Ընդհանուր բնութագիր

«Հայ հանճարը կարողացել է ․․․ հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել Աստծո հետ երես առ երես։
Այստեղ արդեն հայի լեզուն չէ, որ խոսում է, բերանը չէ, որ պատմում է, կրակված սիրտն է, որ այրվում է երկիրը բռնած, տանջված հոգին, որ մռնչում է մինչև երկինք»։
 

Հովհաննես Թումանյան

Գրիգոր Նարեկացին միջնադարյան հանճարեղ բանաստեղծ է,  աստվածաբան,  երաժիշտ, հոգևորական։ 

Գրիգոր Նարեկացին անվերջանալի մեծություն է, ինչպես տիեզերքը, նրա մասին ինչ էլ խոսենք, միշտ թերի է լինելու։ 

 «Մատյան ողբերգության» պոեմը ոչ միայն հայ, այլև համաշխարհային գրականության գլուխգործոցներից է։

«Նարեկացին սյուն է, որը Շեքսպիրի, Դանթեի, Հոմերոսի նման երկինք է պահում», - ասել է լիտվացի մեծ բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը։

Օտարները Նարեկացու ստեղծագործությանը ծանոթանալիս զարմանք և հիացմունք են ապրում, որ իտալական Վերածննդից դարեր առաջ՝ 10-րդ դարում, Հայաստանում նման բանաստեղծ է եղել։ Որովհետև Նարեկացին դեռ Դանթե Ալիգիերիից 250 տարի առաջ հաղթահարել է միջնադարյան գրականության անկենդանությունն ու վերածնունդ ներարկել իր ստեղծագործությունների մեջ։

Նարեկացին հայ առաջին մեծ բանաստեղծն է:

Առաջին բանաստեղծն է, որն իր այլաբանական տաղերում բնության թրթռուն գեղեցկությունը դարձրեց բանաստեղծության նյութ («Տաղ վարդավառի»)՝ սկիզբ դնելով հայկական Վերածննդին։

Առաջին բանաստեղծն է, որի այլաբանական տաղերում կարելի է տեսնել մարդու արտաքին գեղեցկության, աշխատանքի վառ նկարագիր («Հարություն», «Մեղեդի ծննդյան»)․․․

Առաջինն ու միակն է, որ կարողացել է ողջ մարդկության անունից զրույց սկսել Աստծու հետ, հասնել ու ձուլվել նրա արարչագործ էությանը («Մատյան ողբերգության» պոեմ)։

Առաջինն ու միակն է, որի ստեղծագործությունը սրբացրել է ժողովուրդը ու մինչև օրս էլ հավատում է, որ այն բժշկող զորություն ունի («Մատյան ողբերգության» պոեմ)։

Հրաչյա Ռուխկյան «Գր․ Նարեկացու դիմանկարը»

«Նա նման է հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, այնքան մոտենում է ինքը և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս ու անմատույց․․․ 

․․․․Նրա ծննդից անցել է 1000 ու 20 տարի, այդ ընթացքում նրան երկնած ժողովուրդը ծնել է 20 մեծ բանաստեղծ, բայց առ այսօր վերստին նույն ինքն է մեծերի մեջ մեծագույնը»։

Պարույր Սևակ

Նարեկացուն նվիրված բաժնի գրական խորհրդատու՝ Լուսինե Զաքարյան