Խաչատուր Աբովյանի կյանքը անհավատալի նվիրման ու խիզախումի պատմություն է։ Թերթենք նրա կյանքի էջերը․ երբ ավելի մոտիկից ճանաչես, նրա բացառիկ տեսակը ոգեշնչման աղբյուր կդառնա քեզ համար։
Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809 թվականին Քանաքեռ գյուղում: Նախ սովորում է իրենց գյուղում:
Խաչատուրի ծնվելիս ծնողները ուխտ են անում նրան նվիրել եկեղեցուն, այդ պատճառով 10 տարեկանում ընդունվում է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։
Զարմացա՞ր։ Այո,այո, մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը դառնում է հոգևորական։ Այդ կոչումից իր խնդրանքով նա հրաժարվում է շատ հետո՝ 1839 թ․։
Այնուհետև Աբովյանը 2 տարի կրթություն է ստանում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Վերադարձին 1826-28 թթ․ ռուս-պարսկական պատերազմի պատճառով շուրջ երկու տարի մնում է Լոռիում։ Բայց այստեղ ձեռքերը ծալած չի նստում, դասավանդում է Հաղպատի ու Սանահինի վանքերում։