Գ․ Զոհրապին ժամանակակիցներն անվանում էին ոսկեբերան, նոր սերնդի հանդուգն ու հզոր առաջապահը, երկաթե նկարագրով խիզախ գրող, քայլող միջնաբերդ, նրա խոսքն անվանել են «հանճարի անձրևներ»։
Գ․ Զոհրապը իրավամբ համարվել է նորավեպի իշխան (նորավեպը կամ նովելը նման է պատմվածքին, որի գործողությունները համեմատաբար արագ են զարգանում և ունենում է անսպասելի ավարտ)։ Նրա ստեղծագործությունները դրվել են համաշխարհային գրականության արժեքների կողքին։
Զոհրապը ազգասեր ու մարդասեր հանրային գործիչ էր, պատգամավոր, որն իր ուսերին էր առել արևմտահայության հոգսերը ու պայքարում էր հանուն նրանց իրավունքների։ Նրա ամբողջ կյանքը պայքար էր։ Նա մաքառում էր կեղծիքների, այն ամենի դեմ, որոնք քանդում էին ընտանիքի և հանրության հիմքը։
Զոհրապը նմանը չունեցող, հզոր ու հանդուգն խոսքով փաստաբան էր։
Զոհրապը առաջին հայացքից չնկատվող մանրուքներն էր դարձնում նովելների նյութ և դրանց միջոցով բացահայտում մեծն ու կարևորը։
Զոհրապը հոգեբան գրող է, նա կարողանում է մարդու հոգում պեղել նրբագույն երանգներ, զարգացումներ։ Նրբությունն ու նրբազգացությունը նա զուգակցում է իմաստուն հայացքին, ջերմությանը։
Նա իրապաշտ հեղինակ էր, կարծում էր, որ գրականությունը պետք է ներկայացնի կյանքը այնպես, ինչպես որ կա։
Լավագույն նովելներն են՝
«Ճիտին պարտքը», «Կարծեմ թե», «Այրին», «Զաբուղոն», «Երջանիկ մահ», «Ռեհան», «Առջի սեր, առջի բարի» և այլն։
Հրատարակել է նովելների երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Խղճմտանքի ձայներ», «Լուռ ցավեր»։
«Գրականությունը և արվեստը ամեն վայրկյան կը նորոգեն ու կը վերաշինեն այս աշխարհը»։
Գրիգոր Զոհրապ
Գ․ Զոհրապին նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան