Լուսանկարում՝ Վահագն Դավթյանն ու Համո Սահյանը
Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...։
Համո Սահյանի տողերը շատ հաճախ այնքան են սեղմ, զուսպ, անզարդ, զերծ ավելորդություններից, որ թվում է քարի վրա փորագրելու համար են ստեղծված։
Համո Սահյանի պոեզիան շարունակում է սնել ընթերցողներին, ապաքինում է նրանց վիրավոր քայքայված նյարդերն ու հոգիները...
Համո՛ Սահյան, հասկացեք իմ ուրախությունը և սրտնեղությունը: Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի:
…Դուք վերցնում եք առօրեական փաստը, արտաքինից ոչնչով աչքի չընկնող փաստ, որի կողքով անտարբեր կանցնեն շատերը: Դրա հետ բան եք անում, որից հետո փաստը ներկայանում է կերպարանափոխված: Ես կավելացնեմ նաև` ոգեշնչված: Դուք այն գուրգուրանքով պահել եք Ձեր սրտի մեջ, շփել եք ձեռքերով, տաքացրել․․․
․․․Եթե մեկ խոսքով ուզենամ բնութագրել Համոյի պոեզիան, պիտի ասեմ՝ ամեն ինչ ընդերքային էր, ոչ մի բան երեսին չկար: Ինձ թվում է, որ երբ Համոն կարդում է, գրում է քարի մասին, դա ինձ համար մարդ է, երբ խոսում է վանքի մասին, դա հայոց պատմությունն է, երբ ասում է մասուր, ուրց, սար, այդ բոլորը շնչավոր են նրա պոեզիայում. սա հանճարի հատկանիշ է։
Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկը այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն։ Նա ականջ է դնում հողին նույնքան ուշադիր, որքան զրուցակցին, նրան նայում է կենտրոնացած, ուժգնորեն, սիրող ու իմաստուն աչքերով, ինչպես կնայեր մոր դեմքին, աչքերին ու խոր կնճիռներին։ Հայոց հողը բանաստեղծի մշտական, ամենալավ ու պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը...
Վարպետի՝ բնության մասին գրած բանաստեղծությունները քեզ տեղափոխում են նախապատմական ժամանակների հախուռն ու լուսնկա հոսքի մեջ, քեզ պարուրում վաղնջական օրերի ու գույների մաքրությամբ։ Ավելի ճիշտ՝ հարստացնում... Եթե բանաստեղծ Սահյանը ոչինչ ստեղծած չլիներ, նրա բնապաշտական երգերն իսկ բավական են նրան դասելու հայ պոեզիայի նվիրյալ մեծերի շարքում։
Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան... Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել... Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը... թեթև ու վստահ տանում են իրենց բեռը... Խոսքի վարպետը գիտե իր գործը... Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան իրեն։
Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ։
Հաց է եղել ու գինի ու լռություն է եղել,
Ու թախիծն է կաթկթել, որ մաքուր էր որպես ցող,
Մենք նստել ենք իրար դեմ ու թախիծով այդ ցողել
Ես` իմ աշխարհը կորած, դու` քո աշխարհը կորչող:
Ինչ տխուր է լեռներում չվող կանչը կռունկի,
Եվ սիզախոտը այրված ինչ թանկագին է բուրում,
Թափառական մի կարոտ այնտեղ իջնում է ծունկի,
Հեկեկացող աղբյուրի մանկությունը համբուրում:
Վանք է եղել ավերակ, չորացած հուն ու ակունք,
Ու եղինջները կարծես բոբիկ ոտքերդ են վառել,
Դու լռել ես քարի պես, բայց ես նայել եմ թաքուն
Ու աչքերդ չհասած արցունքները նշմարել:
Ո՞ւր են տանում, չգիտեմ, արահետներն այս քարոտ,
Բարդիներն այս արծաթե ո՞ւր են այսպես հեռանում...
Այնտեղ շրջում է անվերջ թափառական մի կարոտ,
Ծխանի հոտ, հացի հոտ, ուրցի հոտ է որոնում:
...Ես չգիտեմ, մեզանից ո՞վ պիտի շուտ հեռանա
Դեպի եզերքն անհայտի, ուր տառապանքն է լռում,
Բայց մեզնից մեկը, գիտեմ, պիտի կրկին որբանա,
Ես` աշխարհում իմ կորած, դու` քո կորչող աշխարհում։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: