Ընդհանուր բնութագիր

«Պոետները, սկսած մեծն Թումանյանով, պահել են էս մոլորված ազգին։ Եվ կան, շատ կան նորեր, պոետներ, բայց Սիլվան ուրիշ է, ասածը քրոջ, մոր խոսք է, բարի խորհուրդ, որ ոտքդ քարին չառնի։ Ո՛չ նկարիչը կարող է դա ասել, ո՛չ կոմպոզիտորը, ոչ ճարտարապետը, պոետին է Աստված տվել ասելու այն, ինչ մարդը կուզեր ու պետք է որ լսեր»։

Էդուարդ Իսաբեկյան

Սիլվա Կապուտիկյանը մեր ամենահայտնի ու սիրված բանաստեղծուհին է։ Նրան պատվել են «ամենայն հայոց բանաստեղծուհի» տիտղոսով։

Փորձենք պարզել, թե ինչու։

Սիլվա Կապուտիկյանը այն երջանիկ պոետներից է, որ կյանքի օրոք համաժողովրդական սիրո արժանացավ։ Այդ սերն ու վստահությունը վաստակելը հեշտ չէր։ 

 Նա ժողովրդի հոգսերով ապրող բանաստեղծ էր, անկեղծ մարդ, համարձակ քաղաքացի։

Նրա բանաստեղծական խոսքը անկեղծ էր, սրտառուչ, սիրով ու հոգատարությամբ լի ու մեծ արձագանք էր գտնում մարդկանց սրտերում։

Սեղմի՛ր ատամդ, դու ամենքի մոտ

Բացեբաց լալու իրավունք չունես,-

Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ՝

Զենքերդ տալու իրավունք չունես...

 

Կապուտիկյանի սիրային պոեզիան մեծ արվեստով բացեց կնոջ հոգու գաղտնարանները, ինչը նորություն էր մեր պոեզիայում։

Դու հեռացար...

Բայց ես գիտեմ, ես գիտեմ,

Ուր էլ գնաս, ես քեզ հետ եմ, ես կգամ.

Քո հոգու մեջ ես այնքան շատ կամ արդեն,

Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

  Կապուտիկյանը նաև հիանալի մանկագիր է․

Արդեն մեծ եմ ես, գիտե՞ք,

Էլ ինձ փոքրիկ չկարծեք,

Ոտքիս ծայրին թե կանգնեմ,

Մեր սեղանին կհասնեմ:

   

Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ժամանակակիցները վկայում են, որ ռուս երիտասարդության ամենասիրելի հեղինակներից էր Սիլվա Կապուտիկյանը։ 

Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները գեղեցիկ մեղեդայնություն ունեն։ Դանիել Երաժիշտը նրա պոեզիայի մասին ասել է․ «Կապուտիկյանի բանաստեղծություններում շարականներ կան։ Եվ ես համոզված եմ, որ դրանք մի օր հնչեղություն պետք է ստանան»։

Կապուտիկյանի բանաստեղծություններով շուրջ 100 երգ է գրվել։

Կապուտիկյանի լավագույն ստեղծագործություններից են․

Հայի ճակատագրի, հայրենիքի մասին -  «Այն ո՞վ է ասում», «Քելե, լաո», «Խոսք իմ որդուն», «Դեռ հավատա», «Ապստամբություն» և այլն։

Սիրային - «Դու վայրի ժայռի ծայրին», «Ես քո սիրով, դու ուրիշի», «Դու հեռացար․․․», «Թե ես չեմ սիրում», «Ես կգամ քեզ մոտ» և այլն։

Մայրերգական - «Ուզում եմ քեզ այնպես երգել», «Օրորոցի մոտ» և այլն։

 

 

 

Սիլվա Կապուտիկյանը նաև ուղեգրությունների հեղինակ է․ «Խճանկար հոգու և քարտեզի գույներից», «Քարավանները դեռ քայլում են» և այլն։

Շտապո՛ղ մարդիկ, կանգնեցե՛ք, կանգնե՛ք,

Լսո՞ւմ եք, մեկը լալիս է վհատ:

Մոտեցե՛ք, ձեռքը իր ուսին դրեք,

Ձեր տաք աչքերով գգվեցե՜ք նրան.

Մի՛ թողեք հոգին թպրտա մենակ,

Ու մարդու կողքով մի՜ անցեք, մարդի՛կ,

Թեկուզ գրպանում` մեկնումին մոտիկ,

«Հողագունդ-լուսին» տոմսակ ունենաք...

 

Ս․ Կապուտիկյան

Սիլվա Կապուտիկյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան