Իր մասին

Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը։

Համո Սահյան

Ինչ իմանայի, որ կլինեմ ժամանակակիցը մեր խոշորագույն բանաստեղծուհու․․․Սիլվան եղավ բարձրագույն չափը հայ բանաստեղծուհու, հառաչանքն ու կորուստը հայ աղջկա, նրա սիրո պոեզիան հավերժ է։

 

 

 

 

Գրիգոր Գուրզադյան, մեծ աստղաֆիզիկոս, գրող, նկարիչ

Կապուտիկյանի «Խճանկարներ հոգու քարտեզի գույներից» գիրքը երևույթ է առաջին հերթին իհարկե հայ գրականության և ապա նաև մեր ողջ բազմազգ գրականության մեջ։ Կարդում եմ գիրքը և զգում մայրական սրտի տրոփյունը՝ ողբերգական, բազմաչարչար, բազմափորձ ու անսահման բարի․․․ Սիլվան ոչ թե գիրք է գրել, այլ սխրանք է գործել։

 

 

 

Էդուարդաս Մեժելայտիս, լիտվացի բանաստեղծ

Քաղաքացիական արու կեցվածքը «թույլատրված էր» նրա տաղանդի շնորհիվ և միայն տաղանդի։ Ինձ հարազատ է հատկապես նրա նուրբ քնարերգությունը, ես-ի պատմությունը, թեև մենք-ի մեջ էլ հրաշալի ու շիկացած էջեր կան։

Պերճ Զեյթունցյան

Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը։ 

Ավ․ Իսահակյան

Թող այն տպավորությունը չստեղծվի, թե խոսելով Կապուտիկյանի հատկապես սիրային բանաստեղծությունների մասին՝ ուզում եմ ինչ-որ չափով նվազեցնել նրա հիանալի հայերգության արժեքն ու նշանակությունը, քավ լիցի։ Բայց եթե այդ թեմաներով գրած գործերում նա թեև ոչ շատ, բայց այնուամենայնիվ մրցակից ունի իր ժամանակակիցների մեջ, ապա կանացի հոգեբանական գաղտնարաններին մերձենալիս հայ պոեզիայում առայժմ անմրցակից է, և հենց այդ պտճառով էլ Կապուտիկյանը ի սկզբանե մինչև օրս ամենամեծ բանաստեղծուհին է։

Վահագն Դավթյան

Մեր սիրելի՛, անզուգակա՛ն Սիրվարդ, մեր մեծ, հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել …

Ապրի՛ր, ստեղծի՛ր, բա՛րձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը:

Մարտիրոս Սարյան