Ստեղծագործություններ
Աբովյանի ձեռագիրը
Վերք Հայաստանի
Աբովյանի ձեռագիրը
Վերք Հայաստանի
Աբովյանի ձեռագիրը

Աբովյանը «Վերք Հայաստանի» պատմավեպից բացի, գրել է նաև  բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ։

Աբովյանը գրական ասպարեզ է  եկել որպես բանաստեղծ:  Բանաստեղծություններ սկսել է գրել դպրոցական տարիքից: Աբովյանի գրչին են պատկանում մոտ 110 բանաստեղծություն, որոնք  հայրենասիրական, պանդխտության, ընտանեկան, սիրային  և այլ թեմաներով են:

 Աբովյանը ստեղծել է  լիրիկական  պոեմ՝ «Աղասու խաղը», երգիծական պոեմ՝ «Հազարփեշեն», գրել է երգիծական բանաստեղծություններ («Հախվերմազի գովքը», «Աչքիս լուս ջան, դարդ մի անիլ») և այլն։

Գիտեի՞ր,  որ քառյակի ժանրով հայ գրականության մեջ առաջինը ստեղծագործել է Աբովյանը։ 

Նա իր քառյակներն անվանել է բայաթիներ, նրա նպատակն այն էր ,որ հայ մարդը առիթների դեպքում ոչ թե թուրքերեն բայաթիներ ասի, այլ հայերեն։ Նա ունի շուրջ 80 քառյակ։

Աչքս ճամփիդ ա, արի,

Արի՛ հոգիս ա՛ռ, արի՛.

Գյունահս (մեղք) երեսովս չտաս,

Փոշմանել եմ, ինչ արի:

 

***

Անի՛, Անի՛, ա˜խ՝ Անի,

Քանդողիդ տունն քանդվի,

Քեզ որ ազգը չպահեց,

Մեկ լաց ընող ի՞նչ անի։

«Պարապ վախտի խաղալիք»

Առակների այս ժողովածուն ևս նոր ասելիք էր մեր առակագրության մեջ: Նոր երևույթ էր չափածո առակը։ Միջնադարյան առակները արձակ շարադրանք ունեին (հիշում ես, չէ՞, Մխիթար Գոշի, Վարդան Այգեկցու առակները): Աբովյանը առակներին  տվեց աշխարհիկ ու կենդանի շունչ: Նա ունի 50-ից ավելի առակներ։ Ահա դրանցից երկուսը։ 

    Ծառերն ու կացինը  - Ծառերը հավաքվում են խորհրդակցելու, թե ինչպես ազատվեն կացնի պատճառած ավերներից և նրանցից մեկը ասում է ,  որ իրենք «կոթ»( կացնի փայտյա մասը) չտան, կացինը ոչինչ չի կարող անել։ 

Այդպես անխիղճ իշխանավորներին կերակրում, հզորացնում է հենց ինքը՝ ժողովուրդը։

 

Բարդին ու վազը  - Բարդին պարծենում է, որ խաղողի վազն իրեն փաթաթվելով է ապրում, չունի իր հզորությունն ու հասակը, իսկ խաղողի վազը պատասխանում է, որ եթե քաղցրահամ պտուղ չտար, ինքն էլ լայնաթիկունք կլիներ։ Ասում է, որ իր պտուղների համար է այգեպանը խնամում, ջրում երկուսին էլ։

Այսպես պտղատու մարդիկ միշտ խոնարհ են, իսկ բարդի մարդիկ այնքան են գոռոզանում, որ կարծում են, թե իրենք են աշխարհը պահում։

,

Վերք Հայաստանի

«Վերքը․․․» Աբովյանի սիրո խոստովանությունն է իր ազգին, իր արժեքներին, հայրենիքին, այն իսկապես «ազգային ավետարան» է, որից սնունդ են առել մեծ գրողները՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Ղազարոս Աղայանը․․․․ Այն մեզ պատուհասած ճակատագրի ու մեր սխալների բաց վերքն է։ 

 

 «Վերք Հայաստանի» գրքի բերած երեք  նորությունները․

1․ Խոսակցական հայերեն՝ աշխարհաբար, գրաբարի փոխարեն,

2․ ժամանակակից հերոսի ընտրություն, որը հասարակ գյուղացի տղա է, դիցապատմական հերոսների փոխարեն,

3 ․աշխարհիկ բովանդակություն։

Գուցե մի քանի տող կարդալուց հետո ասես` այո, պատմական առումով այն կարևոր գիրք է, բայց այսօրվա ընթերցողին դժվար թե հետաքրքրի։ 

Թեև Աբովյանի լեզուն այսօրվա դպրոցականի համար դժվարընկալելի է,  բայց միասին փորձենք հասկանալ, թե որն է  այս վեպի բացառիկության գաղտնիքը։ 

Ի դեպ,  վեպը ժամանակակից հայերենի վերածված տարբերակով էր կա, դժվարանալու դեպքում կարող ես դա կարդալ։

Հովհաննես Զարդարյան «Խ․ Աբովյան»

«Վերք Հայաստանի» պատմավեպի սյուժեի հիմքում 1826-28 թթ․ ռուս-պարսկական պատերազմի իրադարձություններն են։

Վեպը ունի առաջաբան, 3 մաս և «Զանգի» հավելվածը։ 

«Հառաջաբանում» Աբովյանը պատմում է, թե որն է վեպը գրելու նպատակը, որքան անքուն գիշերներից ու ծանր մտքերից  հետո է ծնվել այն գրելու միտքը։ Աբովյանի լեզուն ողջ գրքում, «Հառաջաբանում» ևս  ջերմ է, սիրով լի, այս հուզիչ անկեղծությամբ գրված զրույց է  հայրենակցի հետ։ 

Որպեսզի իր հոգեվիճակը հասկանալի դառնա, Աբովյանը բերում է Լիդիայի Կրեսոս թագավորի և նրա որդու օրինակը։ Կրեսոսը պարտվում է պարսից արքայից։ Երբ պարսիկ զորականը հասնում է նրան և չիմանալով,  թե ով է, պատրաստվում է սպանել, այդ տեսարանից  Կրեսոսի  համր որդու լեզուն մի ակնթարթում բացվում է, և նա գոռում է․ 

- Անօրե՛ն, էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տերն ա․․․

Աբովյանն իրեն նմանեցնում է Կրեսոսի որդուն, որը մինչ այդ «մունջ» էր․ չէր կարողանում օգնել իր ազգին։ Տեսնում էր, որ հայ երեխան ոչինչ չի հասկանում հայերեն գրքերից, որ հայ մարդը ինքնաճանաչ չէր, հեռանում էր իր ազգայինից,  բայց չգիտեր՝ ինչ անել։

Աբովյանի ժամանակներում գրավոր խոսքը գրաբար էր, իսկ խոսակցական լեզուն՝ աշխարհաբար։ Հատուկ կրթություն չստացած մարդիկ ոչինչ չէին հասկանում գրաբար գրվածքներից։ Եվ նա որոշում է շրջանցել բոլոր կանոնները և գրել բոլորին հասկանալի խոսակցական հայերենով, որովհետև ազգին պահողը «լեզուն ա ու հավատը»։ Նա հեգնանքով ասում է, որ ինքն էլ կուզեր զարմացնել իր գիտելիքներով, կուզեր, որ ասեին «Օհ, էնպես խորը, խրթին (բարդ) շարադրել գիտի, որ սատանեն էլ միջիցը մեկ բառ չի կարող իմանալ, հասկանալ»։ 

Քննարկում

Ի՞նչ ես կարծում այսօր կա՞ Աբովյանի նշած խնդիրը։ Եթե այո, ի՞նչ պետք է անել այդ անդունդը վերացնելու համար։ Ի՞նչն է այսօրվա պատանիներին հեռացնում ազգային արմատներիից, սեփական լեզվից։ 

Աբովյանը դնում է ինքնաճանաչ լինելու խնդիրը․ «Հայկ, Վարդան,  Տրդատ, Լուսավորիչ քնած տեղս էլ ինձ ասում էին, որ ես իրանց որդին եմ, Եվրոպա թե Ասիա ինձ անդադար ձեն էին տալիս, որ ես Հայկա զավակն եմ, Նոյան թոռը, Էջմիածնա որդին, դրախտի բնակիչը․․․»։

Աբովյանն ուզում է, որ առօրյա հոգսերի մեջ ապրող, խեղճացած հայ ժողովուրդն ինքնաճանաչ լինի, հպարտանա հզոր նախնիներով, մշակույթով և լինի դրա շարունակողը։

«Թող ինձ այսուհետ տգետ կանչեն, լեզուս բաց ա եղել, իմ ընտիր, ազիզ, իմ սրտի սիրական ազգ․․․․ Քանի բերնումս լեզու կա․․․ես լեղապատառ ձեն կտամ․

-Էդ ում վրա եք թուր հանել, հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում»։

Քննարկում

Իսկ դու քեզ ինքնաճանաչ համարո՞ւմ ես։ Աբովյանը թվարկում է իրեն ոգեշնչող, ուժ տվող նախնիներին, իսկ դու ո՞ւմ անունը կտայիր։

Աբովյանի աշակերտները սիրով ընթերցում էին օտարալեզու գրականություն, բայց հայերեն գրքերը նրանց չէին գրավում, որովհետև սիրտը գրավող «սրտի բաներ» չկային։ Իսկ ինչպե՞ս սիրել տալ սեփական լեզուն, եթե ոչ գրականությամբ։ 

Աբովյանը պատմավեպի հերոս է ընտրում գյուղացի մի տղայի՝ Աղասուն, որի մահից հետո նրա քաջությունների մասին մարդիկ պատմում էին իրար։ 

Աբովյանը գրում է, որ իր պատմությունը սկսել է գրել այն ձևով, կարծես մի գյուղացի պատմելիս լինի իր հարևանին։

 Այստեղից հասկանալի է դառնում, թե ինչու է Աբովյանի պատմելու ոճն այդքան մոտ ժողովրդական մտածողությանը։

 

 

 

Գիրքը սկսվում է գյուղում Բարեկենդանի նկարագրությամբ։ Մեծահասակները ճոխ սեղանների շուրջ են այն նշում, իսկ երիտասարդները մասնակցում են մրցախաղերի։

Արժե իմանալ

Բարեկենդանը մեր ազգային ամենագունեղ, ուրախ, դիմակահանդես հիշեցնող տոներից է։ Տոնն ունի հեթանոսական արմատներ, հնում նշվել է մարտի 21-ին, խորհրդանշել է բնության զարթոնքը, մարդիկ իրար բարի կենդանություն են մաղթել՝ դրանով պաշտպանելով իրենց չար ուժերից։ Քրիստոնեական տոնացույցում Բարեկենդանը շարժական տոն է և նախորդում է Մեծ պասին։ Բուն բարեկենդանին մարդիկ ճոխ սեղաններ էին գցում, երիտասարդները զանազան ներկայացումներ, մրցախաղեր էին կազմակերպում,  երգում, պարում։ Այդ օրը նույնիսկ կարելի էր անել այնպիսի բաներ, որոնք սովորաբար չէին խրախուսվում։ 

Բարեկենդանը, ցավոք, առաջվա նման չեն տոնում,  բայց կան կազմակերպություններ, որոնք նշում են այն ողջ շուքով՝ ջանալով վերակենդանացնել մոռացվածը։ Բարեկենդանը իր ուրախությամբ և դիմակահանդեսային տարրերով կարող է կրկին դառնալ երիտասարդների ամենասիրելի տոնը՝ դուրս մղելով  օտար  և հակաէսթետիկ Հելոուինը։

Արժե իմանալ

Բարեկենդանը մեր ազգային ամենագունեղ, ուրախ, դիմակահանդես հիշեցնող տոներից է։ Տոնն ունի հեթանոսական արմատներ, հնում նշվել է մարտի 21-ին, խորհրդանշել է բնության զարթոնքը, մարդիկ իրար բարի կենդանություն են մաղթել՝ դրանով պաշտպանելով իրենց չար ուժերից։ Քրիստոնեական տոնացույցում Բարեկենդանը շարժական տոն է և նախորդում է Մեծ պասին։ Բուն բարեկենդանին մարդիկ ճոխ սեղաններ էին գցում, երիտասարդները զանազան ներկայացումներ, մրցախաղեր էին կազմակերպում,  երգում, պարում։ Այդ օրը նույնիսկ կարելի էր անել այնպիսի բաներ, որոնք սովորաբար չէին խրախուսվում։ 

Բարեկենդանը, ցավոք, առաջվա նման չեն տոնում,  բայց կան կազմակերպություններ, որոնք նշում են այն ողջ շուքով՝ ջանալով վերակենդանացնել մոռացվածը։ Բարեկենդանը իր ուրախությամբ և դիմակահանդեսային տարրերով կարող է կրկին դառնալ երիտասարդների ամենասիրելի տոնը՝ դուրս մղելով  օտար  և հակաէսթետիկ Հելոուինը։

Սակայն ուրախ տոնախմբությունը ընդհատվում է բոթով․ պարսիկ սարդարի ծառաները ուզում են առևանգել  15-ամյա Թագուհուն։ Գյուղի քաջ տղամարդկանցից Աղասին սպանում է սարդարի ծառաներին և փրկում լուսաթաթախ Թագուհուն։ Ողջ գյուղն այս լուրից նոր ցնցում է ապրում, քանի որ գիտեին սարդարի վրեժխնդրության մասին  (հիշո՞ւմ ես, մեր հեքիաթներում հանդիպող մի սյուժե կա․ ջրի ակունքը փակած 7-գլխանի դևին ամեն օր երիտասարդ աղջիկ են զոհաբերում, որ մարդիկ մի քիչ ջուր ստանան ու գոյատևեն։ Ցավոք, դա մեր պատմությունն է)։

Աղասին ճանաչում էր սարդարին, նրա հետ առևտուր էր անում, որսի գնում, սարդարը Ասլան բալասի՝ «առյուծի ճուտ» էր նրան  անվանում։  Նա ափսոսում էր, որ Աղասու նման քաջ տղամարդը հայ է, այլապես  նրան խանություն կտար։ 

Բայց Թագուհու առևանգումը ցնցում է Աղասու ողջ էությունն ու փոխում հետագա ողջ կյանքը․․․․

Աղասին հեռանում է գյուղից՝ միանալով դեպի Երևան արշավող ռուսական բանակին։ Իսկ նրա ընտանիքն ու ողջ գյուղը դառնում են սարդարի վրեժխնդրության զոհերը։ Հորը բանտարկում են, ընտանիքի մյուս անդամները հազիվ են գոյատևում։

Գրքի երկրորդ մասը սկսվում է Երևանի բերդի  և մահմեդական  մահառլամ տոնի նկարագրությամբ։ Երևանի բերդը բռնության ու չարիքի խորհրդանիշն է։ 

Պարսից Հասան խանը ասպատակություններ է սկսում հայկական բնակավայրերում՝ Խլղարաքիլիսայում, Ապարանում, Անիում և այլուր։ Դրանք ուղեկցվում են անմարդկային դաժանություններով։ 

Պարսիկների դեմ դուրս են գալիս հայ կտրիճ երիտասարդներ, օրինակ՝ «Լոռու ձորերի աստվածը»՝ դսեղցի Հովակիմը, Մանուկ աղան  և ուրիշներ։

 

Աղասին մենամարտում հաղթում է Հասան խանին, բայց սպանելու փոխարեն միամտորեն պահանջում է, որ հավատափոխ լինի։ Հետևանքը  լինում է այն, որ խանը փախչում է։ 

Մկրտիչ Սեդրակյան «Երևանի բերդի գրավումը»

Վեպի երրորդ մասում Աբովյանը ամփոփ ներկայացնում է Աղասու անցած ուղին։ Հուզիչ  ու խոր ապրումներ ներկայացնող հատվածներ են նրա մոր և կնոջ՝ Նազլուի նամակները։ 

 Ռուսները գրավում են Երևանը։ Պարսիկների լծից ազատվելը իրավիճակի որոշակի թեթևություն է բերում ժողովրդին։ Աբովյանն ու ողջ ժողովուրդը մեծ ոգևորությամբ են դիմավորում նրանց։ Երկար ժամանակ Աբովյանի «Օրհնվի էն սհաթը (պահը), որ ռսի օրհնած ոտը  Հայոց լիս աշխարհը մտավ» արտահայտությունը առիթ է տվել, որ նրան մեղադրեն այլասիրության մեջ, բայց ռուսների հաղթանակը նա օրհնում է պարսկական ծանր տիրապետությունից ազատելու համար։ Իսկ նրա վերջնական նպատակը  հայոց պետականության վերակերտումն էր։ 

      Երրորդ հատվածում Աղասին առաջին անգամ լինում է Անիում և ծանոթանալով Անիի ճարտարապետությունը՝ մեծ հիացում ու նաև խոր տխրություն ապրում, որ այդ մշակութային հարուստ ժառանգությանը տեր չենք կանգնում։

Վեպի վերջում ռուսների հետ Երևան մտած Աղասին շտապում է բանտ՝ ազատելու հորը, սակայն պարսիկները սպանում են նրան, ցավից մահանում է նաև նրա հայրը։ Մեռնում են նաև Աղասու ընկերն ու նրա հայրը, օրեր անց մահանում է նաև Աղասու կինը՝ Նազլուն․․․․

Մկրտիչ Սեդրակյան «Երևանի բերդի գրավումը»

Վեպում շատ կարևոր են բնապատկերները։  Աբովյանը, մեր բնաշխարհը նկարագրելով, ընթերցողին այն մտքին է հանգեցնում, որ այդ բնությունն է նաև կերտել մեր մարդկային նկարագիրը։  Աստծու կողմից տրված այս բնաշխարհում ենք մենք ձևավորվել որպես ազգ, հետևաբար այժմ և հավիտյանս մենք ու մեր բնաշխարհը անբաժանելի ամբողջություն ենք կազմում։ 

Աբովյանի ողբը ոչ միայն այն  մասին է, որ Աղասին ու իր ընկերները զոհվում են, այլ նաև այն մասին, որ նրանք մենակ են, որ ազգային համախմբում չկա։

Գրիգոր Խանջյանի նկարազարդումներից։ Աղասու և Հասան խանի մենամարտը։

«Զանգի» հավելվածում Աբովյանը շեշտում է գործի կարևորությունը (հիշո՞ւմ ես Թումանյանի «գործն է անմահ» տողերը «Թմկաբերդի առումը» պոեմից․ այստեղ նրանք համակարծիք են)։ 

Նա նաև նախօրոք պատասխանում է իրեն քննադատողներին․  «Երանի էն սհաթին (պահին), որ մեկ ազնիվ հայ իմ անպիտան լեզվի վրա բարկանա, իմ անպիտան գրությունը դեն գցի ու ինքը նորեն էնպես գրի մեր քաջ հայերի պատմությունը, որ լսող-կարդացողի սիրտը վառվի, զարմանա, հիանա․․․»։

Այս տողերում զգացի՞ր, թե որքան անանձնական է Աբովյանի սերն ու նվիրումը։ Ահա ինչու է Ավետիք Իսահակյանը հետագայում  «Վերք․․․»-ի մասին գրել․ «․․․Նա  գիրք չէ. նա սիրտ է՝ տարերային զգացմունքներով զեղուն (լի). ահագին սիրտ՝ ըմբոստ, զայրալից և վշտագին, վառվող, մխացող սիրտ...»։