Կենսագրություն

Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թ․ ապրիլի 14-ին ներկայիս Սյունիքի մարզի Լոր գյուղում։ Գրական անունը ստեղծել է իր անվան կրճատումից  և հոր անվան առաջին մասից՝ ՍԱՀ + յան։

Լորը Արամազդ լեռան լանջի կիրճերից մեկում ծվարած շատ փոքրիկ գյուղ է։

Սահյանի հայրը՝ Սահակը, հավասարակշռված, ճշմարտասեր, համեստ մարդ էր, եղել էր գյուղի նախագահը։

Մայրը՝ Գայանե Լալայանը, վաղ է մահացել։ Նրա նվիրական կերպարը նույնպես արտացոլվել է Սահյանի բանաստեղծություններում։

Իմ կյանքի գինն էիր, իմ Ծիր Կաթինն էիր,

Եվ իմ բաժինն էիր, և իմ բագինն էիր,

Դու խառնված էիր շնչիս, էությանս…

Դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս:

                                              (Մայրս)

Սահյանը սերում է Խաչիպապենց տոհմից։ Խաչիպապի խորհրդանշական կերպարը հաճախ է հանդիպում Սահյանի ստեղծագործություններում։

«Հինգ տարեկանից եղել եմ հորս առաջին օգնականը գյուղական բոլոր աշխատանքներում, հորթարածի ճիպոտից մինչև սերմնացանի գոգնոցը։ Հիշում եմ՝ ես մեր գերդաստանում 31-րդն էի: Հացի էինք նստում բոլորս միասին: Սպասում էինք, մինչև պապս ձեռքի գործը վերջացնում էր, լվացվում, նստում սեղանի գլխավերևում, և նոր միայն ձեռքներս մեկնում էինք հացին: Կար հարգանք միմյանց միջև, ակնածանք՝ տոհմի մեծերի հանդեպ, ու նրանց օրինակը, որով սնուցում էինք մեր հոգին», գրում է Սահյանը։

(Ծնողների մասին հուշերը կարդա հետաքրքիր պատմություններ բաժնում)։

Համո Սահյանի մայրը

Լոր գյուղը

Սահյանը 10-13 տարեկանում սովորում է գյուղի տարրական դպրոցում, որտեղ տարիներ առաջ դասավանդել էր երիտասարդ Ակսել Բակունցը, որին Լորում բոլորը որպես Ալեքսանդր վարժապետ գիտեին։ Երբ Սահյանը դպրոցական էր, Ակսել Բակունցը կրկին գալիս է Լոր գյուղ՝ այս անգամ որպես գավառի գյուղատնտես։ Այդ այցը Սահյանի մանկության ամենաջերմ հուշերից է։ «Բակունցի գյուղ գալով Լորի սարերում մի նոր արև բարձրացավ»,- հիշում է Սահյանը։

(Սահյանի հուշերը այս հանդիպման մասին կարդա հետաքրքիր պատմություններ բաժնում)։

Համո Սահյանը 13-14 տարեկան էր, երբ տեղափոխվում է Բաքու։ Այնտեղ էին ապրում նրա հորեղբայրները։

Արժե իմանալ

-Ինչու Բաքու,- կհարցնես դու։

(Այս մասին պատմել ենք նաև Շիրվանզադեին նվիրված բաժնում։ Նա ևս Բաքվում է անցկացրել երիտասարդ տարիները)։

Բաքուն մինչև 1918 թ․ Ռուսական կայսրության մի մասն էր, և այստեղ մեծ թվով հայեր էին ապրում։ 1918 թ․ «Ադրբեջան» պետության ձևավորումից և խորհրդայնացումից հետո էլ հայերը շարունակում են այնտեղ ապրել ու գործունեություն ծավալել։ 1980-ականների վերջին Բաքվում կար շուրջ 300 հազար հայ։ 1990-ի հունվարին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո հայ համայնք այնտեղ այլևս գոյություն չունի։

 

 Սահյանի՝  գյուղից հեռանալու պատմությունը Թումանյանի «Գիքորը» պատմվածքը հիշեցնող ելևէջներ ունի։ Քաղաքում «կրթվելու և մարդ դառնալու» հեռանկարը չէր ոգևորում ապագա բանաստեղծին, նա  ուզում էր իր հայրենի բնության ու հարազատների մոտ մնալ, բայց նաև հասկանում էր, որ իր մեկնելով կարող է մի փոքր թեթևացնել բազմանդամ ընտանիքի հոգսը։ Սովի, զրկանքի տարիներ էին, դժվարությամբ էին սնունդ հայթայթում։ 

Առավոտ կանուխ ճանապարհ ընկնելուց հետո ապագա բանաստեղծը լսում է մոր ողբը․ «Մի պահ կանգ առա։ Գյուղը մթության մեջ էր, բոլորը քնած էին։ Միայն հանդիպակաց ժայռերն էին արձագանքում մորս սգո մեղեդիներին»։

Տեսարան Լոր գյուղից

Բաքվում Սահյանը հայկական դպրոց է հաճախում, հետո բանասիրական բարձրագույն կրթություն է ստանում, գալիս Սիսիան ու աշխատում թերթի խմբագրությունում։

1935 թ․ տպագրվում են առաջին բանաստեղծությունները, որոնց մասին Սահյանն ասել է․ «Չգիտեմ ինչու և ինչպես սկսվեց իմ գրական մուտքը։ Երբ արդեն հասկացել էի, որ Չարենցի կողքին բանաստեղծություն գրելն ավելորդ է, արդեն ուշ էր, որովհետև Չարենցը հավանել էր իմ ոտանավորներն ու բարի ճանապարհ մաղթել»։

1941 թ․ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, և Սահյանը մեկնում է ռազմաճակատ։ Կռվում է ռազմածովային նավատորմում՝ որպես նավաստի, ապա՝ որպես հրամանատար։

Կերչում թշնամու արկը կիսում է նրանց նավը, մի կեսը սուզվում է, իսկ մյուս կեսի վրա մնում են նավապետն ու Սահյանը, որը ազդանշան տվողն էր։ Հենց նրա ազդանշանով էլ օգնության են հասնում ու փրկում բոլորին։

 

Պատերազմի ժամանակ են ծնվում Սահյանի առաջին գրքի բանաստեղծությունները։ Դրանց թվում էր հռչակավոր «Նաիրյան դալար բարդին», որը երկու տարի հակագազի պայուսակի մեջ էր պահել։ 

Բանաստեղծությունները Սահյանն ուղարկում է Երևան՝ Ստեփան Զորյանին, որը շատ է հավանում դրանք և տպագրում է, որոշ ժամանակ անց  Զորյանը Համո Սահյանին նվիրված զեկուցում է կարդում՝ ողջունելով նրա մուտքը գրական աշխարհ։

 Ստեփան Զորյանին են նվիրված Սահյանի այս տողերը․

           Դուք հոր նման խիստ եք եղել,

           Ու հոր նման ներող,

          Ձեր խորհուրդը խորն է եղել

             Ու խրատը՝ գերող։

1946 թ․ լույս է տեսնում Սահյանի առաջին՝ «Որոտանի եզերքին» ժողովածուն։

Պատերազմից հետո Սահյանը ծանոթանում է բանաստեղծուհի Մարիա Հակոբյանի հետ։ Ամուսնանում են, ունենում երկու որդի՝ Արան ու Նաիրին։

Հանգամանքների բերումով հետագայում նրանք ամուսնալուծվում են։

 

Համո Սահյանը առաջին կնոջ՝ Մարիայի հետ։

Համո Սահյանը՝ որդիների հետ։

Սահյանը երկրորդ անգամ ամուսնանում է Սվետլանայի հետ, որը բանաստեղծի կողքին էր մինչև նրա կյանքի վերջին օրերը։

Համո Սահյանի մասին նրա որդին՝ Նաիրին, պատմում է․ «Հորիցս խրատ չեմ լսել. Նա լուռ էր դաստիարակում իր զավակներին ու այդ լռությունն ավելի ազդեցիկ էր, քան ցանկացած խրատ։ ․․․․Հայրս հասարակ մարդ էր, համեստ, ինչ-որ տեղ նաև՝ ամաչկոտ: Իր մեջ էդ եսը, էգոն չկար: Ինչպես բոլորն էին, այնպես էլ ինքն էր: Բայց, միևնույն ժամանակ, նրա ամեն ինչն էր տպավորիչ: Նրա ամեն խոսքը գնում, հասնում էր մինչև հոգուդ հատակը: Խորհուրդ չէր տալիս, ուրիշ տեսակ մարդ էր…»։

1951-ից Սահյանը հաստատվում է Երևանում, աշխատում մամուլում՝ ստանձնելով տարբեր պաշտոններ։ Լույս են տեսնում նրա լավագույն ժողովածուները՝ «Մայրամուտից առաջ», «Քարափների երգը», «Սեզամ բացվիր», «Իրիկնահաց», «Դաղձի ծաղիկ»  և այլն։ Իսկ վերջին ժողովածուն՝ «Ինձ բացակա չդնեք», լույս տեսավ բանաստեղծի մահից 5 տարի հետո։

Սահյանը նաև տաղանդավոր թարգմանիչ էր։ Մեծ արվեստով թարգմանել է Ալ․ Պուշկինի, Ս․ Եսենինի, Գ․ Լորկայի և ուրիշ մեծերի ստեղծագործությունները։

 Կյանքի վերջին տարիները ծանր էին Սահյանի համար։ Մի կողմից նրան ճնշում էր օրեցօր խորացող հիվանդությունը՝ ասթման, մյուս կողմից Հայաստանի անկախությանը հաջորդող դժվար տարիներն էին․ պատերազմ էր, Հայաստանը շրջափակված էր ամեն կողմից, չկար էլեկտրականություն, վառելիք, սնունդ․․․

Համո Սահյանը մահացել է 1993 թ․ հուլիսի 17-ին՝ 79 տարեկանում։

Թաղվել է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

 

«Համո Սահյան․ քարափներից երկինք» վավերագրական հրաշալի ֆիլմը կարող ես դիտել այստեղ։

Հրանտ Մաթևոսյանի հարցազրույցը Համո Սահյանի հետ կարող ես դիտել այստեղ։