Հողի, քարի, ծառի, ասել է թե՝ տիեզերքի ոգին պիտի ուղեկցի քեզ, որպեսզի հայրենիք ունենաս։ Միայն սպառողը գող է, իսկ գողը հայրենիք չունի։
Մեզ կպահի մեր ազգային ոգին։ Ուժեղ անհատներ ունենք։ Թումանյանին կարդացողը կզգա, որ կապրենք, Թումանյանի բարությունը մեր ազգի ուժն է։
Մարտիրոս Սարյանը էս ժողովրդի աչքն է, նրա միջոցով պիտի տեսնի, Կոմիտասը ականջն է, նրանով պիտի լսի, Թումանյանը միտքն է ու լեզուն, Մաշտոցը ոգին է, էությունը, Աբովյանը թոքերն է, շնչառությունը։ Չարենցն էլ այս ժողովրդի սիրտն է։
Մեզ համար քարը սեղան է սփռոց, զենք, աթոռ, բարձ, հող, կրակ, պատիվ, զինվոր, ընկեր , որդի , արծիվ, դուռ, քարը՝ տուն, հայրենիք, քարը՝ մենք։ Վերջապես քարը մեր բնավորությունն է։ Իսկ բնավորությունը նույնն է, ինչ բախտը։
Բանաստեղծը ճանաչել է տալիս մարդու մեջ և աշխարհում եղած գեղեցիկը։ Մարդու մեջ ցույց է տալիս Աստծուն։ Բանաստեղծությունը մարդու աչքը բացում է տիեզերքը տեսնելու համար։
Թագավորն ու բանաստեղծը պետք է զոհ լինեն: Թագավորը զոհ եղավ՝ պետություն կունենա, զոհ չեղավ՝ ինքն էլ չի լինի: Նույնը նաև բանաստեղծը: (Նկատի ունի անսահման նվիրումը, զոհաբերման պատրաստակամությունը)
Նայի՛ր շուրջդ, կարեկցանքի պակաս կա: Մարդկային ժպիտն է պակաս, սովորական ժպիտը: Մի ժամանակ մարդիկ փողոց էին դուրս գալիս՝ բոլորը իրար ծանոթ: Ժպիտ կար, զրույց կար, բարև կար, հարցուփորձ կար:
Բարձրահասակ շենքերը երկնային քարանձավներ են․․․ Ջերմությունը կամաց-կամաց վերանում է: Ու՞ր ենք գնում այսպես: