Խաչատուր Աբովյանը ոչ միայն հայ գրականության, այլև հայոց պատմության ամենապայծառ, ամենախիզախ, ամենանվիրյալ ու հայրենասեր դեմքերից է։
Նա մեծ երազող էր, բայց նաև քայլ առ քայլ իրագործող։
Նրա մանկավարժական հայացքները կիրառելի ու նորարական են նաև մեր օրերում։
Խաչատուր Աբովյանը արևելահայ նոր գրականության հիմնադիրն է և առաջին վիպագիրը, որը գրեց աշխարհաբարով։ Մինչ այդ խոսում էին աշխարհաբար, բայց գրում էին գրաբար կամ միջին հայերեն: Հսկայական տարբերություն էր առաջացել խոսակցականի և գրավոր խոսքի միջև: Խաչատուր Աբովյանը խիզախություն ունեցավ գրավորն ու խոսակցականը նույնացնելու, որպեսզի նպաստի ժողովրդի միասնականացմանը, որպեսզի հասարակ մարդիկ հասկանան ու սիրեն ընթերցել:
Աբովյանը մշակույթի, գիտության տարբեր բնագավառներում իր հետ բերեց նորություններ: Նա մեծ գրող է, մանկավարժ, առակագիր- բանահավաք:
Աբովյանը բացառիկ մանկավարժ էր՝ թարմ և յուրահատուկ մեթոդներով: Նա հայ նոր մանկավարժության հիմնադիրն է:
Հայ նոր գրականության հիմնադիրը գրել է գրեթե բոլոր ժանրերով` վեպ, պատմվածք, ակնարկ, նովել, դրամա, կատակերգություն, առակ, բանաստեղծություն, քառյակ, պոեմ, օրագրություն…
Նրա լավագույն ստեղծագործություններն են՝
«Վերք Հայաստանի» վեպը,
«Պարապ վախտի խաղալիքը» առակների ժողովածուն,
«Թուրքի աղջիկը», «Առաջին սերը» և այլ պատմվածքներ։
Դպրոցական ձեռնարկներից շատ արժեքավոր է «Նախաշավիղ կրթության»-ը
«Ով Հայաստանը չի տեսել, ճանաչելով Աբովյանին՝ կտեսնի Հայաստանը: Նա մի կտոր Հայաստան է, որ իր մեջ ունի նրա ամբողջությունը:
Նա վեհ է, ինչպես իրենց լեռները, և խորն է, ինչպես իրենց ձորերը…»։
Ֆրիդրիխ Պարրոտ
Խ․ Աբովյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան