե միանգամից թողնեիր այն ամենը, ինչ հարազատ է ու սիրելի, և չգտնեիր այն, ինչ փնտրում ես․․․

Այո՛, անորոշություն, հնարավոր է նաև տագնապ։ Ահա այդ զգացումներից է ծնունդ առել այս բանաստեղծությունը, բայց նրանում նաև խոր ընդհանրացումներ կան․

 Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի․․․

Հարց է առաջանում՝ ո՞վ էր Կարինե Քոթանճյանը։

Կարինեն Չարենցի սիրած աղջիկն էր, որին նվիրված է նաև նրա «Ծիածանը» բանաստեղծական շարքը։ Չարենցն այդպես է վարվել նաև հետագայում՝ բանաստեղծական շարքեր նվիրելով Լյուսի Թառայանին, Արմենուհի Տիգրանյանին, իր առաջին կնոջը՝ Արփենիկին և այլն։

Հետաքրքիրն այն է, որ յուրաքանչյուր նոր սեր Չարենցի ստեղծագործության մեջ ոճական նորություն է բերել։

Կարսի բերդը

Արժե իմանալ

Կարսը մեր 12 մայրաքաղաքներից է եղել։ Այն մայրաքաղաք է հռչակվել Բագրատունյաց թագավորության շրջանում։ Կարսի գրավումը մեր պատմության ցավոտ իրողություններից է։

1920 թ․ սեպտեմբերի 2-ին Թուրքիան հարձակվում է Հայաստանի առաջին հանրապետության վրա։ Սարդարապատի ճակատամարտից ընդամենը երկու տարի էր անցել և կրկին պատերազմ․․․ Այն տևում է երկու ամիս և ավարտվում Հայաստանի պարտությամբ, ապա խորհրդայնացմամբ։ Այդ ընդհանուր պարտությանը ուղղակիորեն նպաստում է Կարսի անկումը։ Կարսը, որ ուներ բավարար չափով զենք և զինվորականություն, ոչ մի դիմադրություն ցույց չի տալիս թուրքերին, սպաներն ու զինվորները առանց մի կրակոց արձակելու գերի են հանձնվում։

Սա տեսնելով՝ գնդապետ Մազմանյանը ամոթից ու անզորությունից ինքնասպան է լինում։

Այս ամենի պատճառներից մեկն այն էր, որ հայ բոլշևիկները Կարսի զորքի մեջ քայքայիչ քարոզ էին իրականացրել՝ ասելով, թե Թուրքիան էլ առաջվանը չէ, Խորհրդային Միության բարեկամն է, ու որ իրենք չեն ուզում կռվել «բարեկամների» դեմ․․․ 

Արժե իմանալ

Կարսը մեր 12 մայրաքաղաքներից է եղել։ Այն մայրաքաղաք է հռչակվել Բագրատունյաց թագավորության շրջանում։ Կարսի գրավումը մեր պատմության ցավոտ իրողություններից է։

1920 թ․ սեպտեմբերի 2-ին Թուրքիան հարձակվում է Հայաստանի առաջին հանրապետության վրա։ Սարդարապատի ճակատամարտից ընդամենը երկու տարի էր անցել և կրկին պատերազմ․․․ Այն տևում է երկու ամիս և ավարտվում Հայաստանի պարտությամբ, ապա խորհրդայնացմամբ։ Այդ ընդհանուր պարտությանը ուղղակիորեն նպաստում է Կարսի անկումը։ Կարսը, որ ուներ բավարար չափով զենք և զինվորականություն, ոչ մի դիմադրություն ցույց չի տալիս թուրքերին, սպաներն ու զինվորները առանց մի կրակոց արձակելու գերի են հանձնվում։

Սա տեսնելով՝ գնդապետ Մազմանյանը ամոթից ու անզորությունից ինքնասպան է լինում։

Այս ամենի պատճառներից մեկն այն էր, որ հայ բոլշևիկները Կարսի զորքի մեջ քայքայիչ քարոզ էին իրականացրել՝ ասելով, թե Թուրքիան էլ առաջվանը չէ, Խորհրդային Միության բարեկամն է, ու որ իրենք չեն ուզում կռվել «բարեկամների» դեմ․․․ 

Կարսին է նվիրված նաև Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը։ Գրվել է 1921-25 թթ․։

Այս վեպի խորքային իմաստը հասկանալու համար պետք է լավ ուսումնասիրել այդ շրջանի պատմությունը։ Վեպում ներկայացված է Առաջին համաշխարհային պատերազմից մինչև Կարսի անկումն ընկած շրջանը։ Կարսը Չարենցի ծննդավայրն էր, և նրա անկումը խոր ցավ էր Չարենցի համար, բայց նա այդ ցավն արտահայտում է քաղաքական սատիրայի, հեգնանքի միջոցով։

Ինչո՞ւ է «Երկիր Նաիրի» անվանել վեպը։ Այստեղ Չարենցը իր ներքին վեճն է շարունակում Վահան Տերյանի հետ, որը շարք ուներ՝ «Երկիր Նաիրի»։ Տերյանը Նաիրի երկիրը բնութագրում էր «երազ հեռավոր», «տեսիլ դյութական», «ցնորք», «լուսեղ» բառերով, Չարենցը, ի հակադրություն, հեգնում է Կարսի  բնակիչների նեղմտությունը, քաղաքական խժդժությունները,  ու այդ ամենի հետևանքը՝ քաղաքի գրավումը թուրքերի կողմից ու բնակչության սպանդը։ 

Չարենցը արձանագրում է, որ Երկիր Նաիրին, այսինքն՝ անցյալի Հայաստանը էլ չկա, փոխարենը կա Խորհրդային Հայաստանը, որի լուսավոր ապագային ինքը հավատում էր։

              

Նկարիչ Վրույր Գալստյանն այսպես է զգացել Չարենցին։ Դիմանկարում արտացոլված է նրա պայքարող տեսակը, տեսած սարսափներն ու ճակատագիրը։     

Մահվան տեսիլ

(1920թ․ հոկտեմբերի 6)

Հայաստանի համար ողբերգական մի շրջանում է գրվել այս բանաստեղծությունը։ Պատերազմ։ Շուտով պիտի ընկներ հայրենի քաղաքը՝ Կարսը․․․Ինչ անել, որ վատ երազ հիշեցնող ահավոր իրողությունները դադարեն, ինչպես փրկել ծվատվող հայրենիքը։ Եվ բանաստեղծի մտքում հասունանում է ինքնազոհաբերման ցանկությունը․ 

Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան․․․․

Բիբլիական շնչով գրված այս բանաստեղծությունը Պարույր Սևակը համարել է «Հայ ժողովրդի բախտի մասին 1500 տարվա ընթացքում գրված ամենասակավաթիվ հանճարեղություններից մեկը»։

 («Մահվան տեսիլ» վերնագրով Չարենցը ևս երկու ստեղծագործություն ունի)

 

 «Էպիքական լուսաբաց» ժողովածուն  (այս ժողովածուն Չարենցը կրկին նվիրել է առաջին կնոջ՝ Արփենիկի հիշատակին՝ «կնոջս, հերոսական բարեկամիս» ընծայագրով) Չարենցի գեղագիտական նոր հայացքների արտահայտությունն է, որտեղ բանաստեղծը առաջ է քաշում ժամանակը նորովի և խոր արտացոլելու, իրական մարդուն գրականություն բերելու, նրա հոգեբանությունն ու ներաշխարհը քննելու հարցերը: 

Ժողովածուն բացող «Մուսայիս» բանաստեղծության մեջ Չարենցը, ներկայացնելով անցած ճանապարհը, անդրադառնում է նաև իր վրիպումներին ու սխալներին «Երեքի» դեկլարացիայի շրջանում։ Դիմելով մուսային՝  ասում է․

Քո պայծառ մաքուր, շունչը կենդանի 

Ուզեցի փոխել ես բետոնի հետ

Սիրտս դարձնել պողպատե անիվ

Երես դարձնել անդարձ քեզանից

Եվ դառնալ անկիրք աշխարհի պոետ․․․

Չարենցը շեշտում էր, որ գրականությունը պետք է արտացոլի մարդու հոգեբանության տարբեր կողմերը, բնության բազմազանությունը․

Եվ ի՞նչ... այս բորբ, այս կենդանի
Հույզերը հորդ երգելու տեղ —
Միաչքանի, միոտանի
Մարդն են երգում հիմա անթև.

Մարդն են երգում, որի կրծքում
Երգեհոն է դրված կարծես,
Որ ճիչեր է միայն փղձկում,
Չունի ո՛չ խանդ, ո՛չ խինդ, ո՛չ սեր։

Չարենցը կյանքի վերջին շրջանում էլ է ստեղծագործություններ գրում, սակայն դրանք լույս են տեսնում տասնյակ տարիներ հետո։ «Գիրք ճանապարհի» ժողովածուն վերջինն էր, որ նրա կյանքի օրոք լույս տեսավ ու հետո արգելվեց։

Ժողովածուում բանաստեղծը քննում է հայ ժողովրդի` մաքառումներով լի անցած ուղին, անհատի տեղն ու դերը ազգի պատմության մեջ, ամփոփում արվեստի մասին իր խոհերն ու մտորումները: Չարենցը պատվիրում է չտարվել անցյալի փառքերով ու հիշատակներով, որպեսզի չկորչի ներկան: Նա մեղադրում է կարճատես առաջնորդներին, որոնք միշտ գերության են տարել ժողովրդին: Իսկ ժողովուրդը, ըստ Չարենցի, «եղել է հանճարեղ, եղել է կառուցող».

Ջլատվել է այսպես ժողովրդի անեզր

Հավաքական հանճարը զավթիչների հանդեպ,-

Եվ դարձել է ահա ժողովուրդը և՛ս,

Իր տերերի նման, անուղի ու անդեմ:

 Հետո սկսվում են հալածանքները, մեկուսացումը գրական կյանքից։ 1934-ին Չարենցը գրում է․

Այնքան մաղձ կա իմ սրտում, այնքան դառնություն.
Ես միայն վիշտ եմ տեսել, և թախիծ, և թույն...
Համայնական էր թեկուզ կյանքը մեզանում-
Ամեն ոք շուրջս,սակայն, իր թելն էր մանում...
Ես էլ, մենակ, մանեցի իմ թելը կյանքում-
Ինչքան որ ուժ ունեի- անխոնջ ու անքուն:
Թույն շահեցի սակայն ես վաստակիս համար-
Եվ մնացել եմ այսպես դառնացած հիմա…

1936 թ․ դեռ ազատության մեջ գտնվող Չարենցը «Ա․ Բ․» բանաստեղծությունն է նվիրում արդեն բանտարկված Ակսել Բակունցին։ 

Այս բանաստեղծությունը բնորոշում է Չարենցի մարդկային տեսակը ևս։ Մի ժամանակաշրջանում, երբ մարդիկ  խենթացած իրար ուրանում  ու զրպարտում էին, Չարենցը  վեհացնող, իսկապես գնահատող բանաստեղծություն է նվիրում «ժողովրդի թշնամի» Բակունցին՝ չմտածելով հետևանքների մասին․

…Ե՛վ բառերի համար քո մարմարյա,

Հնամենի, բուրյան, որպես մեր հին

Քարաքանդակ անդուռ մատուռների

Անջընջելի գրերն հնադարյան․․․

 

․․․Այս ամենի համար, — և քո եղերական

Տառապանքի համար, որ արդ կրկին

Վեհություն է խառնում քո անաղարտ երգին—

Ես քեզ պարզում եմ ձեռք եղբայրական…

Եվ ներբողում եմ քեզ ահա կրկին անեղծ

Իմ շուրթերով, ինչպես օրեր առաջ, —

Երբ դեռ դու ա՛յր էիր մի անարատ,

Եվ ես ընկերն էի քո բանաստեղծ… 

Վերջին տարիների որոշ բանաստեղծություններ վերնագրեր չունեն, դրանց վերնագրերը ամսաթվեր են, օրինակ՝ 1936 թ․ հուլիսի 9-ը խորհրդանշում էր Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանի սպանությունը ( ներկայացվեց որպես ինքնասպանությունՉարենցը մի շարք նվիրեց նրա հիշատակին՝ անվանելով «Դոֆին Նաիրյան»։ «Դոֆին» նշանակում է արքայազն։

Այս շրջանի ստեղծագործություններն արտացոլում են Չարենցի հիասթափությունն ու ցավը։ Այգաբաց խոստացող հեղափոխությունն ու խորհրդային կարգերը վերածվել էին արյունոտ մայրամուտի․

Վաղ աղջամուղջն այնքան ըղձյալ այգաբացի 

Մայրամուտի փոխվեց արյունալիճ,- 

Ուր մեր Ա՜րևն է նոր սուզվում արյունալի, 

Որպես կարմիր գլուխը գլխատվածի․․․

 

 

Բիբլիական շնչով է գրված «Իմ լերան աղոթքը» ստեղծագործությունը։ Ինչպես Աստծո որդին, Չարենցն էլ իր վերջին աղոթքն է հղում առ Աստված՝ ամփոփելով փոթորիկներով լի իր ստեղծագործական ուղին։ Նա տալիս է նաև ահասարսուռ ժամանակի նկարագիրը, որտեղ մոլախոտերը, սարսափելի արագությամբ բազմանալով, ոչնչացրին մի ամբողջ սերնդի․

Քառասնամյա կյանքի քարն ուսերիս վրա,
Արարչական գործիս անագորույն կեսին
Հղում եմ Քեզ կրկին ահավասիկ ես իմ
Խոհն անտրտունջ երթիս, աղոթքը իմ լերան․․․

Ամենավերջին ստեղծագործությունը Իսահակյանին նվիրված բանաստեղծությունն էր՝ բանտում թաշկինակի վրա գրված։Այդ մասին կարդա Հետաքրքիր պատմություններ բաժնում։

Քննարկում

Հովհաննես Թումանյանը մի բանաստեղծություն ունի, որտեղ նա ևս շեշտում է իր քառասնամյա տարիքը՝ իբրև իմաստնության և հոգու խաղաղությանը հասնելու շրջան։

Ո՞րն է դա։

ՏԱՂԱՐԱՆ

 «Տաղարանը» ստեղծվել է 1920-21 թթ․։ Այս շարքը Չարենցը ստեղծել է՝ Սայաթ-Նովայի ստեղծագործություններից ոգեշնչվելով ու նույնպիսի ոճավորմամբ։ 

«Տաղարանը» Չարենցը նվիրել է իր անմոռանալի սիրուն, «հերոսական բարեկամին»՝ Արփենիկին, որի հետ ամուսնանում է նույն շրջանում՝ 1921 թ․ հունիսին։ 

Շարքը սկսվում է «Ինչքան որ հուր կա իմ սրտում - բոլորը քեզ․․․ » հայտնի քառյակով։

Բանաստեղծություններից մեկը («Երազ տեսա․․․») նկարագրում է երկու պոետների՝ Սայաթ-Նովայի  ու Չարենցի երազային հանդիպումը։ Երկուսին էլ միավորում է գոզալի՝ չքնաղ կնոջ նկատմամբ սերն ու դրանից բխող տառապանքը։  Եվ Սայաթ-Նովան, որի սրտում հազարավոր երազներ էին մոխրացել, երիտասարդ Չարենցին է փոխանցում «սազը», որպեսզի նա էլ իր սիրո մասին պատմի։

Երազն անցավ, դու մնացիր, պատկերը քո մնաց լուսե

Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ- Նովի սազը ձեռին։

 

 

Արժե իմանալ

Սայաթ-Նովան աշուղ-բանաստեղծ է, որն ապրել է 18-րդ դարում Վրաստանում։ Ստեղծագործել է մի քանի լեզվով, մի շրջան ապրել է վրաց Հերակլ արքայի արքունիքում, եղել է պալատական երգիչ։ Սայաթ-Նովան հայտնի է սիրային ջերմ ստեղծագործություններով, որոնք, ենթադրվում է, թե նվիրված էին Հերակլ արքայի քրոջը՝ Աննային։ Այդ սերը արգելված էր, ու բանաստեղծը շատ է տառապել դրա պատճառով։

Հրաչյա Ռուխկյան «Սայաթ-Նովա»

Արժե իմանալ

Սայաթ-Նովան աշուղ-բանաստեղծ է, որն ապրել է 18-րդ դարում Վրաստանում։ Ստեղծագործել է մի քանի լեզվով, մի շրջան ապրել է վրաց Հերակլ արքայի արքունիքում, եղել է պալատական երգիչ։ Սայաթ-Նովան հայտնի է սիրային ջերմ ստեղծագործություններով, որոնք, ենթադրվում է, թե նվիրված էին Հերակլ արքայի քրոջը՝ Աննային։ Այդ սերը արգելված էր, ու բանաստեղծը շատ է տառապել դրա պատճառով։

Եվ այսպես, մտովի տեղափոխվում ենք Վրաստան, որտեղ ապրել, սիրել ու տառապել էր սիրո մեծ երգիչ Սայաթ-Նովան։ Ժամանակը ետ ենք տալիս (մի՛ զարմացիր, չէ՞ որ պոետները ժամանակի մեքենայով միշտ անխափան երթևեկում են смайлик),ու նման կերպարի մեջ տեսնում ենք նրա հոգևոր եղբորը՝ Չարենցին․ 

Աշուղ Սայաթ-Նովի նման ՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,

Երգեմ պիտի գիշեր-ցերեկ  ու սրտի խաղ պիտի ասեմ․․․․

Եվ շերտ առ շերտ բացվում, զարգանում են սիրով տարված բանաստեղծի ապրումները, խոհերը։ Մի տեղ հիացմունքից այրվող սիրահար է՝ գոզալի էշխը (սեր) սրտում, ու իր համար սիրո ցավի մեջ էլ քաղցրություն կա․

Վայ , քեզ, Չարենց, լավ իմացի, ակա՛նջ արա սիրեկանին՝

Ամեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն* է էլի։

 

Դաղ*- ցավ, կսկիծ

Վաղարշակ Էլիբեկյան «Սայաթ Նովան երգում է Նարիզալա թաղամասում»

Մի ուրիշ բանաստեղծության մեջ մարդկանց անտարբերությունից ու չհասկացվածությունից դառնացած փիլիսոփա է․

 Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով- քամանչով՝

Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ –անճարը, ասին։

 

Սակայն երբ խալխի* քեֆերին ես անուշ տաղերս ասի՝

Ամառվա մրգերի նման անուշ է քո բառը, ասին։

 

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,

Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է , ասին․․․

 

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի․-

Դուրսը ձմեռ է , սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին․․․․

Խալխ* - 1) ժողովուրդ, 2) օտար

 

 

Եվ այսպես բանաստեղծը բացել է սիրտը  աշխարհի առաջ` պատրաստ «ամեն մարդու ընկեր» լինելու, ընկերների «սուփրին գինի ու հաց» լինելու («Կուզեմ հիմի փչի զուռնոն - հարբած ըլիմ մինչև էգուց»): Գոզալի, խալխի հետ հարաբերություններում աստիճանաբար ընդգծվում են նրա հոգեկան ապրումները, պատկերացումները մարդկության, մարդասիրության, աշխարհի չարի ու բարու շուրջ: Գոզալի մերժման «դաղը», մարդկանց փոփոխական վերաբերմունքը, սակայն, չի չարացնում բանաստեղծին: Նրան մխիթարում է այն, որ իր սերը, անմնացորդ նվիրումը, հոգու աշխարհը պիտի ապրի երգերի մեջ. 

Կյանքիս նման հեռո՜ւ մարդիկ, անանուն ու անծանոթ,

Ձե՛զ կթողնեմ երգերս այս` կյանքս երազ - ու կերթամ: 

«Էլի գարուն կգա» բանաստեղծության մեջ 24-25-ամյա բանաստեղծը կյանքն ապրած ծերունու հաշտվածությամբ նկարագրում է կյանքի անցողիկությունն ու սիրո հավերժությունը (ինչ որ ե՛ս չեմ ասե- նա՛ կասե վաղը)։

Մարդիկ ապրում, հեռանում են, բայց կյանքը, սերը շարունակվում է։

Ու հենց այդ շարունակության դրսևորումն է Սայաթ-Նովայի ու Չարենցի բանաստեղծական այս շքեղ հանդիպումը։

Քննարկում

Հիշո՞ւմ ես Հովհ․ Թումանյանի «Խայամն ասաց իր սիրուհուն» քառյակը։ Արի վերհիշենք ու համեմատենք «Էլի գարուն կգա» տաղի հետ։ Ասելիքի ընդհանրություն նկատեցի՞ր։

«Տաղարանի» վերջին երկու բանաստեղծությունները նվիրված են հայրենիքին։ 

 Ես իմ անուշ Հայաստանի                 

Հնարավո՞ր է բանաստեղծական մի քանի քառատողի մեջ խտացնել հազարամյա երկրի հավերժությունը, անցած ճանապարհը, արժեքները ու տիեզերական սերը նրա նկատմամբ։ Չարենցը ասում է՝ հնարավոր է, ու աստվածային մի բռնկման պահի ստեղծում է իր չքնաղագույն բանաստեղծությունը, որը Վիլյամ Սարոյանը «Հայր մեր»-ին նմանվող աղոթք էր համարում։ Մարտիրոս Սարյանն էլ ասում էր, որ կիսաաստված պետք է լինել նման երկ ստեղծելու համար։

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում․․․ 

Այստեղ կանգ առնենք ու հիշենք «Տաղարանի» բանաստեղծություններից մեկի տողը՝ «․․․․Ամառվա մրգերի նման անուշ է քո բառը, ասին»։ 

Նկատեցի՞ր՝ կարծես այս տողը բացատրի «արևահամ բառ»-ի իմաստը։ Այո,  բառերը կարող են համ ու բույր ունենալ, նման լինել մեր  երկրի շիկացնող արևից քաղցրացած պտուղներին․․․ 

Հետաքրքիր է, որ այդ համեմատությունն անցել է նաև մի ուրիշ մեծի՝ Վահան Թեքեյանի մտքով․ «Կսիրեմ քեզ հայ լեզու մրգաստանի մը նման․․․․»։

Ավետիք Իսահակյանն ասել է, որ համաշխարհային պոեզիայում հայրենասիրության թեմայով գրված երգերի մեջ այս բանաստեղծության ուժի գործ ինքը չի հիշում։

Իր պաշտամունքն արտահայտելու համար Չարենցը հայրենիքին կնոջ կերպարանք է տալիս՝ «Հայաստան-յար» կոչելով։

Ուր էլ լինեմ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր

Չեմ մոռանա աղոթք դարձրած երկաթագիր գրքերը մեր

Ինչքան էլ սո՛ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր-

Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յարն եմ սիրում․․․

Չարենցն այնքան մտածելու նյութ է տալիս այս բանաստեղծությամբ։ Արի Չարենցի օգնությամբ պատասխանենք հարցերին․

  • Ի՞նչ ենք հասկանում` Հայաստան ասելով։

- երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե , հնամյա քաղաքները, Արարատը․․․

  • Այո՛, դա Հայաստանի ֆիզիկական կողմն է, էլ ի՞նչ ենք հասկանում` Հայաստան ասելով։

Արևահամ բառը, նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը, սազի ողբանվագ հնչյունները, աղոթք դարձած գրքերը, որոնցում Նարեկացու, Քուչակի ու մյուս լուսե ճակատներով մեծերի մտքերն են։ 

Նիկոլ Աղաբաբյան «Արևի երկիր իմ Հայաստան»

Այսինքն՝ Հայաստան ասելով` հասկանում ենք ոչ միայն երկրի ֆիզիկական կողմը, այլ նաև հայ ժողովուրդն ու իր մշակույթը, որը նրա յուրահատուկ գույնը, տեսակն է ապահովում աշխարհի ժողովուրդների գունապնակում (Չարենցը այս մասին լավ գիտեր, իսկ գիտե՞նք մենք ու մեր ժամանակակիցները, երբ այնքան ջերմեռանդորեն ուզում ենք նմանվել ուրիշներին

Զարմանալին այն է, որ այս բանաստեղծության մեջ հիացական մակդիրների կողքին նաև շատ ճնշող, ծանր պատկերներ կան․ հապա պատկերացրո՛ւ՝ որբ, արնավառ Հայաստան-յարը, անհյուրընկալ խրճիթները, արյունաքամ վերքերը։ Սա մեր դաժան ճակատագիրն է ու բանաստեղծի ցավը, բայց մենք մեր ծնողներին չենք սիրում չէ՞ նրա համար, որ հարուստ են ու ապահովված։ Մենք սիրում ու նվիրվում ենք նրանց ինչպիսի ճակատագիր էլ որ ունենան։ Այդպես է նաև հայրենիքի դեպքում․․․

Այս բանաստեղծությունը նաև  երգի է վերածվել։

Հիմնի հնչողություն ունի Տիգրան Մանսուրյանի տարբերակը։

 Առավել հայտնի և սիրված է Արամ Սաթյանի գրած երաժշտությունը։

ԳԻՐՔ ՃԱՆԱՊԱՐՀԻ

Պոեմների ու բանաստեղծությունների այս շարքը Չարենցի անցած ուղու հանրագումարն է։ Այն նաև հայ ժողովրդի անցած ուղու վերլուծությունն է՝ հաճախ ցավեցնելու աստիճան անկեղծ։ 

Այդպիսին է «Պատմության քառուղիներով» պոեմը։ Ի՞նչ է եղել մեր առասպելների վերածված պատմությունը՝ հարցնում է Չարենցն ու պատասխանում՝ անանցյալ անցյալ, որտեղ մենք հրճվել են բարոյական հաղթանակներով, իսկ հայրենիքը ծվեն-ծվել է եղել թշնամիների ոտքերի տակ։ Ինչո՞ւ, որովհետև մեզ առաջնորդողներին չի միավորել միասնական պետականություն ունենալու ձգտումը․

 

Պատմության քառուղիներով մենք քայլել ենք երկար՝

Անղեկ, ցաքուցրիվ, անգաղափար․․․

 Եվ տոտեմը եղել է մեր—գայլ...
Օ՜, նախնինե՛ր... Տեսնում եմ ահավասիկ.—
Հին դարերի խորքում, ուղիներով մռայլ,
Քաղցած, քոսոտ, անբուրգ, դեպի լյառը Մասիս
Քայլում է առասպելյալ մեր գայլը...

Տոտեմը սրբացված կենդանի կամ բույս է, որը, տվյալ ցեղի պատկերացումների  համաձայն, իրենց նախահայրն է կամ պաշտամունքը։

Չարենցը գիտեր, որ մեր տոտեմը խոյն է եղել, այդ դեպքում ինչո՞ւ է գայլ դարձնում։

Հավանաբար համեմատելու համար հռոմեական պղնձե գայլի հետ։ 

Չարենցի այս անողոք խոսքերը բխում էին ոչ թե ամեն ինչի մեջ վատը տեսնելու հակումից (նրան մեղադրում էին ազգային նիհիլիզմի մեջ), այլ սթափեցնելու, առասպելական նիհրից կտրելու ցանկությունից։

Այս շարքի «Պատգամ» բանաստեղծության մեջ, խորհրդային կարգերից հիասթափված Չարենցը գաղտնագրել էր մի մեզոստիքոս (յուրաքանչյուր տողի երկրորդ տառով), որով ժողովրդին միավորվելու կոչ էր անում․ «Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։ Այս տողերի գաղտնիքը հետագայում բացվեց, ու դա դարձավ գլխավոր հանցանշանը, երբ Չարենցին մեղադրանք էին ներկայացնում։

Դեպի լյառը Մասիս

Այս պոեմը նվիրված է Խաչատուր Աբովյանին, նրա վերջին գիշերվա խոհերին։ Չարենցը Աբովյանի անհետացման իր բացատրությունն է տալիս այս պոեմում։

Ինչո՞ւ է Չարենցը անդրադառնում Աբովյանի կերպարին։

Որովհետև նրանց միջև հոգեհարազատություն կար։ Երկուսն էլ ողջունեցին Հայաստանի՝ ռուսական տիրապետության տակ հայտնվելու հանգամանքը՝ այն հույսով, որ այդպես երկիրը շունչ կառնի, կուժեղանա և հետո անկախանալու հնարավորություն կունենա։

Երկուսն էլ կյանքի վերջում ծանր հիասթափություն ապրեցին։

Եվ այսպես՝ Աբովյանը գիշերը վերհիշում է իր անցած ուղին, և նրան տանջում է սարսափելի կասկածը, թե «Վերք Հայաստանի» գրքում սխալ ուղի է ցույց տվել իր ժողովրդին․

Ի՞նչ է ասում այդ գիրքը և ի՞նչ է բարբառում.

Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.

Եվ չի՞ արդյոք եղել իր ողջունած հեռուն

Մի թիարան վատթար․․․

Առավոտյան Աբովյանը քայլում է դեպի հայ ժողովրդի հավերժության բարձունքը՝ Մասիսը․

Էդուարդ Իսաբեկյան «Խաչատուր Աբովյան»

— Եվ այժմ, մենավոր
Նա գնում էր կրկին դեպի հեռուն այն լուրթ,
Դեպի լյառը անհաս ու վեհանիստ,—
Դեպի գագաթը բարձր, որ իր ժողովուրդը
Համարել է հավետ իր գոյության խորհուրդը,—

Որ ճաշակե այնտեղ հավերժական հանգիստ...

Չարենցը զգո՞ւմ էր, որ իրենց  ճակատագրերն էլ են նման լինելու ․․․ 

Զգում էր։

Մի անգամ Գուրգեն Մահարուն ասում է, որ այնպիսի զգացողությամբ է ապրում, թե ուր որ է մի աղյուս կընկնի գլխին․․․

Այս շարքի պատճառով Չարենցը շատ հալածվեց։ Մթնոլորտն այնպիսին էր, որ հենց գրչընկերներն էին նրան ուրանում ու մեղադրում՝  հուսալով, թե իրենք կազատվեն ստալինյան մսաղացից։ Հրաչյա Քոչարը գրում էր «Վերջին տարիների ընթացքում Չարենցը մի մեծ քար է ընկած խորհրդային պոեզիայի ճանապարհին», Ազատ Վշտունին ձայնակցում էր․  «Չարենցը նացիոնալիստ, ազգայնամոլ գրող է», Նաիրի Զարյանը երկար աշխատում էր Չարենցի դեմ։ Վկայություններ կան, որ նա է «Պատգամ» բանաստեղծության գաղտնիքը հայտնել ղեկավարներին։  

1960 թ․ Նաիրի Զարյանը Չարենցին նվիրված  անտիպ բանաստեղծության մեջ ափսոսանքով գրում է․

Քո մահն իմ կորուստն է դառնակեզ,

Ես ողբացել եմ քեզ հազար անգամ,

Հազար ափսոս, որ դու կենդանի չես,

Իմ ախոյան, վարպետ և բարեկամ:

 «Գիրք ճանապարհին» արգելքի տակ հայտնվեց, այրվեց, Չարենցին ստիպեցին փոփոխություններ կատարել։ Դրան էլ հաջորդեցին Չարենցի բանտարկությունն ու մահը։

Դանթեական առասպել

Չարենցի ստեղծագործության գլխավոր թեմաներից է հայրենիքի ճակատագիրը։ 1915 թ․ Չարենցը միանում է հայկական 6-րդ կամավորական գումարտակին և իբրև զինվոր ու սանիտար մասնակցում պատերազմական գործողություններին` հասնելով մինչև Վան: Վանում Չարենցը տեսնում է հայրենիքի ողբերգական վիճակը և տեսածի ու զգացածի տպավորությամբ գրում է  

 «Դանթեական առասպել» պոեմը։ Դժվար է հավատալ, որ այդ սարսռազդու պոեմի հեղինակը 18-19 տարեկան պատանի է։ 

Արժե իմանալ

Չարենցը պոեմի վերնագիր է դարձրել Վերածննդի շրջանի իտալացի մեծ բանաստեղծ Դանթե Ալիգիերի անունը։ Դանթեի անունը կապվում է նրա աշխարհահռչակ «Աստվածային կատակերգություն» պոեմի հետ։ Այն ճանապարհորդություն է դժոխքում, քավարանում և դրախտում։ Ամենատպավորիչը դժոխքն է, որտեղ Դանթեն տեղավորել է պատմության հայտնի դեմքերին, իր ժամանակակիցներին։

 Այսպիսով՝ պոեմը «Դանթեական առասպել» անվանելով՝ Չարենցը անուղղակի համեմատություն է անցկացնում Դանթեի  և իր ապրած դժոխքների միջև։ Այո, այն ինչ տեսել էր 18-ամյա Չարենցը մինչև Մեռյալ քաղաք՝ Վան ընկած ճանապարհին, երկրային դժոխքն էր։ 

Դանթեի կերպարը հետագայում էլ է ուղեկցել Չարենցին։ Կյանքի վերջին շրջանում գրած «Մահվան տեսիլ» պոեմում (այս վերնագրով երկու բանաստեղծություն ունի և մեկ պոեմ) Չարենցը իր ուղեկիցն է դարձնում Դանթեին ու նրա հետ քայլում պատմության ուղիներով՝ ճանապարհին հանդիպելով մեր անցյալի հայտնի գործիչներին։

Դանթեի անունով է կոչվում  նաև Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմը։ 

Արժե իմանալ

Չարենցը պոեմի վերնագիր է դարձրել Վերածննդի շրջանի իտալացի մեծ բանաստեղծ Դանթե Ալիգիերի անունը։ Դանթեի անունը կապվում է նրա աշխարհահռչակ «Աստվածային կատակերգություն» պոեմի հետ։ Այն ճանապարհորդություն է դժոխքում, քավարանում և դրախտում։ Ամենատպավորիչը դժոխքն է, որտեղ Դանթեն տեղավորել է պատմության հայտնի դեմքերին, իր ժամանակակիցներին։

 Այսպիսով՝ պոեմը «Դանթեական առասպել» անվանելով՝ Չարենցը անուղղակի համեմատություն է անցկացնում Դանթեի  և իր ապրած դժոխքների միջև։ Այո, այն ինչ տեսել էր 18-ամյա Չարենցը մինչև Մեռյալ քաղաք՝ Վան ընկած ճանապարհին, երկրային դժոխքն էր։ 

Դանթեի կերպարը հետագայում էլ է ուղեկցել Չարենցին։ Կյանքի վերջին շրջանում գրած «Մահվան տեսիլ» պոեմում (այս վերնագրով երկու բանաստեղծություն ունի և մեկ պոեմ) Չարենցը իր ուղեկիցն է դարձնում Դանթեին ու նրա հետ քայլում պատմության ուղիներով՝ ճանապարհին հանդիպելով մեր անցյալի հայտնի գործիչներին։

Դանթեի անունով է կոչվում  նաև Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» պոեմը։ 

Պոեմի առաջին հատվածում պատերազմ մեկնող տղաները չեն էլ պատկերացնում, թե ինչ սարսափների միջով են անցնելու ․ նրանք սկզբում արկածներ որոնողների թեթև տրամադրություն ունեն։

Մենք ճամփա ընկանք առավոտ ծեգին՝
Կապույտ երկնքի խորությամբ արբած։
Թարմ, թեթև էր մեր ճամփորդի հոգին՝
Ուրախ էինք մենք, և մեր սիրտը— բաց։

«Թարմ ու թեթև» հոգով, բաց սրտով ռազմաճակատ մեկնող զինվոր Չարենցի և նրա ընկերների առաջ շուտով բացվում է պատերազմի իրական դեմքը.

Բայց հետո հանկարծ բացվեց մեր առաջ

Մի ավեր ուղի, ուր անհուն ու խոր

Մի տառապանքի խորշակ կար վառած:

Եվ կամաց-կամաց դարձավ վիրավոր

Մեր հոգին անօգ ու բազմաերազ:

 

Սարգիս Մուրադյան «Հայ մտավորականների Գողգոթա»

Նկարը Հայոց մեծ եղեռնի մասին է։ Ուշադիր նայելու դեպքում առջևում կճանաչես ձեռքերով գլուխը բռնած Կոմիտասին, նրա հետևում Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապն ու Ռուբեն Սևակն են։ Ծնկած դիրքում Սիամանթոն է։

Սարսափելի իրականության սահմռկեցուցիչ պատկերները հաջորդում են իրար, հետզհետե խտանում են ողբերգական շեշտերը, գյուղերի ու մեռած քաղաքի` Վանի ողբերգությունը համեմատվում է Դանթեի նկարագրած դժոխքի հետ:

Չարենցն այս պոեմում հնչեցնում է կարևոր ինչու-ներ, որոնց պատասխանը հետո պիտի տար իր ստեղծագործություններում․

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։

Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։

Անհուն է ցավն ու կսկիծը, համազգային ողբերգությունը սարսափելի երազի կամ  զառանցանքի է նման, սակայն համատարած մահը բանաստեղծին բերում է այն հաստատ համոզման, որ չպետք է հաշտվել մահվան հետ, այլ պետք է քայլել, քայլել դեպի առաջ, մահը չի կարող խափանել կյանքի լուսավոր ընթացքը. Չարենցը կյանքը շարունակելու ուղի է ցույց տալիս․ 

…Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած․․