Իր կյանքն ու գրականությունը ընդունված կարգերու, պայմանադրական ըմբռնումներու, կոխկրտված ճամբարներու դեմ ընդվզում մըն էր։ Անիկա մաքառող մըն էր այն կեղծիքներու դեմ, որոնք զմեզ կը շրջապատեն․․․
Զոհրապը կարելի է համարել թրքահայերուն Մոպասանը։ Անոր նման հայ գրողն ալ գիտե դնել իր պատմվածքներուն մեջ սրամտություն և գրավիչ հեգնություն, անոր նման Զոհրապի պատմելու ձևն ալ հմայիչ է, սեղմ, անսեթևեթ, և լեզուն՝ կենդանի ու պատկերալից․․․․
Սիրում էր հայերեն բառերի օվկիանոսը և շատ հաճախ էր ձեռքը առնում «սիրելի բառգիրքը» (բառարանը)։ Հայոց լեզուն նրա գրչի տակ ազնվանում էր, շողում գեղեցիկ լուսարձակումներով։
Իբրև մեպուս (պատգամավոր) Զոհրապը օսմանյան խորհրդարանին մեջ հայ մնաց և ամեն հանդիսավոր վայրկյաններուն իր ազգին դատը պաշտպանեց առանց վերապահումի․․․
Անոր անունը ձգողականություն մը ունի։ Հմայք մը կա անոր գրելակերպին մեջ։ Հմայած է ան գրողն ալ, չգրողն ալ, բարոյամոլն ալ, հինն ալ, նորն ալ հավասարապես․․․
Զոհրապի նորավեպերը մեծ մասամբ հոգեբանական էտյուդներ են․․․․ Նրա գեղարվեստական ջանքերը ուղղված են դրանց հիմնավորումներին՝ զուտ մարդկային, զգացական և բանական տեսակետից։
Իր գրականությունն ալ երկու բառի մեջ կարելի է ամփոփել՝ խիզախ և սաստիկ։ Սաստիկ՝ լախտի կամ տապարի իջնող հարվածի մը պես։ Երբ գրիչը ձեռք կառնե, ալ ետին, առջին չի նայեր։
Խիզախ՝ իր ոճը, այո, և ոչ միայն իր ոճը, այլ բովանդակ կյանքը․․․
Ամբողջ 20 տարի անիկա արևմտահայ գրականության մեջ պտտցուց իրեն զիջված տիտղոս մը՝ արժանավոր լրջությամբ և արդյունքով։ Զայն անվանեցին նորավեպի իշխանը, երբ ողջ էր։
Ան ինչ որ ըրած է, հզորապես ըրած է, եղած է կյանքի ուժեղ վայելող, ուժեղ փաստաբան, ուժեղ հանրային գործիչ, բայց իր գործունեության ձևերեն այն զոր ամենեն հրայրքով, հեշտանքով կկատարեր, գրականությունն էր։
․․․Քսաներորդ դարու այս նահատակը, եթե Քրիստոսի ժամանակ ապրեր, առաքյալներեն մին պիտի ըլլար։
© 2022 Հենք: Բոլոր իրավունքները պաշտպանված են: