Բանտարկյալների նվերը
Սիլվա Կապուտիկյանը մի անգամ ռադիոյով ելույթ է ունենում և քննադատում այն օրենքը, ըստ որի՝ 3 ռուբլի գողացած մարդուն բանտարկում են երեք տարով, մինչդեռ մեծ ավազակները դրսում ազատ շրջում են։ Չէ՞ որ այդ մարդը ընդամենը հացի հարց է լուծել։
Կապուտիկյանի խոսքը մեծ արձագանք է գտնում։ Այն տպված վիճակում հասնում է մինչև Կոշի քրեակատարողական հիմնարկ։
Բանտարկյալները իրար են փոխանցում տեքստը, քննարկում և որոշում են հանդիպում կազմակերպել մեծ բանաստեղծուհու հետ։
Կապուտիկյանը գնում է Կոշ, հանդիպումն անցնում է ջերմ մթնոլորտում։ Բանտարկյալները բանաստեղծուհուն հավաստիացնում են, որ այդուհետ նա իրենց հատուկ պաշտպանության տակ է և կարող է դուռն առանց կողպելու անգամ քնել։
Բանտարկյալները նաև նվիրում են իրենց պատրաստած ձեռնափայտը, որն այժմ պահվում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։