Ստեղծագործություններ
Սահյանի ձեռագիրը
Խաչիպապի կերպարը
Սիրային բանաստեղծություններ
Անտառում
Հայրենիքի մասին
ԻՄ քարափներն ու ես
Մասրենի
Սահյանի ձեռագիրը
Խաչիպապի կերպարը
Սիրային բանաստեղծություններ
Անտառում
Հայրենիքի մասին
ԻՄ քարափներն ու ես
Մասրենի
Սահյանի ձեռագիրը

«Ես շոշափելու չափ որոշակի զգացի նրա խշշոցը և տեսա, թե ծառն ինչպես է ընդարձակվելով, ընդարձակվելով իր մեջ առնում ողջ աշխարհը, և ես նետվեցի, որպեսզի փարվեմ նրան»,- Համո Սահյանը այսպես է նկարագրում իրեն հայտնիություն բերած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծության ծնունդը։

Պատերազմ էր։ Վոլգայի ափին նավի տախտակամածին կանգնած նավաստին հիշում է ծննդավայրը, և հայրենի երկիրը հառնում է նրա դեմ կանաչ բոցով պատված բարդու կերպարով․

Մարտիրոս Սարյանի կտավներից

Ա՛խ, ասես խարույկ լինես` բռնկված կանաչ բոցով,
Ես հեռվից քեզ եմ գգվում կարոտով կրակ սրտի.
Լցնում ես դաշտերն ամեն հարազատ քո խշշոցով,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ Նաիրյան դալար բարդի:

Իմ արտույտ-մանուկն ահա խաղում է քո շվաքում,
Քո փառքին երգ է շրշում շրթերով կոկոն վարդի,
Զո՛վ արա նրա կյանքին, հոր նման գգվի՛ր անքուն,
Իմ հեռո՜ւ, հեռո՜ւ, հեռո՜ւ նաիրյան դալար բարդի․․․

Միայն բանաստեղծության վերջին տողերն են ակնարկում պատերազմի մասին․

Կմեռնեմ, միայն թե դու դարերում ազատ խշշաս․․․

Հանուն այդ խաղաղ, անհունորեն սիրելի պատկերի՝ հայրենիքի զինվորը պատրաստ է տալու իր կյանքը․․․

Երկու տարի հակագազի պայուսակի մեջ էր պահել այս բանաստեղծությունը։ Հետո ծնվում են «Որոտանի եզերքին» շարքի մյուս բանաստեղծությունները, որոնք հայրենիքի կարոտով էին շնչում, որոնք հերքում էր պատերազմը՝ խաղաղության ջերմ պատկերներով։

Խաչատուր Եսայան «Խաղաղ երեկո»

Սահյանի մուտքը ջերմորեն ողջունեցին Ստեփան Զորյանը, Նաիրի Զարյանը, տարիներ առաջ նրան բարի ճանապարհ էր մաղթել Չարենցը։

«Ամեն բանաստեղծ բերում է իր ժողովրդի մի գույնը»,- ասում է Սահյանը։

Ո՞րն էր միայն իրեն հատուկը՝ սահյանականը։

Եվ ի՞նչ ես բերել ձորից այն հեռու։

-Ամենն, ինչ որ ինձ մարդ էր պահելու․․․

Սահյանը ինքը լավագույնս բնութագրել է բանաստեղծի իր առաքելությունը։ Նրա պոեզիայում տիեզերքն իր մեջ ամփոփող մարդը հակադրվում է նոր ժամանակներում իր կոչումն ու արմատները կորցրած մարդուն, և Սահյանը գծագրում է վերադարձի ճանապարհը։ Երևի թե այստեղ է գաղտնիքը, որ մենք միշտ Սահյանի պոեզիայի կարիքն ենք զգում, ինչպես կզգայինք մաքուր օդի կարիքը։

 Ես ձեր խիղճն եմ, ինձ մի խաբեք,

Ձեր թևերն եմ, ինձ մի կապեք,

Ինձ մի կտրեք, ձեր երակն եմ,

Ձեր արյունն եմ, ինձ մի թափեք...

Սահյանի ձեռագիրը

 Նրա ստեղծագործությունը մարդու մաքրագործման ուղին պիտի ցույց տար, պիտի օգներ պահպանել մարդկային արժեքները առօրյա քաոսում։

-Ինչպե՞ս է դա հնարավոր,- կհարցնես դու։

-Հողի, բնության, տիեզերքի օրենքներին համահունչ ապրելով,- կպատասխանի քեզ բնության նահապետ Սահյանը։ Ու ջրի կաթիլի, ժայռին թիկնած մասրենու, սերմացու ցորենի, քարափի «բնավորությունը» վերծանելով՝ ցույց կտա  ԱՐԱՐՈՂ ՄԱՐԴՈՒՆ։

Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—

Հավիտյան նորոգ իր հնությունը,

Իր ջրվեժների անքնությունը

Եվ հոգնահոլով իր կրկնությունը...

Իր քարափների համբերությունը,

Իր խղճի առաջ իր գերությունը,

Իր անդունդների տարողությունը,

Սեփական վերքերն ապաքինելու

Կարողությունը...

Իր սևահողի խոնավությունը,

Մասրենու փշոտ խոնարհությունը...

Ինքնաբաշխումի ուրախությունը,

Ինքնամերժումի խիզախությունը,

Ինքնության պատիվն ու թանկությունը,

Ինքն իր մեծությամբ չպարծենալու

Երջանկությունը...

 

 

Այս փոքրիկ բանաստեղծությունը պոեմի տարողություն ունի, և Սահյանի շատ բանաստեղծություններ են այդպիսին։ Բնությունը սովորեցնում է համբերել, աշխատել անդադար, ինքնամաքրվել, ինքն իրեն նորանալ, չընկճվել, խոնարհ լինել, «ինքնամերժումի խիզախություն» ունենալ․ կյանք տալ հանուն կյանքի շարունակության, ինչպես սերմն է անում․․․

Բնությանը հարազատ մարդը ինքնաբերաբար ձեռք է բերում այդ հատկությունները, իսկ նրանից հեռացած մարդն ինքն իրեն ու իր սերունդներին փակուղի է տանում․․․

Սահյանի համար պաշտամունք էր Հովհաննես Թումանյանը, որի հոգեորդին է նա, բայց ի տարբերություն Թումանյանի, որը մեծ, խոշոր պլանով է տեսնում աշխարհն ու բնությունը, Սահյանը աննշան ու փոքր երևացող երևույթների մեջ է տիեզերքը բացահայտում։

Սահյանին հարազատ է նաև Վահան Տերյանի բանաստեղծական աշխարհընկալումը (հիշենք իր բանաստեղծությունը՝ «Կա Տերյանական մի երևէջ, որ չի լքում քեզ այսքան տարի»)։

«...Հնարավոր չէ հաղթահարել Թումանյանին... Չարենց դառնալը բացառվում է, բայց Չարենցին հնարավոր է հաղթահարել: Մեր պոեզիայի միակ և ամենամեծ օբյեկտիվ բանաստեղծն է Թումանյանը: Նրա ցավն անգամ, սուբյեկտիվ ցավը, օբյեկտիվ է: Մնացած բոլորը իրենց հանճարով ու բանաստեղծության զորությամբ կվառեն մեր սրտերը, իսկ Թումանյանը չի վառում, նա ջերմացնում է: Իսկ չէ՞ որ միայն արևն է ջերմացնում...»,- գրում է Սահյանը։

Սահյանը անչափ համեստ մարդ էր։ Մի անգամ խոստովանել է․ «Գլուխգործոցների գլուխգործոցներն ինձ համար եղել մնում են

«Տրտունջք» (Պետրոս Դուրյան), «Աշխարհս մի փանջարա է» (Սայաթ-Նովա), «Գիշերն անույշ է, գիշերն հեշտագին» (Միսաք Մեծարենց),

«Ռավենայում» (Ավ․ Իսահակյան), «Պատրանք» (Հովհաննես Թումանյան), «Հրաժեշտի գազել» (Վահան Տերյան), «Անքնություն» ( Եղիշե Չարենց)։

Ամբողջ կյանքում երազել եմ գրել դրանց հավասար մի բանաստեղծություն։ Ամեն անգամ երբ կայծակել է առաջին տողը և սկսվել է անհնարինը գտնելու կռիվը, թվացել է, թե գրվում է հենց այդ բանաստեղծությունը, բայց երազանքը մնացել է երազանք, մնացել է հորիզոնի աղեղին թառած աստղի պես, որքան մոտեցել եմ, այնքան հեռացել է»։

Քննարկում

Ի՞նչ ես կարծում՝ արդա՞ր է Սահյանն ինքն իր նկատմամբ։

Սահյանի բանաստեղծություններն ուսումնասիրելուց հետո կարո՞ղ ես առանձնացնել այնպիսի մեկը, որը քեզ համար կլինի անմոռանալի։ Ո՞րը կլինի դա։

 

 

«Հայտնի է, որ ձորալանջերի քարերից արևի հոտ է գալիս: Այդ հոտը սուր է զգացվում հատկապես երեկոյան, մայրամուտից հետո: Այդ հոտն ինձ ծանոթ է մանկությունից: Բայց մի քանի տարի առաջ քաղաքային իմ բնակարանում հանկարծ զգացի քարերի արևային բույրը: Ես ֆիզիկապես ինձ զգացի ձորալանջին, ֆիզիկապես շնչեցի այդ բույրը: Արևի բույր առա սունկից, մամուռից, մութից, ամպից, ծառի շշուկից, աստղերից, ամեն ինչից… Ես ամբողջովին լցված էի արևի բույրով, և ցանկություն առաջացավ այդ բույրը բաժանել մարդկանց, որ նրանք էլ զգան, շնչեն այդ բույրը և գրեցի մի գազել…»,- պատմում է Սահյանը։

  

 

Սահյանի բանաստեղծություններում բառերը նոր իմաստներ են ստանում դառնում բառ-խորհրդանշաններ։ Օրինակ՝ Հայաստանի խորհրդանիշն է մասրենին, քարափները հավերժության, հավերժող երկրի ու ժողովրդի խորհրդանիշ են․

Քարափներ իմ, քարափներ,

Ձեր շուրթերի վրա ես

Սարսուռ ու դող եմ։

 

Ձեր հոնքերի վրա ես

Ձյունի փափուկ մի փաթիլ,

Մի կաթիլ ցող եմ։

 

․․․Ձեզ ժամանակն է դարբնել,

Դուք մնացեք, քարափներ

Ես գնացող եմ․․․

 

Բայց գնալուց հետո էլ

Երբ որ կանչեք, կարթնանամ,

Ձեր ոտքերի տակ՝ մի բուռ

Խոր քնած հող եմ։

«Ես շատ եմ սիրում հողը և այն ամենը, որ բուսնում է նրանից, սնվում է նրանով: Եվ երբ ասում են մայր հող, ես գիտեմ, որ դա գեղեցիկ խոսքի համար չեն ասում: Ես հիշում եմ հեռավոր սովի տարիները, երբ Հայաստանի լեռներում ձմռան հետ վերջանում էին հացի վերջին պաշարները: Մենք՝ գյուղի երեխաներս, չորեքթաթ էին տալիս լանջերն ի վեր և բուսական կեր էինք հայթայթում՝ արմտիքներ, տերևներ, տարբեր տեսակի խոտերՉլիներ այդ դժվար և դժվարության մեջ երջանիկ մանկությունը, հնարավոր է, որ ես բանաստեղծ չդառնայի»,- գրում է Սահյանը։

Սահյանի շատ բանաստեղծություններ երգերի են վերածվել։ Դրանց մի մասի երաժշտության հեղինակը Տիգրան Մանսուրյանն է:

Երգահան Սասուն Պասկևիչյանը ասում է․ «Համո Սահյանի գրեթե բոլոր գործերից «կաթում է» երաժշտությունը: Նրա քնարերգությունն ակունք է դարձել իմ նոր երգերի համար: Առայժմ պոետի գործերից յոթն եմ վերածել երգի: «Մայրս» անզուգական բանաստեղծությունը, «Արագիլները», որը Սահյանը կարծես գրել է նրանց համար, ովքեր արտագաղթում են Հայրենիքից, տառապում կարոտների «ձեռքին» ու վերջում վերադառնում` հավատալո՜վ…

Երգ դարձավ նաեւ «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունը, որը կարծես Սահյանի սրբազան պատգամն է: Սահյանի գործերից երգերի եմ վերածել ևս 4-ը` «Հրաշք լիներ», «Մեր լեզուն», «Դու ուզեցիր» և«Դառնամ» բանաստեղծությունները, (մի շարք բանաստեղծություններ դեռ «հերթի են կանգնած» ): Ընտրել եմ եւս 30 գործ, որոնք տեղով երգեր են` մնում է միայն նոտագրել: Հիանալի երգիչներ Լեյլա Սարիբեկյանը («Արագիլները» եւ «Ինձ բացակա չդնեք») ու Համլետ Գևորգյանը («Մայրս») անթերի են կատարել-մեկնաբանել:

Ընդհանրապես Սահյանի գործերն իմ կյանքի ընկերներն են, որոնք ինձ ուղղորդում են ճիշտ ապրել»:

Երգահան Լևոն Արևշատյանը (Project LA)  Սահյանի բառերով մի քանի երգերի հեղինակ է «Փնտրում ես դու», «Ես այն եմ եղել» և այլն։ 

Երիտասարդ երգիչ Արթուր Խաչենցը ևս անդրադարձել է Սահյանի բանաստեղծություններին․ «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում»․ լսիր այստեղ։

 

 

 

 

Համո Սահյանը Տիգրան և Արաքս Մանսուրյանների հետ։

Խաչիպապի կերպարը

Նահապետական առօրյայով, բարոյական բարձր արժեքներով ապրող, բնությանը փարված  հայ մարդու կերպարն է պապը։ Սահյանը նրա մասին ասել է․ «Ինքս արդեն վաղուց պապ եմ, բայց երբեք չեմ բաժանվում Խաչիպապ պապի կերպարից: Դա ինձ համար անկրկնելի աշխարհ է: Նրա մարդկային և գեղջկական փիլիսոփայությունը ամենից առաջ մի բանում եմ տեսել՝ պապն ամբողջ կյանքում աշխատել է: Երբ մի անգամ հենց դաշտում, ակոսի մեջ թուլացել էին ծնկները, պապը չի վախեցել: Նա ... ամաչել է: Ինքը խոստովանեց: Եվ, գուցե, դեռևս պատանի, ես սրտումս արդեն գրել էի այն, ինչը հետո տրվեց թղթին»:

Այսպիսի մարդու մահը կյանքի շարունակությունը կարծես լինի․․․
Մի օր էլ, երբ հանկարծ
Ծալվել են ծնկները,
Զարմանքից քարացել,
Ամոթից շիկնել է:
Թողել է նա մաճը
Եվ շունչը պահել է,
Եվ հետո քրտինքը
Ճակատին պաղել է:
Եվ պապը ակոսում
Պառկել ու քնել է,
Խառնվել այն հողին,
Որ իրեն սնել է։

              («Պապը»․ լսիր այստեղ)

Քննարկում

 Ի՞նչ թանկ հիշողություններ ունես տատրիկիդ կամ պապիկիդ հետ կապված։

Խաչիպապենց տան դուռը

Ռուս բանաստեղծ Լև Օզերովը Համո Սահյանին ուղղված նամակում  Խաչիպապի մասին գրել է․ «Ինձ հմայեց Ձեր Խաչիպապ պապը: Ինչպիսի ծերունի: Ինչպիսի հարազատությամբ է մարմնավորել ժողովրդի գծերը: Ամեն ինչի վարպետ, նա ստեղծվել է բնության կողմից, որպեսզի կատարելով իր բոլոր բարի գործերը, նորից ձուլվի բնությանը …Դուք քնարերգության մեջ որմնանկար եք արել: Այժմ ես այնպես եմ ծանոթ Խաչիպապին, որ եթե հանդիպեի նրան փողոցում (իսկ նա ժողովրդի մեջ միշտ էլ կենդանի է, քանի որ հենց ինքը ժողովուրդն է), կբարևեի և կխոնարհվեի նրա առաջ: Մինչև գետին կխոնարհվեի, որովհետև նա ինքը Հայաստանն է»:

Պապը ներկա է նաև «Օրը մթնեց» անմոռանալի բանաստեղծության մեջ․

Նստում էին և սպասում 

Մինչև պապը գար, 

Մինչև բակում Ծաղիկ եզան 

Զանգը ծլնգար: 

 

Պապը գալիս, սուփրի գլխին 

Նստում էր շուքով, 

Եվ լցվում էր տունը դաշտի 

Բույր ու շշուկով... 

 

Ու երբ տատս ձեռքն էր առնում 

Շերեփը իր հին, 

Գդալները բնազդաբար 

Աղմկում էին: 

 

․․․Հիմա այդ մեծ գերդաստանից 

Ոչ մեկը չկա... 

Ես եմ մնում լոկ իբրև հուշ 

Եվ իբրև վկա․․

Իրիկնահացը կամ մեր բառապաշարով՝ ընթրիքը նահապետական ընտանիքի համար ծես էր, սրբազան արարողություն, որի մեջ արտացոլվում էր ընտանիքի անդամների խոր հարգանքը տան մեծի նկատմամբ, ընտանիքի նահապետի իմաստնությունը, աշխատասիրությունը։ Խոհանոցի տիրուհին էլ տատն է, նա էլ հավասարապես բաժանում է կերակուրը բոլորի միջև։ Ընթրիքը այն խորհրդավոր ժամն էր, երբ բոլորը միասին էին ու զգում էին միասնության ուժը։

«Հիմա այդ մեծ գերդաստանից ոչ մեկը չկա» արտահայտությունը պետք է հասկանալ և՛ ուղղակի և՛ փոխաբերական իմաստով, որովհետև այն թե՛ սիրելիների կորստի և թե նահապետական արժեքների կորստի մասին է։ Ժամանակակից մարդն իր անհասկանալի վազքի մեջ ժամանակ չի գտնում ընտանիքի հետ ճաշելու, փոխվում է ընտանիքի մեծի կերպարը, փոխվել է վերաբերմունքը նրա նկատմամբ, և դա անափ տխրություն է պատճառում։

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի:

Քննարկում

Ձեր ընտանիքում պահպանվե՞լ է միասին ընթրելու ավանդույթը։ Իսկ դու հաճա՞խ ես հեռախոսով զբաղվելով կամ հեռուստացույց դիտելով ճաշում։

Ի՞նչ ես կարծում, կարևո՞ր է միասին ճաշելը, ինչո՞ւ։

«Քարափը» բանաստեղծության մեջ քարափը անձնավորված նահապետ է, որ մանկության ձորում շուքով նստել ու յուրաքանչյուրին իրեն արժանի պատիվն է տալիս ու ոչ ոքից ոչինչ չի պահանջում։ Այստեղ Սահյանը բառերի քանդակագործ է, յուրահատուկ տեսանող, որի օգնությամբ քարափը շնչավորվում է ու թվում է՝ ուր որ է մեզ հետ կխոսի։ Ահա այսպես բնությունը բացահայտվում է մարդու կերպարով և մարդն էլ՝ բնության։ 

Ծանր նստել է քարափը ձորում,

Հյուրընկալ տերը մանկության ձորի։

Ճակատից քարե քրտիք է ծորում,

Ուսից կախվում են մամուռ ու մորի։

 

Նստել է ձորում՝ երկինքը դեմքին,

Ծանր նստել է և ամեն մեկին

Իրեն արժանի պատիվն է տալիս.

Վայրի աղավնուն՝ հաճարը վայրի,

Մոլորված ամպին իր քիվն է տալիս,

Խրտնած քարայծին՝ մութն իր քարայրի։

 

Հոգնած ճամփորդին պատիվ է անում,

Ցրտին՝ տաքության հոգեպահուստով,

Շոգին՝ ձյունահամ աղբյուրով անուշ

Եվ իր ստվերի լայն առագաստով։

 

Չի դավաճանում ոչ մի ժամանակ

Հյուրընկալության հինավուրց ոճին.

Ինչ ունի-չունի բաժանում է նա

Եվ չի պահանջում ոչ ոքից ոչինչ։

 

Նստել է ձորում նահապետորեն,

Իր մացառավոր հոնքերի վրա

Երամից պոկված փետրավոր մի ամպ։

 

Նայում եմ նրան

Ես արյունակցի երկյուղածությամբ,

Եվ քիչ է մնում իմ այտերն ի վար

Արցունքներ ծորեն…

 

Ամուր ծնոտից կուրծքն ի վար կախված

Ստվերը կարծես մորուք է մի սև…

Սատանան տանի, ինչ-որ հեռավոր

Նմանություն կա Խաչիպապ պապիս

Եվ այս հյուրընկալ քարափի միջև։

 

Քննարկում

Համո Սահյանի բանաստեղծությունները կարող են օգնել քեզ, որ բնությունը նորովի տեսնես ու զգաս։ Եթե ունես այդպիսի փորձառություն, պատմիր մեզ։

Սիրային բանաստեղծություններ

 

Համո Սահյանի սիրային բանաստեղծությունները թարգմանում են սիրո անբացատրելի ապրումները։ 

Ռուս բանաստեղծ Լև Օզերովը իր հայտնի նամակում ասում է․ «Համո Սահյան, հասկացեք իմ ուրախությունը և սրտնեղությունը: Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի»։

Նույնը զգում ենք մենք։ Ունենալով սիրո նման ապրումներ՝ չենք կարողանում դրանք բառերի, խոսքի վերածել։ Ու մի օր մեզ համար բացահայտում ենք մեր հոգու շարժումների թարգմանին, այս դեպքում՝ Համո Սահյանին։

Սահյանի տողերը մեզ հետ են պատանեկան առաջին զգացմունքի ժամանակ, երբ ինքներս էլ չենք գիտակցում, թե ինչ է մեզ հետ կատարվում․

Ես չգիտեի, թե ինչ է սերը,

Ի՞նչն էր այդքան շուտ ինձ տնից հանում,

Ինչո՞ւ էր երկար թվում գիշերը,

Եվ ինչի՞ց էր, որ քունս չէր տանում․․․

               («Ես չգիտեի, թե ինչ է սերը»)

Նրա ստեղծագործությունները մեզ հետ են, երբ գիտակցում ենք, որ ինչ բարձունքների, հաջողությունների հասնելու էլ լինենք, միևնույն է, առաջին սիրո անհաս երազը ուղեկցելու է մեզ ողջ կյանքում․

․․․Աստղերի հետ վեճի մտած

Բարձունքները ելա փառքի...

Բայց ինձ համար անհաս մնաց 

Պատշգամբն այն երկրորդ հարկի։

       («Երկրորդ հարկի պատշգամբը»)    

 

 

 

Համո Սահյանի բանաստեղծությունները մեզ հետ են, երբ չենք էլ հասկանում թե սերն ինչպես է իր ճամփան հարթում, ինչպես են խառնվում, անբաժանելի դառնում մարդկային ես-երը․

  ․․․Դու չիմացար, թե ինչպես,
Ես չիմացա, թե ինչու
Բուրմունք փռեց ծաղկի պես
Դաշնությունը մեր հոգու։

Ես էությամբ դարձա դու,
Դու էությամբ դարձար ես,
Ես չիմացա, թե ինչպես,
Դու չիմացար, թե ինչու․․․

         («Ես չիմացա թե ինչու»․ լսիր բանաստեղծության հիման վրա գրված երգը՝ լեգենդար Վախթանգ Կիկաբիձեի կատարմամբ)

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք...
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու...

 

 

 

Սահյանի տողերն ենք հիշում, երբ «մնաս բարով» ենք ասում մեր սիրելիին։ Եվ թաքցնելով անբացատրելի տագնապն ու ցավը՝ հարկադիր ժպտում ենք․

Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»...
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:

Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու․․․

          («Ախ, նորից բարի ճամփա»)

Երբ գիտակցում ենք, որ մեր զգացմունքը անպատասխան է, չգնահատված ու չհասկացված («Կա մի թուլություն»․ լսիր այստեղԵթե ես մի օր աշխարհից գնամ»․  լսիր այստեղ)

Դու իմ կյանքն էիր, կյանքի գինն էիր,
Լավագույն էիր ամենքի մեջ:
Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ երգի մեջ:
Առաջինն էիր ու վերջինն էիր
Իմ անքուն, անքեն տարերքի մեջ,
Դու իմ ձեռքի մեջ ուրիշինն էիր,
Իմն էիր միայն իմ վերքի մեջ:

 

Սահյանի տողերն ենք հիշում, երբ զգում ենք ինքնանվիրման անհունությունը․

Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին պատառն իմ հացի, 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Վերջին արցունքն իմ լացի: 
Ես կուզեի քեզ հետ կիսել 
Սրտիս բեկորը վերջին, 
Ես կուզեի քո գրկի մեջ 
Մթներ իմ օրը վերջին… 
Ես կուզեի՝ ինչ որ ունեմ 
Իբրև նվեր տայի քեզ, 
Ես կուզեի… բայց ի՞նչ անեմ 
Եթե հանկարծ դու չուզես:

Երբ զգում ենք սիրո հավերժությունը․

Եթե մինչև անգամ
Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ,
Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ,
Ուր էլ լինեմ, կգամ:
Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ,
Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի,
Վերջին հույսդ քամին առած-տարած լինի,
Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ
Մենության մեջ լացող երգիդ վրա:

          («Կգամ» բանաստեղծությունն ամբողջությամբ  լսիր այստեղ)

Անտառում

Համո Սահյանի «Անտառում»-ը աշնանային անտառի չքնաղ բնապատկեր է։ Բանաստեղծությունը սկսվում է խորհրդավոր ձայների, գույների նկարագրությամբ, և ընթերցողը մտովի հայտնվում է այդ միջավայրում։

Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

 

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային....

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Բանաստեղծությունը մի քանի ենթաշերտ ունի․ բնության գեղեցիկ նկարագիր լինելուց բացի, այն նաև ակնարկում է մարդկային հարաբերությունների, ուրիշի ցավին անտարբեր լինելու մասին։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Ուղղակի իմաստով էլ ծանոթ տեսարան կա․ փայտահատը տապալում է կաղնին, իսկ անտառապահի տնակի մոտ անտարբեր լռություն է։

Անտառապահը ծառերի հատումը չի կանխում։

 

Հայրենիքի մասին

Հայրենիքի մասին սահյանական բանաստեղծությունները բարձրագոչ չեն։ Երբեմն բանաստեղծը նկարագրում է ոչ թե հայրենիքը, այլ իր ապրումներն ու զգացողությունները, ու դրանք օգնում են պատկերացնել, հասկանալ, թե ինչ մեծ արժեք ու սեր է հայրենիքը․

Լսիր այստեղ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ՝ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ՝ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ՝ ինչու է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես։


 

«Անունդ տալիս»  - Սահյանի Հայաստանը մեծ բնապատկեր չէ, այն խճանկարի նման է ամբողջանում՝ կտոր-կտոր․

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում․․․

Այդպես կտոր-կտոր ամբողջանում է նաև Հայաստանի ցավոտ պատմությունը, իսկ ցավի մասին հուշում են տեղահան, ավերակ, բեկված բառերը։

Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Քննարկում

Համեմատիր բանաստեղծության այս ու Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ի հետևյալ տողերը․

Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև

Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում․․․

Խնձորեսկի  քարանձավային բնակավայրերը։

Այսպիսի մի քարայր-բնակարան են ունեցել Ակսել Բակունցի ծնողները։

Սահյանը բանաստեղծության հաջորդ հատվածում էլ շարունակում է հայոց պատմության պատկերային վերլուծությունը։ Չկա գործողությունը, կա հետևանքը։

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին՝ մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Ինչո՞ւ է հայի սրբազան թոնիրը լքված, խուփն էլ մամռոտել։

 Այո, սա հայրենիքից բռնությամբ  տեղահան լինելու նկարագիր է։ «Աշխարհի քարերին մաշված մի ցուպը*» մեր չարդարացված հույսերն են, թե ուրիշ ազգերը կօգնեն մեզ, հիշենք  Խրիմյան Հայրիկի ասույթը «թղթե շերեփի» մասին։ 

*Ցուպ – ձեռնափայտ

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին՝ ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին՝ հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ՝
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Այդ հատվածում ողբերգական շեշտադրումներ չկան։ Այստեղ արդեն լուսավոր ներկան է ու ապագայի հավատը։

Քննարկում

Փորձիր նկարել Հայաստանը՝ ոգեշնչվելով բանաստեղծության վերջին հատվածից։

Իսկ դո՞ւ ինչ ես հիշում Հայաստան ասելիս։

Մարտիրոս Սարյան «Հայաստան»

Ուր որ նայում եմ 

Լսիր այստեղ

 Այսպիսի բանաստեղծությունների հանդիպելիս դպրոցականներն ուրախանում են, որ կրկնվող բառեր կան, հեշտ կլինի անգիր սովորելը ու հիմնականում բովանդակության վրա կանգ չեն առնում։ Իրականում պարզ թվացող կրկնությունների մեջ բազմաթիվ ենթաշերտեր կան։

Ուր որ նայում եմ, քարե բարձունք է,

Քարե արցունք է, քարե ժպիտ,

Քարե սարսուռ է ու քարե սունկ է,

Քարե ծաղկունքի քնքշանք է բիրտ։

Արցունք, ժպիտ, սարսուռ, բիրտ քնքշանք  - այստեղ հակադիր զգացումներ ենք տեսնում, որոնք ամբողջանանալով ստեղծում են Հայաստան աշխարհի զգացմունքային արտացոլանքը բանաստեղծի հոգում։

Քարերի վրա քարե վագրեր են,

Ուր որ է պիտի պատռեն իրար։

Քարե երգեր են, քարե վանքեր են,

Քարե հավքեր են քիվերն ի վար։

Այս քառատողն անդրադարձ է մեր քանդակագործությանը։ Հոգու աչքերով ուշադիր նայիր մեր վանքերին ու ամրոցներին, և Սահյանի այս տողերը կհիշես անկախ քեզանից։

 

Արմեն Լոռենց-Հարությունյան «Քարահունջ»

Քարե մրրիկ է ու քարե բուք է,

Քարե բողոք է ու քարե բերդ,

Քարե շեփոր է, քարե թմբուկ է,

Քարե թափոր է, քարերի երթ…

 Քարե ընդվզում, քարե տանջանք է,

Քարե ավար է, առևանգում…

Քարե զարմանք է ու զարհուրանք է,

Քարե թռիչք է, քարե անկում։

Այս հատվածը թե՛ մեր պատմության, թե՛ լեռնային բնության նկարագրությունն է, որտեղ մի քանի տասնյակ կիլոմետրեր գնալով կարող ես տարվա բոլոր եղանակները տեսնել, որտեղ ահռելի բարձունքների կողքին խորախոր կիրճեր են, որոնց խորքը նայելն անգամ վախ է առաջացնում։

 

Քարե ամպրոպ է ու ծիածան է,

Քարե լծկան է ու քարե մաճ.

Քարե մագաղաթ, քարե մատյան է,

Քարե խորհուրդ է ու քարե խաչ։

Բանաստեղծն անցնում է հայի նկարագրին։ Լծկանն ու մաճը հիշեցում  են աշխատասիրության, դժվարությամբ տրվող մի կտոր հացի մասին, իսկ վերջին երկու տողը մշակույթի ու հավատի կարևորության հավաստումն է։

 

 

Արմեն Լոռենց-Հարությունյան «Ամբերդ»

Ամեն ինչ իր հունով էր գնում, ունեցանք թե՛ երկրի, թե՛ երկրի ոգու, թե նրանից ուժ առնող ու նրան նվիրված ժողովրդի նկարագիրը, բայց Սահյանը Սահյան չէր լինի, եթե անսպասելի վերջաբան չդներ։

 Սա ոչ հիացմունք է, ոչ զգացմունք, ոչ նկարագրություն, սա հրաբխի ժայթքում է, երկար պահված բողոք, որ ասես պայթում է բանաստեղծի հոգուց։

Մեր բաժին աստված, քո սիրտն էլ քար էր,

Որ մեզ քարերը տվիր նվեր,

Բայց քո կյանքը կարճ, մերը երկար էր,

Ու երկարում է քարերն ի վեր։

Վերջին երկտողում առկա է նաև ապագայի հավատը։

 

Քննարկում

Նայիր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հաղորդման այս հատվածը, որը կապ ունի Համո Սահյանի ստեղծագործության հետ։

Փորձիր կռահել պատասխանը, մինչ ճիշտ պատասխանը լսելը։

ԻՄ քարափներն ու ես

Լսիր այստեղ

«Իմ քարափներն ու ես»  բանաստեղծությունն ընդգրկված է Սահյանի վերջին՝ «Ինձ բացակա չդնեք» ժողովածուում։

Սահյանի ամենացնցող բանաստեղծություններից է։ Այն բանաստեղծի հրաժեշտն է, որով նա կանխազգում է իր հավերժ ներկայությունը։ Բայց այն ուղղված է ոչ թե մարդկանց, այլ իր սիրելի խորհրդանիշներին՝ քարափներին։ Գրականագետ Հայկ Համբարձումյանը գրում է․ «Բանաստեղծը հեռանում է, սակայն ոչ թե խառնվում է մայր հողին, ինչպես պապը, այլ դառնում մշտապես կանգուն ու մշտապես երթի մեջ գտնվող քարափների մասը: Վերածվում է յուրօրինակ քարե պատարագի, որի քրիստոնեական խորհուրդը հաղորդության միջոցով արարչի հետ հաղորդակցումն է»:

Այս բանաստեղծությամբ Սահյանը ամփոփում է իր անցած ուղին, որը յուրօրինակ մաքրագործման ճանապարհ էր, մարդու մեջ ՄԱՐԴՈՒՆ, ԱՐԱՐՉԻՆ արթնացնելու ճանապարհ։ Դիմելով քարափներին՝ բանաստեղծը գրում է․

․․․Ձեր պնդության պաշարով
Դուք աշխարհներ կսնեք,
Իմ մեղմության պատճառով
Ինձ բացակա չդնեք:


Ես եմ՝ քարե պատարագ
Ձեզնից սերված, ընդունեք,
Դուք, ձեր կամքին հակառակ,
Ինձ բացակա չդնեք:


Ոչ խոստումներ, ոչ երդում,
Չսպասեք ու չքննեք…
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք:

Արմեն Հարությունյան-Լոռենցի նկարներից

Մասրենի

Լսիր այստեղ

Մասրենու խորհրդանշանը Սահյանի տարբեր բանաստեղծություններում է հանդիպում։ «Մասրենի» վերնագրված բանաստեղծությունը նվիրված է Մարտիրոս Սարյանին։

Դիմենք Համո Սահյանի օգնությանը՝ ամեն ինչ հասկանալու համար․ «Մասրենին իմ երկրի կերպարն է:
Ոչինչ չի ուզում, երաշտ տարին էլ լավ պտուղ է տալիս, մի քանի անգամ ծաղկում՝ կանաչում է, սպիտակում, դեղնում, կարմրում… Խեղճ, բաշխող, բայց և փշեր ունի:
Օտարն ինձ պիտի ճանաչի մասրենու թփով՝ ժայռի մեջ խրված: Ամենալավ բույրն ունի, գույնն ունի, պտուղն ունի: Արմատը խոր, պիրկ, ամուր, հապա փորձիր պոկել…
Մասրենին ինքը չգիտե, որ այդքան բուժիչ է, այդքան գեղեցիկ, այդքան պիտանի: Մասրենին չգիտե և չէր էլ կարող իմանալ, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այնքան բնորոշ է մեր ազգին:
Դա մենք պիտի իմանանք և ներկայացնենք այլոց էլ:
Մասրենին Թումանյանի ժայռի արժեքն ունի…
Մասրենու էությամբ պիտի նաև ինքներս մեզ ճանաչենք
»:

Մի ուրիշ անգամ էլ ասում է․ «Մասրենին ես եմ»։


 

Մարտիրոս Սարյան «ժպտուն ժայռեր»

Կախվել է ժայռը անդունդի վրա

Եվ դարեր այդպես կախված է մնում,

Ջրերի մեջ են ոտքերը նրա,

Իսկ գլխին հոգնած ամպերն են քնում:

Կախվել է ժայռը, կորընթաց իջել,

Ժամանակների ջանքերով անմեկին,

Երկնքի և խոր անդունդի միջև

Դարձել քարեղեն ուրույն մի երկինք:

Եվ այդ քարեղեն երկնքի միջից

Մասրի մի թուփ է գլխի վայր բուսել,

Որ դալարել է երկնքի շնչից,

Բայց ոչ մի անգամ երկինք չի տեսել․․․

․․․․Չի զիջել նա իր արմատը վերջին

Արհավիրքների զարկին անխնա,

Ճոճվել է անգամ ճնճղուկի շնչից,

Բայց հողմի շնչին դիմացել է նա: