Հետաքրքիր պատմություններ

Կինը սիրուց դուրս գոյություն չունի․․․

 

Մի անգամ գրական երեկույթի ժամանակ Գ․ Զոհրապին հարցնում են․

-Ի՞նչ է կինը առանձին և սիրո մեջ։

Զոհրապը պատասխանում է․

-Ի՞նչ է զերոն առանց թվանշան, բաժակը առանց ըմպելիք, երաժշտությունը առանց արվեստագետին։ Կինը սերեն դուրս գոյություն չունի և կկարծեմ, որ ինքն ալ չի փափագիր ունենալ։ Սերը իր տարրն է․․․

Ըստ Նարինե Թուխիկյանի «Խոստովանություն» հաղորդաշարի

 

Նորավեպի իշխանի ընտանիքը

 

Զոհրապի «Անհետացած սերունդ մը» վեպը նվիրված է նրա առաջին սիրուն Մաթիլդին, որին սիրել էր 21 տարեկանում, բայց մերժվել։ 

 

Կլարայի հետ Գրիգոր Զոհրապը ծանոթացավ, երբ 24 տարեկան էր։ Երեք տարի անց նրանք ամուսնացան։ Զոհրապը հոգատար ու շռայլ ամուսին էր։ Նրանց ջերմ հարաբերությունները երևում են նամակներում, որոնք մեծ նովելագիրը ուղարկել է տարբեր երկրներում ճամփորդելիս։

Նրանք միասին ապրեցին 27 տարի, ունեցան 4 զավակ՝ Դոլորեսը, Հերմինեն, Լևոնը և Արամը։

«Մեկ հատիկ, անուշիկ, չի գտնված գանձ», «հոգիս»,  «կոնֆետի պես քաղցր», «Քո իմ-ը համբուրում է քեզ» այսպիսի քնքուշ բառերով լի էին Զոհրապի նամակները։ Զոհրապը մի առիթով գրել էր, որ կնոջ սիրտը նավահանգիստ է, որտեղ ապաստանում է տղամարդը աշխարհի փոթորիկներից։ Այդպիսի սրտի տեր էր Կլարան։ Իսկ Զոհրապը առանձնահատուկ հաճույքով էր Փարիզի նորաձևության կենտրոններում արդուզարդ պատվիրում կնոջ ու դուստրերի համար։ Զոհրապը ծագած խնդիրները հումորով ու քնքշությամբ էր հարթում։ Իսկ գլխավոր խնդիրն իր «քիչ մը» կնամոլ լինելն էր, ինչպես հումորային նամակներից մեկում խոստովանել է նա։

 

Կլարա Զոհրապը

 Խոնարհում․․․

 

Մի անգամ լեռնային ամառանոցի ճանապարհին Զոհրապը տեսնում է Պետրոս Դուրյանի ծեր մորն ու եղբորը։ Նրանք մերժում էին լեռան գագաթի հանգստավետ վայրերը հրավիրողներին, քանի որ Արուսյակ մայրիկն այդքան չէր կարող քայլել։ Այդ ժամանակ Զոհրապը գրկում է Դուրյանի 80-ամյա մորը և նրան տիրամայր անվանելով՝ թեթևաքայլ բարձրացնում է լեռը։ Միասին բնության գրկում հաց են ուտում, Զոհրապը երեխայի պես կերակրում է Դուրյանի մորը։

Վերադարձին Արուսյակ մայրիկը արցունքոտ հայացքն ուղղում է գերեզմանատանը, որտեղ թաղված էր իր վաղամեռիկ որդին և ասում․

-Գրիգո՛ր Էֆենդիս*, պետք չէ՞ր որ Պետրոսս ալ վայելեր կյանքը։

Զոհրապը պատասխանում է․

-Թանկագին մայր Արուսյակ, մահը ամենքնուս է (ամենքինը), իսկ անմահությունը շատ քչերին է տրված․․․

 

*Էֆենդի- Թուրքիայում ընդունված հարգալից դիմելաձև է, համարժեք է պարոն-ին։

 

Ըստ դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանի հուշերի

Երբ միայն անունն ասում է ամեն ինչ։

 

Հայտնի փաստաբան, խորհրդարանի պատգամավոր Գ․ Զոհրապը սիրված էր Օսմանյան կայսրության տարբեր ազգերի ժողովուրդների կողմից ու մեծ ճանաչում ուներ, նույնիսկ թուրք պատգամավորներն էին նրա օգնությանը դիմում․ սա շարժում էր շատերի նախանձը։

1909 թ․ սուլթան Համիդի կողմնակիցները հարձակվում են թուրքական խորհրդարանի վրա, հնչում են կրակոցներ, սպանվում են պատգամավորներ։ Մի զինվոր հրացանն ուղղում է Զոհրապին, որը համարձակ ասում է․ «Ես Զոհրապն եմ, ինչ կուզես ինձմե»։ Կատաղած զինվորը սթափվում ու ներողություն է խնդրում․ «Անցեք էֆենդիս, դուք ընտիր մարդ եք․․․»,- Զոհրապը դիակները մի կերպ շրջանցելով նետվում է իր կառքն ու փրկվում։

 

Ըստ Աղավնի Մեսրոպյանի հուշերի

 

***

Կանխազգացում

 

Այն, որ Զոհրապը կռահում էր, թե ինչ ողբերգություն է լինելու, ցույց է տալիս մեր մեծ գրողներից մեկի՝ Կոստան Զարյանի այս հուշը։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուց հետո Զարյանը տեսնում է Զորհապին սրճարանում մենակ նստած, տխուր-տխուր աչքերով։ Խոսում են քաղաքական վիճակից, Զարյանն ասում է, որ շատերը հույսեր են կապում պատերազմի հետ․ ռուսները կհաղթեն, հայ ժողովուրդը կազատվի թուրքական լծից։

Զոհրապը պատասխանում է․

-Դուք տաճիկները (թուրքերին) չեք ճանչնար․․․Ես մոտեն կդիտեմ ամեն բան․․․ Կըսեմ ձեզի․ ինձ համար այլևս կասկած չկա, որ այս անգամ անոնք վերջ պիտի տան թե՛ մեր հարցին, թե՛ մեզի․․․

 



 

Զոհրապը որդու՝ Արամի հետ։

 

 

Զոհրապը իր փաստաբանական ու պատգամավորական գործունեությամբ  կարողանում էր հարկադրել  թուրք պաշտոնյաներին հարգելու իրենց իսկ օրենքները: Այդ նպատակով  է նա մնում ու շարունակում պատգամավորական գործունեությունը, որի նպատակը ազգային փոքրամասնությունների տարրական իրավունքների պաշտպանությունն էր:
Մեծ ազգասերը գերագույն ճիգերով փորձում էր կանխել  գալիք աղետը։

 

***

 

Մի մոռացեք հոգու ու մտքի քաղցր սնունդի մասին։

 

Զոհրապը մեծ բարեգործ էր։ Որտեղ մի լավ նախաձեռնություն էր լինում, հրավիրում էին նրան․ գիտեին, որ դատարկաձեռն չի գնալու։ Թատրոն, դպրոց․․․ ոչինչ չէր վրիպում նրա աչքից․ օգնում էր կամ օգնելու տարբերակ գտնում։

Մի անգամ Նոր տարվա առթիվ Էսայան վարժարան է ուղարկում գրքերով լի արկղ՝ հետևյալ գրությամբ․ «Սիրելի աշակերտներ․․․ Նոր տարվան «անուշ-ապուրին» հետ մի մոռնաք ձեր մտքին ու հոգվույն քաղցր սնունդը՝ ընթերցումը»։

 

Զոհրապը բարձր էր գնահատում Կոմիտասին, աջակցում։ «Մինչև կյանքիս վերջը քու դեմդ ելած խոչընդոտներուն դեմ պայքարելու ուժ ունիմ»,- գրել է նա Կոմիտասին։

 


 

Դավադրություն

 

Այն օրը, երբ ձերբակալում են Զոհրապի ընկերներին, իրիկնադեմին նա գնում է թրքական ներքին գործերի նախարար Թալեաթ բեյի մոտ, որի մտերիմ բարեկամն է եղել: Նա՝ որպես պառլամենտի անդամ, Թալեաթ բեյից բացատրություն է պահանջում։ Տեղի է ունենում բուռն վիճաբանություն: Թալեաթը խուսափում է Զոհրապի հարցերին պատասխան տալուց:

-Մի՛ մոռանաք, բե՛յ, որ Դուք կարող եք պատասխանատվության ենթարկվել,- գոչում է Զոհրապը զայրացած։

-Հետաքրքրական է, ո՞վ կարող է ինձ պատասխանատվության ենթարկել,- հարցնում է Թալեաթը հեգնանքով:

 - Թեկուզ ես՝ որպես պառլամենտի անդամ,- պատասխանում է Զոհրապը:

Վիճաբանությունը երկար չի տևում: Զոհրապը զայրացած հեռանում է։

Այդ ժամանակ վճռվում է նրա մահը։

 

(ըստ Շիրվանզադեի)

 

 

***

Ըստ Երվանդ Օտյանի գեղարվեստական հուշի՝ իր ձերբակալությանը նախորդող երեկոն Գ․ Զոհրապն անցկացնում է ակումբում, որտեղ նրան ընկերակցում էին Թալեաթ փաշան և Հալիլ բեյը: Կեսգիշերին, երբ նա վեր է կենում տուն գնալու, Թալեաթ փաշան անսպասելի մոտենում է Զոհրապին ու համբուրում նրա այտը…

Հետո պիտի պարզվեր, որ դա Հուդայի համբույր էր․ օրեր առաջ Թալեաթը ստորագրել էր նրան ձերբակալելու հրամանը։

 

Ո՞ւմ թողնեմ անգլուխ ու անտեր մնացած ժողովրդիս․․․

 

Զոհրապը բազմաթիվ հնարավորություններ է ունեցել Պոլսից հեռանալու, բայց ասում էր, որ չի կարող թողնել անգլուխ մնացած ժողովրդին, որ մեկ հոգու կյանք էլ կարողանա իր մնալով փրկել, օգուտ կլինի։ Դա էր պատճառը, որ նա շարունակում էր մնալ ու պահպանել կապը թուրքական վերախավի հետ։


Աքսորի ժամանակ նրան երբեմն հաջողվում էր կնոջը նամակ ուղարկել․ «Մի՛ հուզվիր, քա՛ջ եղիր, ես քաջ եմ, բայց հիվանդ․ պիտի ջանամ ապրելու։ Ըսե ամենուն, որ զրպարտության զոհ մըն եմ․ մարդկության պարտքն է, որ զիս ազատեն․ ես ամենուն համար աշխատած եմ, թող ուրիշներն ալ ինձի համար աշխատին․․․»։

Գիտեր, որ ապարդյուն է օգնության դիմելը, ձերբակալության պահին կնոջը պատվիրել էր որևէ մեկին չդիմել։ Բայց երբեմն հույսն արթնանում էր։ Ի վերջո փաստաբան էր, ամեն միջոց պիտի գործադրեր ու չհանձնվեր։

Աքսորի ճանապարհին գրում է նաև իր կտակը․ «Հիմակ, սիրական կինս, ալ վերջին վարագույրը կսկսի մեզի համար․․․ Ավելի գրելու ույժ չունիմ, թե որ ողջ չի մնամ, զավակներուս վերջին պատվերս ու կտակս է , որ միշտ սիրով ըլլան իրարու հետ, զքեզ պաշտեն ու սիրտդ չի ցավցնեն ու ․․․ զիս ալ հիշեն։ Ահա միակ հարստությունս․ անոնց գրկին մեջ հոգիս տալ, ինչ երանություն, չեմ գիտեր, թե Աստված այդ բաղձանքս կկատարե՞»։

(Հիմա վերջին վարագույրն է բացվում մեզ համար․․․ Ավելին գրելու ուժ չունեմ, եթե ողջ մնամ, պատվերն ու կտակս է, որ միշտ սիրով լինեն իրար հետ, քեզ էլ պաշտեն ու սիրտդ չցավեցնեն ու․․․ ինձ էլ հիշեն։ Ահա միակ հարստությունս․ ինչ երանություն կլիներ նրանց գրկում հոգիս տալը, բայց չգիտեմ՝ Աստված այդ բաղձանքս կկատարի՞)։

Ո՞ւմ համար ապրել․․․

 

Աքսորի ճանապարհին մի խումբ հայորդիներ երկու անգամ փորձում են սիրելի գործչին փրկել։ Նրանցից մեկին Զոհրապն ասում է․ «Որո՞ւ համար պիտի ապրիմ․ եթե պիտի մեռնի ժողովուրդս, ես ալ պետք է մեռնիմ»։

Երկրորդ անգամ Զոհրապին փրկելու փորձ են անում Եդեսիա քաղաքում՝ բանտի ծխնելույզով գնալով նրա մոտ։ Նա կրկին մերժում է՝ ասելով, որ իր փախուստի վրեժը թուրքերը մյուս տարագիրներից կարող են լուծել։