«Համո Սահյանի տողերը շատ հաճախ այնքան են սեղմ, զուսպ, անզարդ, զերծ ավելորդություններից, որ թվում է՝ քարի վրա փորագրելու համար են ստեղծված»։ Վահագն Դավթյան
Համո Սահյանի բանաստեղծությունները մեկ անգամ ծանոթանալուց հետո միշտ մնում են մեզ հետ, դրանք հիշում ենք, երբ բնության շնչից թև առնում, խենթանում ենք, երբ կյանքի դասերից դառնանում, խելոքանում ենք, երբ սիրում ենք, հուզվում ենք, երբ խորհում ենք․․․
Ո՞րն է գաղտնիքը։
Գաղտնիքը անսահման պարզության ու միաժամանակ խորության մեջ է, զարմանալի անկեղծության, դիպուկ ու անսպասելի ընդհանրացումների մեջ։
Համո Սահյանը տիեզերքից, բնությունից իմաստնություն քաղած մեր նահապետն է, որի խոսքում նոր գույներով, շերտերով, իմաստներով են բացահայտվում հասարակ թվացող, ուշադրության չարժանացած երևույթները, որոնց մեջ նա բացահայտում է աստվածային գեղեցկություն ու տիեզերական օրինաչափություններ․
Աչքն ու ականջն եմ ես մայր բնության,
Գիտակցությունը նրա մարմնավոր,
Հասակակիցն եմ նրա հնության,
Եվ ծլարձակումն ու ծաղկումը նոր։
Համո Սահյանի ստեղծագործություններում մարդկային դիմագիծ են ստանում մասրենին ու քարափը, ձորն ու առվակը և այդ դիմագծերով ամբողջանում է նաև հայի հավաքական կերպարը։ Այսինքն՝ բնությունն ու մարդը բացահայտվում են իրարով․
Ծանր նստել է քարափը ձորում,
Հյուրընկալ տերը մանկության ձորի։
Ճակատից քարե քրտիք է ծորում,
Ուսից կախվում են մամուռ ու մորի․․․․
․․․․Սատանան տանի, ինչ-որ հեռավոր
Նմանություն կա Խաչիպապ պապիս
Եվ այս հյուրընկալ քարափի միջև։
Համո Սահյանի բանաստեղծություններում կենդանանում է հայ ավանդական մեծ ընտանիքը, նահապետական գյուղը, որի նիստ ու կացի, զուսպ ջերմության, մեծի նկատմամբ խոր հարգանքի, դիմացկուն, ազնիվ ու աշխատասեր մարդկանց կարոտը փոխանցում է մեզ՝ 21-րդ դարի անկանոն, քաոսային կյանքով ապրողներիս։
․․․Պապը գալիս, սուփրի գլխին
Նստում էր շուքով,
Եվ լցվում էր տունը դաշտի
Բույր ու շշուկով...
Սահյանի պոեզիայի հերոսը բնությունից ուժ առնող, հայրենիքով հզոր, տիեզերքի հետ ներդաշնակ մարդն է։
Սահյանի պոեզիան այն մաքրագործող ուղին է, որով կարող ես հասնել այդ ներդաշնակությանը․
*Աղուն – աղալու համար նախատեսված հացահատիկ՝ ցորեն, գարի։ Այն պետք էր արևի տակ լավ չորացնել, հետո տանել աղալու։
Սահյանի լավագույն ստեղծագործություններից են՝
(թեմատիկ բաժանումը պայմանական է, որովհետև Սահյանի ստեղծագործություններում մի թեման միահյուսվում է մյուսի մեջ)
Սիրային՝ «Չես ասի ոչ մի բառով», «Երկրորդ հարկի պաշտգամբը», «Կգամ», «Ես կուզեի», «Ծովն էր, գիշերն էր ես էի ու դու» և այլն։
Հայրենիքի մասին՝ «Նաիրյան դալար բարդի», «Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ», «Հայաստան ասելիս», «Գարունդ հայերեն է գալիս», «Մասրենի» և այլն։
Բնության և մարդու դերի մասին՝ «Օրը մթնեց», «Պապը», «Ինչու հիշեցրի», «Քարափը», «Անտառում» , «Ինձ բացակա չդնեք» (սա նաև ժողովածուի վերնագիր է) և այլն։
Բանաստեղծի դերի մասին Համո Սահյանի այս տողերը բնութագրում են հենց իր թողած արժեքները․
«Բանաստեղծը ճանաչել է տալիս մարդու մեջ և աշխարհում եղած գեղեցիկը։ Մարդու մեջ ցույց է տալիս Աստծուն։ Բանաստեղծությունը մարդու աչքը բացում է տիեզերքը տեսնելու համար»։
Համո Սահյանին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան